Կաթողիկոսն այցելեց արյունաբանական կենտրոնում բուժվող մանուկներին
Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելեց Ռ. Յոլյանի արյունաբանական կենտրոնում բուժվող մանուկներին:
Հունվարի 5-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը այցելեց ՀՀ ԱՆ Ռ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն՝ Ս. Ծննդյան տոնի առիթով իր շնորհավորանքներն ու օրհնությունը բերելու կենտրոնում բուժվող մանուկներին։
Վեհափառ Հայրապետին ուղեկցում էին Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու հոգևոր տեսուչ Գերաշնորհ Տ. Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը, Մայր Աթոռի Սոցիալական ծառայությունների գրասենյակի տնօրեն Արժանապատիվ Տ. Մարկոս քահանա Մանգասարյանը և կենտրոնի այցելու հովիվ, Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր սպասավոր Արժանապատիվ Տ. Առնակ քահանա Հարությունյանը։
Ամենայն Հայոց Հայրապետին մուտքի մոտ դիմավորեցին կենտրոնի տնօրեն բ.գ.դ., պրոֆեսոր Սմբատ Դաղբաշյանը և կենտրոնի ղեկավար կազմը։ Նորին Սրբությունը պրոֆեսոր Ս. Դաղբաշյանի ուղեկցությամբ շրջայց կատարեց Արյունաբանական կենտրոնում, ծանոթացավ կենտրոնի պայմաններին և արդիական սարքավորումներով հագեցվածությանը։
Այնուհետև Վեհափառ Հայրապետն այցելեց մանկական խաղասենյակում հավաքված մանուկներին և նրանց ծնողներին՝ շնորհավորելով Նոր Տարվա և մեր Տիրոջ Սուրբ Ծննդյան հուսանորոգ տոների առիթով։ Գարեգին Բ Կաթողիկոսը, խոսելով Սուրբ Ծննդյան խորհրդի մասին, ընդգծեց, որ Աստված իր սերը և առատ շնորհները բոլորին է բաշխում ըստ իրենց կարիքների՝ պայծառակերպելով ամենքի կյանքը։ Վեհափառը հորդորեց փոքրիկներին այդ հավատով ու հույսով լցվել և մաղթեց շուտափույթ ապաքինվելով՝ վերադառնալ իրենց բնականոն կյանքին։
Կենտրոնի տնօրենն իր հերթին շնորհակալություն հայտնեց Ամենայն Հայոց Հայրապետին այցի առիթով՝ կարևորելով Եկեղեցու և կենտրոնի միջև ձևավորված գործակցությունը և պարբերաբար ցուցաբերվող աջակցությունը։ Պրոֆեսոր Ս. Դաղբաշյանը ընդգծեց այցելող հոգևորականների օգտակար ծառայությունը և բարերար ազդեցությունը կենտրոնում բուժում ստացող մանուկների կյանքի վրա։
Վերջում Գարեգին Բ Կաթողիկոսը զրույց ունեցավ բժիշկների հետ։ Վեհափառ Հայրապետը բարձր գնահատեց նրանց նվիրյալ ծառայությունը և շնորհակալություն հայտնեց մանուկների նկատմամբ ցուցաբերվող հոգատարության համար։ Նորին Սրբությունը կենտրոնի տնօրինությանը և բժշկական անձնակազմին մաղթեց Աստծո զորակցությունն իրենց դժվարին առաքելության մեջ։
Տոնի առիթով Ամենայն Հայոց Կաթողիկոսը մանուկներին ընծայեց խաչեր, Մանկական Աստվածաշնչեր և այլ նվերներ՝ Մայր Աթոռի կողմից նյութական աջակցություն ցուցաբերելով նաև նրանց ընտանիքներին։