«Ես ցանկանում եմ, որ 2018 թվականն իր բնութագրիչներով նմանվի 1988 թվականին». Գառնիկ Իսագուլյան

«2017 թվականին Հայաստանի Հանրապետությունում արձանագրված հաջողությունների մասով կարելի է առանձնացնել 3 հիմնական ձեռքբերում»,- 168.am-ի հետ զրույցում ամփոփելով տարին՝ ասաց Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու Գառնիկ Իսագուլյանը:

Նրա խոսքով՝ ՀՀ-ի այդ 3 հիմնական ձեռքբերումներն են՝ ներքաղաքական կյանքում Սահմանադրության փոփոխությունից հետո նոր Ազգային ժողովի ձևավորումը՝ առանց հետընտրական ցնցումների և վայրիվերումների, ԵՄ-ի հետ նոր համաձայնագրի ստորագրումը և ի սկզբանե առաջ քաշված «և՛-և՛»-ի քաղաքականության հաջողության արձանագրումը, Արցախյան հիմնախնդրի կարգավորման հարցում համաշխարհային հանրության և համանախագահող երկրների դիրքորոշման տեղաշարժը դեպի հայկական կողմի առաջ քաշած տեսակետների ամրապնդում.

«Բացթողումների վերաբերյալ կարող ենք փաստել, որ տնտեսական աճի տեմպերը դեռևս չեն ապահովում սոցիալական այնպիսի իրավիճակի ամրապնդում, որը կապահովեր աղքատության իսպառ վերացում և արտագաղթը ներգաղթի վերածելու իրական գործընթաց»:

Գ. Իսագուլյանը նկատեց, որ Արցախի հարցի մասին խոսելիս՝ պետք է տարբերակել երկու մոտեցում. «1-ին՝ դա արտաքին ճակատում ձեռք բերած հաջողություններն են, և 2-րդ՝ ներքին ճակատում արձանագրած հաջողությունները: Արտաքին ճակատում, դիտարկելով համանախագահող երկրների առանձին-առանձին և միասնաբար արված հայտարարությունները, պարզորոշ զգացվում է դրական տեղաշարժը, միաժամանակ՝ ապրիլյան պատերազմից հետո այս տարի ամենաբարձր մակարդակում վերսկսվեց նաև երկխոսությունը: Սրանք ամենաակնառու ձեռքբերումներն են: Ինչ վերաբերում է ներքին ճակատին, ապա, եթե միայն նշենք տնտեսական երկնիշ աճը, բավական է մյուս հաջողությունների մասին արդեն իսկ պատկերացում կազմելու համար. այն է՝ ռազմական, սոցիալական, դեմոգրաֆիկ, գիտակրթական, մշակութային, ենթակառուցվածքային և այլ բնագավառներում»:

Խոսելով 2018 թվականից ունեցած ակնկալիքների մասին՝ Գ. Իսագուլյանը նշեց, որ 2018 թվականը մեզ համար նշանակալից տարի է այն առումով, որ լրանում է Արցախյան շարժման 30-ամյակը, և մենք 1988 թվականի համեմատ՝ թևակոխում ենք մի շրջան, որը բնորոշվում է՝ որպես ավագ սերնդից նոր սերնդին ժառանգությունը փոխանցելու ժամանակաշրջան.

«Գուցե մի քիչ անհամեստ հնչի, բայց մեր՝ ավագ սերունդը՝ իր բոլոր թերություններով հանդերձ, իր առջև դրված առաքելությունն ինչ-որ առումով կատարել է, և դա՝ շնորհիվ 1988 թվականի միասնականության և ընդհանրական խնդրի համար պայքարի: Ես ցանկանում եմ, որ 2018 թվականն իր բնութագրիչներով նմանվի 1988 թվականին, այն է՝ դրսևորի միասնականություն և շարունակի ընդհանրական դեռևս անփոփոխ խնդրի իրականացումը՝ ավելի բարձր չափանիշերով:

Ամենակարևորը մեր միասնականությունն է, պաշտպանության ու անվտանգության ոլորտում առկա խնդիրների շուտափույթ և անթերի լուծումը, որոնք կբացառեն ցանկացած անկանխատեսելի զարգացում շփման գծում: Այս պարագայում, հավատացեք, որ Արցախյան հիմնախնդրի կարգավորման առումով բոլոր զարգացումները կլինեն ի նպաստ Արցախի դե ֆակտո անկախությանը, դե յուրե ճանաչմանը»:

Տեսանյութեր

Լրահոս