«2017 թվականը բոլոր առումներով դարձավ հայկական քաղաքական ընդդիմության կրախի տարի». Արման Մելիքյան

«Չեմ ուզում խոսել առանձին քաղաքական իրադարձությունների մասին` կարող եմ ասել միայն, որ, ընդհանուր առմամբ, Հայաստանի և Արցախի իշխանական վերնախավերը կարողացան ամրապնդել իրենց դիրքերը և փոշիացնելով` ջլատել ու չեզոքացնել հասարակության մեջ հասունացող դժգոհությունը բողոքի ակտիվ գործողությունների վերածելու ներուժը»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ԼՂՀ արտաքին գործերի նախկին նախարար, քաղաքագետ Արման Մելիքյանը՝ ամփոփելով 2017 թվականը:

Նրա խոսքով՝ 2017 թվականը բոլոր առումներով դարձավ հայկական քաղաքական ընդդիմության կրախի տարի.

«Հավանաբար հենց քաղաքական ասպարեզում պայքարի անիմաստ և անարդյունավետ լինելու վերաբերյալ այս կերպ ձևավորված համոզմունքն առանձին խմբերի դրդեց լրջորեն մտածել իշխանությունը ուժային ճանապարհով տապալելուն ուղղված գործողություններ նախապատրաստելու մասին: Եվ քանի դեռ Հայաստանի կառավարման համակարգի որակն այնպիսին է, ինչպիսին կա այսօր, այս տրամադրությունները կշարունակեն խորանալ և անգամ կողջունվեն մեր հասարակության զգալի մասի կողմից:

Դրանից խուսափելու համար իշխանական վերնախավը, բացի ուժային լծակներ կիրառելուց, պետք է կարողանա հասարակությանը դրական, իրապես հուսադրող լիցքեր հաղորդել: Թերևս, 2016 թվականին պարոն Կարապետյանի վարչապետի պաշտոնում նշանակվելն այս նպատակն էր նաև հետապնդում, սակայն այն տպավորությունն ունեցա, որ իր հետ կապվող պոզիտիվի սպասումը հասարակության համար մաշվեց-սպառվեց 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ընթացքում»:

Ա. Մելիքյանը նկատեց, որ կառավարման ոլորտում երկրին անհրաժեշտ են արմատապես նոր մոտեցումներ, և այդ մոտեցումները պետք է ներկայացված լինեն նոր դեմքերով. «Բայց այս պահին ես համապատասխան գաղափարական և կադրային ներուժի լրջագույն պակաս եմ տեսնում: Նույնը նաև Արցախին է վերաբերում: Չեմ ուզում այն տպավորությունը ստեղծել, որ ոչ մի դրական բան չեմ տեսնում, բայց առավել կարևոր է այս պահի համար ֆիքսել մեր հասարակական-քաղաքական կյանքի հիմնական միտումը, որը, ըստ իս, դրական համարվել չի կարող»:

Տեսանյութեր

Լրահոս