Տավուշի դիրքերն Ալիևին հանձնողները Տավուշը զարգացնելու այլ տարբերակ են մտածել
Տավուշի մարզն անվտանգ պահող և տասնամյակներ շարունակ հայկական զինուժի վերահսկողության տակ գտնվող դիրքերն Ալիևին նվիրած Նիկոլ Փաշինյանը հիմա էլ որոշել է հայկական դիրքերի հանձնմանը զուգահեռ՝ Տավուշում զարկ տալ տուրիզմի զարգացմանը։
Այդ նպատակով որոշել են ասֆալտապատել ադրբեջանցի զինվորների ուղիղ նշանառության տակ գտնվող տավուշյան դաշտեր տանող գրունտային ճանապարհները։
Կառավարությունն այս նպատակով ընդունել է նախագիծ, ըստ որի՝ հաշվի առնելով 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում Հայաստանը ներկայացնող Նիկոլ Փաշինյանի խոստումները, անհրաժեշտություն է առաջացել պետական բյուջեից հատկացնել 17 միլիոն դրամ՝ ՀՀ Գեղարքունիքի, ՀՀ Լոռու, ՀՀ Կոտայքի, ՀՀ Վայոց ձորի և ՀՀ Տավուշի մարզերին՝ համապատասխանաբար՝ 3,168.0 հազ. ՀՀ դրամ, 2,930․0 հազ. ՀՀ դրամ, 2,090․0 հազ․ ՀՀ դրամ, 3,300․0 հազ․ ՀՀ դրամ, 5,886․0 հազ․ ՀՀ դրամ՝ դեպի «Ալպյան» մարգագետիններ (դաշտավայրեր, արոտավայրեր և խոտհարքներ) տանող գրունտային ճանապարհների կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի և փորձաքննության ծառայությունների ձեռքբերման համար։
Տավուշի անվտանգությունը խաթարած ՀՀ Կառավարությունն այս նախագծի արդյունքում ակնկալում է՝ լրացուցիչ եկամուտներ ապահովել «Ալպիական» մարգագետիններին, ազգային պարկերին, ինչպես նաև զարգացնել պատմամշակութային, ուսումնական ու գիտաճանաչողական (հնագիտական, երկրաբանական), էկոլոգիական, էթնոգրաֆիկ և տուրիզմի այլ ձևերը։
Թե ինչպես է Կառավարությունն այս ամենը պատկերացնում, երբ իրենց որոշումների հետևանքով Տավուշում ապրելը դառնում է այլևս խիստ վտանգավոր, ընդունված որոշման մեջ որևէ պարզաբանում չկա: