Ֆրանսիայի արտգործնախարարը կայցելի Լիբանան՝ Իսրայելի հետ լարվածությունը թուլացնելու նպատակով
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեն կիրակի Լիբանան կատարելիք այցի ժամանակ մտադիր է Իսրայելի և «Հեզբոլլահի» միջև հետագա էսկալացիան և հնարավոր պատերազմը կանխելու առաջարկներ ներկայացնել, քանի որ Փարիզը փորձում է վերջնական տեսքի բերել ճանապարհային քարտեզը, որը երկու կողմերը կարող են ընդունել լարվածությունը թուլացնելու համար, հայտնում է Reuters-ը։
«Նպատակը տարածաշրջանային հակամարտությունը կանխելն է և Իսրայելի ու Լիբանանի սահմանին իրավիճակի հետագա վատթարացումից խուսափելը»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ԱԳՆ խոսնակի տեղակալ Քրիստոֆ Լեմուանը։
Ֆրանսիան պատմական կապեր ունի Լիբանանի հետ, և Ստեֆան Սեժուրնեն հանդես է եկել նախաձեռնությամբ, որի համաձայն «Հեզբոլլահի» էլիտար ստորաբաժանումը պետք է 10 կմ-ով նահանջի Իսրայելի սահմանից, իսկ Իսրայելը դադարեցնի հարձակումները հարավային Լիբանանի վրա:
Ֆրանսիայի առաջարկը, որը քննարկվել է գործընկերների, մասնավորապես ԱՄՆ-ի հետ, տեղից չի շարժվել, սակայն Փարիզը ցանկանում է պահպանել բանակցությունների դինամիկան և լիբանանցի պաշտոնյաների համար ընդգծել, որ հարավային Լիբանանում ռազմական գործողություն իրականացնելու Իսրայելի սպառնալիքները պետք է լուրջ ընդունվեն, շեշտում է լրատվամիջոցը։
Լիբանանի վարչապետ Նաջիբ Միքաթին և լիբանանյան բանակի ղեկավար Ժոզեֆ Աունն այս ամսվա սկզբին հանդիպել են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ և քննարկել ֆրանսիական առաջարկը:
Մարտին Բեյրութում Ֆրանսիայի դեսպանատանն ուղարկված նամակում Լիբանանի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ Բեյրութը կարծում է, որ ֆրանսիական նախաձեռնությունը կարևոր քայլ կլինի Լիբանանում և ամբողջ տարածաշրջանում խաղաղության և անվտանգության համար:
Տեղական լիբանանյան լրատվամիջոցները հաղորդել են, որ կառավարությունն այս առաջարկի վերաբերյալ իր մեկնաբանությունները ներկայացրել է ֆրանսիացիներին: