Ռուսաստանցիները Պուտինին տարվա մարդ են ճանաչել
Ռուսաստանցիները ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ճանաչել են տարվա քաղաքական գործիչը: Այդ մասին հայտնել են «Հասարակական կարծիք» հիմնադրամում:
Ինչպես ցույց է տվել հարցումը, դրա մասնակիցների 48 տոկոսը քաղաքական ու հասարակական գործիչների շրջանում առանձնացրել են ՌԴ նախագահին: Նրան հաջորդում են ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը (5 տոկոս), պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն եւ ՌԼԴԿ-ի ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին (4-ական տոկոս):
Գիտության, մշակույթի եւ արվեստի բնագավառում, հարցվածների 5 տոկոսի կարծիքով, տարվա մարդ է դարձել Դմիտրի Խվորոստովսկին: Ռեժիսոր Նիկիտա Միխալկովին նշել է հարցման մասնակիցների 2 տոկոսը, գրող-երգիծաբան Միխայիլ Զադոռնովին, դերասան Կոնստանտին Խաբենսկուն, դիրիժոր Վալերի Գերգիեւին եւ ռեժիսոր Կարեն Շահնազարովին՝ 1-ական տոկոսը:
18 տարեկան եւ ավելի բարձր տարիքի բնակիչների հարցումն անցկացվել է ՌԴ-ի 43 սուբյեկտների հարյուր բնակավայրերում: Դրան մասնակցել է 1500 մարդ: Վիճակագրական անճշտությունը չի գերազանցում 3,6 տոկոսը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: