«Եթե այսպես շարունակվի, ապա մի կես տարուց շանս կունենանք վերականգնել բանակցային պրոցեսը». Ստեփան Գրիգորյանը՝ Արցախի հիմնահարցի մասին

«Երբ ՀՀ իշխանություններն ասում են, որ «և-և»-ի քաղաքականություն են վարում, մեղմ ասած՝ դա չի համապատասխանում իրականությանը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց «Գլոբալիզացիայի և տարածաշրջանային հետազոտությունների վերլուծական կենտրոն» հ/կ նախագահ, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը։

Նա հիշեցրեց, որ օրեր առաջ ՀՀ կառավարությունը «Գազպրոմին» փոխանցեց այն գազային խողովակաշարը, որը կառուցվել է Իրանի կողմից, ինչը, ըստ նրա՝ «և-և» չէ. «ՀՀ-ԵՄ համաձայնագիրը տալիս է շանս, որ մենք վերադառնանք «և-և»-ի՝ և՛ էներգետիկայի ոլորտում, և՛ ավիացիայի ոլորտում, որտեղ մենք տեսնում ենք այդ մենաշնորհները։ Այդ պայմանագիրը շանս է տալիս՝ կոռուպցիայի դեմ պայքարել, մի շարք սոցիալական հարցեր լուծել, և այլն։ Ողջունում եմ, որ Հայաստանը ստորագրեց, բայց պարզ է, որ պետք է սկսենք իրականացնել, որ միայն խոսքերով չլինի «և-և»»։

Տարվա ընթացքում տեղի ունեցած երկրորդ դրական բանը, ըստ քաղաքագետի՝ Արցախի հարցում փոքր տեղաշարժն է. «Պարզ է՝ մենք միամիտ չենք, հասկանում ենք, որ Արցախի հարցի լուծում Արդբեջանի ոչ կառուցողական քաղաքականության պատճառով չի երևում ու շուտ չի լինի, բայց, այնուամենայնիվ, դրական էր, որ Ժնևում տեղի ունեցած Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումից հետո գոնե ավելի քիչ են կրակում։ Թրենդը մի փոքր փոխվում է, և, եթե այսպես շարունակվի, ապա մի կես տարուց շանս կունենանք վերականգնել բանակցային պրոցեսը»։

Ստեփան Գրիգորյանը դրական է համարում այն, որ հասարակությունը տեսնում է ԵՏՄ-ի հետ կապված բացասական արդյունքները. «Նույնիսկ կառավարությունը, նաև՝ Սերժ Սարգսյանը, ստիպված են ասել, որ Հայաստանի ոչ բոլոր սպասելիքներն է արդարացնում այդ կառույցը։ Խաղի կանոնները ԵՏՄ-ի շրջանակներում ուժեղացնում են մոնոպոլիաները Հայաստանում։

Այդ բոլոր օրինակները դուք գիտեք․ մանր առևտուրը Վրաստանի հետ սահմանափակվեց, Իրանից նավթամթերքների մուտքը Հայաստան սահմանափակվեց, հիմա էլ աջ ղեկով մեքենաների ներմուծումն է արգելվում։ Մենք տեսնում ենք, որ մեր մոնոպոլիստները շատ լավ օգտագործում են ԵՏՄ-ի մեխանիզմները՝ այս մոնոպոլիաներն էլ ավելի ուժեղացնելու համար։ Կարծես դա բացասական է, բայց ես համարում եմ շատ դրական, որ հիմա բոլորի համար պարզ է՝ ԵՏՄ-ի շրջանակներում լավ սպասելիքներ գոնե մոտ ժամանակահատվածում չեն կարող լինել, ուրեմն՝ փորձենք շտկել իրավիճակը ԵՏՄ-ի շրջանակներում»։

Տեսանյութեր

Լրահոս