«Ո՛չ Վրաստանը, ո՛չ էլ նույնիսկ Հայաստանն Աբխազիայով և Հարավային Օսիայով միջանցքներից տնտեսական օգուտներ չեն ունենա». Գելա Վասաձե
Նախօրեին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երկօրյա պաշտոնական այցով մեկնել է Վրաստան: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ այցի շրջանակներում հանրապետության նախագահը հանդիպումներ կունենա Վրաստանի բարձրագույն ղեկավարության՝ նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի, վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի, խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեի, ինչպես նաև Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդի հետ:
Հանդիպումների ընթացքում կքննարկվեն բարեկամ երկու պետությունների միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության օրակարգի առանցքային հարցեր: Նախագահ Սարգսյանը կայցելի նաև «Հովհաննես Թումանյանի տուն» գիտամշակութային կենտրոն և Սուրբ Գևորգ եկեղեցի, որտեղ հանդիպում կունենա հայկական համայնքի ներկայացուցիչների հետ:
168.am-ի հետ զրույցում վրացի քաղաքական վերլուծաբան Գելա Վասաձեն անդրադարձավ այցի փակ օրակարգին: Նա նշեց, որ ՀՀ նախագահի նախատոնական այցերը երկկողմ հարաբերություններում ավանդույթ են դարձել:
Ըստ նրա, իհարկե, բացի արարողակարգային արտահայտություններից, նմանատիպ այցերի ետևում որոշումների մի ամբողջ շարք է՝ սահմանից մինչև տնտեսական հարաբերություններ երկրների միջև, որոնցից մեկը ԵԱՏՄ անդամ է, մյուսը՝ ԵՄ առևտրային տարածքի մի մասը:
«Որոշ հարցեր կարելի է լուծել այսօր, որոշները հետաձգել առավել հարմար ժամանակահատվածի: Չնայած ամեն ինչին, մեր երկրներն ունեն համագործակցության լավ փորձ: Առավել ևս, որ այսօր մենք Վրաստանում ՀՀ նոր դեսպան ունենք, կցանկանայի նրան հաջողություն մաղթել իր աշխատանքում»,- ասաց Վասաձեն:
Անդրադառնալով Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի հայտարարությանն այն մասին, որ ֆորսմաժորային իրավիճակներում Հայաստանը կարող է օգտվել տրանսպորտային ուղիներից Աբխազիայով և Հարավային Օսիայով Ռուսաստանից ապրանքների ներկրման համար` Վասաձեն ասաց, որ իր համար ակնհայտ է, որ միջանցքների մասին որոշումը բացառապես քաղաքական է, և ոչ՝ տնտեսական:
Նրա խոսքով՝ ո՛չ Վրաստանը, ո՛չ էլ նույնիսկ Հայաստանն այդ միջանցքներից տնտեսական օգուտներ չեն ունենա: «Լարսի ճանապարհն ավելի կարճ է, քան Ցխինվալով:
Առավել ևս, դա ձեռնտու չէ Թուրքիային և Իրանին, որոնց հիշատակեց վարչապետը: Հետաքրքրությունը մաքուր քաղաքական է, և դա ռուսական քաղաքական շահ է:
Մեր հասարակությունում իրապես կարծում են, որ այդ միջանքների բացումը քայլ է Ռուսաստանի օկուպացրած տարածքները լեգիտիմացնելու օգտին: Պարզ է, որ այս հարցում Վրաստանը զիջում է Ռուսաստանի ճնշմանը, և դա գրգռում է հասարակությանը, առաջին հերթին՝ ընդդիմությանը, և՝ ոչ միայն: Այստեղ հարց է առաջանում` ի՞նչ է ստանում Վրաստանը Ռուսաստանից դրա փոխարեն: Հասարակությանն այս հարցի պատասխանը կառավարությունը չի տվել:
Բացի դրանից, չի հրապարակվել շվեյցարական ընկերության հետ պայմանագրի տեքստը, որը պետք է մաքսային վերահսկողությունն իրականացնի: Բացի այդ, ռուսական կողմը դեռ չի ստորագրել պայմանագիրը, իսկ դա նշանակում է, որ էլ ավելի շատ զիջումներ է ցանկանում ստանալ Վրաստանից: Դա գլխավոր հարցն է:
Իսկ հարցի «ֆորսմաժորային իրավիճակներ» ձևակերպումը փորձ է հասարակական կարծիքը գլխավոր հարցից շեղելու նպատակով` իսկ ինչո՞ւ ընդհանրապես բացել այդ միջանցքը: Ո՞ւմ համար, եթե ոչ՝ Ռուսաստանի, և ի՞նչ է ստանում Վրաստանը Ռուսաստանից դրա փոխարեն»,- ասաց Վասաձեն:
Նա նշեց, որ խնդիրը տարանցումը չէ, այլ այն գինը, որը Ռուսաստանը վճարում է Հարավային Կովկասում իր քաղաքական ազդեցության ընդլայնման դիմաց։
Ըստ նրա՝ եթե նման գին ընդհանրապես կա, ապա այդ գինը պետք է հրապարակավ ներկայացվի հասարակությանը: «Թեև մեկ այլ տեղեկատվություն կա այն մասին, որ վարչապետը պետք է հրաժարական տա, այնպես որ, սրանք կարող են լինել հայտարարություններ թեստային ռեժիմով: Այնպես որ, եկեք սպասենք վերջնական որոշմանը»,- ասաց Վասաձեն: