Թբիլիսիի Թանդոյանց հայկական եկեղեցու խնդրի չլուծման դեպքում վիրահայոց թեմը կդիմի դատարան
Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանն անդրադարձել է Թանդոյանց Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին վրացական ուղղափառ եկեղեցուն փոխանցելու Վրաստանի կառավարության որոշմանը: Թբիլիսիում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում Վիրահայոց թեմի առաջնորդն ընդգծեց, որ հույս ունեն մինչև դեկտեմբերի վերջ հարցը լուծել, իսկ եթե այն լուծում չստանա, խնդրի լուծմանը կհասնեն դատարանի միջոցով:
«ՀՀ նախագահի հետ խոսել են այն մասին, որ Վրաստանում հայկական պատմամշակութային ժառանգությունը պետք է պահպանվի, և մարդիկ դրա համար պատասխանատվություն պետք է կրեն: Իսկ այս հարցում մեր մոտեցումը հետևյալն է. Մենք չենք ցանկանում, որ Մայր Աթոռը և Հայաստանն այս խնդիրներին միջամտեն, որովհետև սա կդառնա միջպետական կամ միջեկեղեցական հարց, որով կթուլանա խնդիրը: Մենք համայնք ենք, մեր հարցերն այստեղ ենք լուծելու»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընգծեց վիրահայոց թեմի առաջնորդը:
Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը նշեց, որ մինչև ընթացիկ ամսվա վերջ խնդիրը լուծելու հույս ունեն, հակառակ դեպքում, դիմելու են դատարան և այդ կերպ են հասնելու խնդրի լուծմանը:
2017 թվականի հուլիսին Վրաստանի կառավարությունը վրաց պատրիարքարանին է փոխանցել 19-րդ դարում կառուցված Թբիլիսիի Թանդոյանց Սուրբ Աստվածածին եկեղեցին։ Թեմայի վերաբերյալ Վրաստանի համերաշխության և բազմազանության ինստիտուտը հոդված է ներկայացրել, որում նշվում է, որ մինչ Վրաստանի կառավարության կողմից նման որոշում կայացնելը, պետությունը չի ուսումնասիրել տաճարի պատմական ծագումը և նրա մշակութային ու դավանանքային հատկանիշները, մինչդեռ Պատրիարքարանը եկեղեցու հիմքերի վրա արդեն իսկ տարբեր տեսակի աշխատանքներ է իրականացնում։ Նշվում է եկեղեցու հայկական ծագումը և այն փաստը, որ տաճարը մինչ խորհրդային բռնազավթումը պատկանել է Հայ առաքելական եկեղեցուն հաստատում են բազմաթիվ աղբյուրներ։ Աղմաշենեբելի, 38 (նախկին Պլեխանովի.- խմբ.) հասցեում մինչ օրս էլ հայկական գրառում է պահպանվել հետևյալ բովանդակությամբ. «Այս ուսումնարանը կառուցվել է անձնական միջոցներով, թբիլիսցի այրի Կեկել Գրիգորյան-Թանդոյանցի կողմից, իր եղբայր Ալեքսանդր Գրիգորյան-Բաբասյանի աջակցությամբ, իր և այս եկեղեցին կառուցողների հոգիների փրկության համար, ովքեր հուղարկավորված են այս տաճարում ՝ Սահակ Թանդոյանցի եկեղեցում … 1883 թվական»։