«Ոչ թե կախարդական փայտիկի, այլ մուրճի հարվածի անհրաժեշտություն կա Հայաստանի տնտեսությունում»
Հարցազրույց տնտեսագետ Մեսրոպ Առաքելյանի հետ
– Պարոն Առաքելյան, Ազգային վիճակագրական ծառայությունն ամփոփել է այս տարվա 11 ամիսների ցուցանիշները և տնտեսական ակտիվության 7.3% աճ է արձանագրել։ Սա բավարա՞ր է։
– Նախորդ տարվա համեմատ՝ որոշակի ակտիվություն նկատվում է տնտեսությունում, հատկապես՝ տարվա երկրորդ կեսին, քանի որ տարվա առաջին կեսը նոր կառավարության ձևավորումից հետո միանգամից թևակոխեց ընտրական փուլ, որն իր հետ բերեց որոշակի սպասումներ, այդ ընթացքում և վերջին ամիսներին տնտեսական ակտիվությունը մի փոքր ավելին է, քան տարվա սկզբին։ Եվ, այո, վերջին տարիների համեմատ՝ 7% տնտեսական ակտիվությունը բավականին բարձր ցուցանիշ է։
Սակայն, եթե հաշվի ենք առնում, որ սա համեմատական ցուցանիշ է 2016թ. հետ, փաստն այն է, որ 2016-ը 2008-2009թթ. ֆինանսատնտեսական ճգնաժամից հետո վատթարագույն տարին էր ոչ միայն՝ տնտեսական առումով, այլև՝ ապրիլյան պատերազմ, ՊՊԾ գնդի դեպքերը և այլն, այսինքն՝ բավականին վատ ցուցանիշներ ունեինք և 0-ական տնտեսական աճ, հետևաբար, պատկերավոր ասած, այդ 0-ական դիրքից զարգացումն ավելի մեծ ցուցանիշներ է ապահովում, քան՝ ընթացիկ։
Այսինքն՝ անհրաժեշտ է ոչ միայն այս ցուցանիշը, այլ նաև առաջիկա 2-3 տարիների ցուցանիշները վերլուծել, այսինքն՝ արդյո՞ք մենք ի զորու ենք մի քանի տարի շարունակ ապահովել 7% տնտեսական աճ, քանի որ, կրկնեմ, 0-ական աճի պայմաններում ոչինչ չանելու դեպքում ևս կարող էր աճ արձանագրվել։
– Սերժ Սարգսյանը նախկին վարչապետների առջև խնդիր էր դրել՝ ապահովել 7% տնտեսական աճ, այլապես կառավարությունը պետք է հրաժարական տա։ Իսկ վերջերս համայնքապետերի հետ հանդիպման ժամանակ նախագահը գոհունակություն հայտնեց նաև 4-5% աճից։ Թեև նշաձողն իջեցվել է, սակայն Կարապետյանը կատարեց իր նախորդներին հանձնարարվածը։ Հնարավո՞ր է՝ սա քաղաքական խնդիր է։
– Տնտեսական աճի ցուցանիշ ամրագրել զուտ թվերի տեսքով և դա համարել կառավարության գործունեության գերնպատակ՝ չի կարող լինել ճիշտ, քանի որ ականատես ենք լինում, որ նույնիսկ 7-8% կամ երկնիշ տնտեսական աճ ենք ունեցել, սակայն չենք կարող արձանագրել տարի կամ տարիներ, որ հասարակությունն իրեն բարեկեցիկ զգա։
Այսինքն՝ շարունակում ենք ունենալ 1 մլն բնակիչներ, որոնք ապրում են աղքատության շեմից ներքև, բարձր գործազրկություն, տնտեսության մեջ լուրջ խնդիրներ, մենաշնորհներ, այսինքն՝ միայն տնտեսական աճի թիվ ապահովել կամ գերակատարել սպորտային տեսանկյունից, հավատացեք, տնտեսության մասնակիցներին, բիզնես ներկայացուցիչներին, առավել ևս՝ հասարակությանը, չի հետաքրքրում։ Հասարակությունը ցանկանում է գոնե նորմալ ապրել, կարողանալ իր ընթացիկ խնդիրները կարգավորել և ամենևին Վիճվարչության ցուցանիշներով չի պայմանավորում իր բարեկեցությունը։
Եթե այնուամենայնիվ փորձենք ցուցանիշների տեսանկյունից գնահատել արդյունավետությունը, ապա կարևորագույն ցուցանիշ է արտագաղթի ծավալը, որովհետև տնտեսական գործունեության արտահայտումն ի վերջո արտացոլվում է արտագաղթի տեմպերի վրա։
Ականատես ենք լինում, որ 2017 թ. նույնիսկ այս 7% տնտեսական ակտիվության պարագայում Հայաստանը շարունակում է լքել մի քանի տասնյակ հազար քաղաքացի, այսինքն՝ այս ցուցանիշը շարունակում է չբավարարել քաղաքացիներին։ Այսինքն՝ ավելի ցանկալի կլինի արտագաղթի տեմպերի զրոյացում և ներգաղթի ապահովում՝ առանց նույնիսկ նման տնտեսական աճի։ Հակառակ պարագայում նման ցուցանիշները պարզապես արձանագրվում են Վիճվարչության հաշվետվություններում։
– Եթե հաշվի առնենք ազդեցության լագը՝ ժամանակահատվածը, այս աճը, այնուամենայնիվ, չի՞ ազդի արտագաղթի տեմպերի վրա։
– Պետք է հասկանալ՝ այդ տնտեսական աճը հասարակության ո՞ր մասի վրա է ազդեցություն ունենում։ 11 ամսում, ըստ ոլորտների՝ 12% արդյունաբերական արտադրանքի ծավալն է ավելացել, որը հիմնականում ապահովել է տնտեսական աճի 7% ցուցանիշը։ Հիմա եթե դա ավելի բացված նայենք, կտեսնենք, որ նույն հանքարդյունաբերության ոլորտում, որտեղ ունենք բավականին մեծ ծավալներ, տեղի է ունեցել միջազգային գների աճ, և նույն ծավալի արտադրանքն ավելի թանկ գնով է վաճառվել, որն ապահովել է արդյունաբերության ծավալի ավելացում։ Այսինքն՝ դրա արդյունքում աշխատատեղերի, աշխատավարձերի ավելացում մենք չենք արձանագրում։
Այսինքն՝ մի քանի խոշոր ընկերությունների հասույթն է ավելացել, և դա արտացոլվել է արդյունաբերության աճի տեսքով։ Խնդիրն այն է, որ տնտեսական աճը պետք է ապահովվի փոքր բիզնեսի և տնտեսության մեջ մեծ քանակով մասնակիցների կողմից։ Իսկ մեզ մոտ գյուղատնտեսության ծավալը նվազել է, և 11 ամսում ունենք 4% անկում, թեև մի քանի հարյուր հազար ՀՀ քաղաքացի իր օրվա ապրուստը վաստակում է գյուղատնտեսությամբ զբաղվելով։
Այսինքն՝ այս թվերի բացվածքը ցույց է տալիս, որ այն ոլորտները, որտեղ ունենք ավելի շատ մասնակիցներ փոքր բիզնեսի կողմից, այդտեղ տնտեսական աճը բավարար չէ, որ ապահովի այդ հատվածի բարեկեցությունը։ Հետևաբար՝ արտագաղթի տեմպերի նվազման համար պետք է տնտեսության կառուցվածքում այնպիսի փոփոխություններ, որ հնարավորություն տա տնտեսության աճ ապահովել ավելի շատ փոքր բիզնեսի հաշվին, քան՝ խոշորի։
– Սերժ Սարգսյանը խոսելով արտահանման, աշխատատեղերի ավելացման անհրաժեշտության մասին՝ շրջանցեց ներդրումների խնդիրը, բայց աշխատատեղերի ստեղծում առանց ներդրումների դժվար է պատկերացնել։ Ընդ որում՝ Հայաստանում անցած ամիսներին ոչ միայն ներդրումները շատ պասիվ են եղել, այլև զգալի գումարներ դուրս են բերվել երկրից։
– Տնտեսական ցուցանիշներին զուգահեռ՝ կառավարության կողմից նշված ներդրումների աճը դեռևս չի բերել այն ազդեցությունը տնտեսության վրա, որը շատ կարևոր է հենց աշխատատեղերի ստեղծման առումով, քանի որ այն ներդրումները, որին մենք ականատես ենք եղել տարվա ընթացքում, բավականին փոքր են և, ցավոք, հասարակության այնքան մեծ հատված է այսօր գործազուրկ և աղքատության շեմից ներքև, որ մի քանի հազար աշխատատեղի ստեղծումը չի կարող ունենալ այն ազդեցությունը, որը կապահովի լուրջ փոփոխություններ։
Հայաստանում, կարծում եմ, միանգամից մի քանի միլիարդ դոլարի խոշոր ներդրման անհրաժեշտություն կա, որը որոշ չափով աշխուժություն կմտցնի, որովհետև մի քանի տասնյակ միլիոն դոլարի ներդրումներն էական փոփոխություն չեն բերում։ Սակայն ներդրումների համար անհրաժեշտ են տնտեսական միջավայրի հեղափոխական փոփոխություններ, որպեսզի ոչ միայն տեղական, այլև օտարերկրյա ներդրողներն ունենան երկարաժամկետ վստահություն։
Սակայն մենք տեսնում ենք՝ տնտեսության մեջ առկա խնդիրները ոչ միայն չեն փոխվում, այլև խորանում են, տարեկան մի քանի անգամ օրենսդրություն է փոխվում, որն ավելորդ անվստահություն և ռիսկեր է առաջացնում ներդրողների մոտ, կա ստվերային տնտեսության բավականին մեծ ծավալների պահպանում, մենաշնորհների պահպանում, հետևաբար՝ այդ խնդիրների պահպանումը չի կարող բերել լուրջ ներդրումների, քանի որ այն ներդրողները, որոնք մտադիր են կամ ունեն մի քանի միլիարդ ներդրման հնարավորություն, Հայաստանի մասին ունեն այնքան ինֆորմացիա, որպեսզի որոշում կայացնեն՝ ներդրում կատարե՞լ, թե՞ ոչ։
Եվ որևէ մեկը չի ցանկանում ռիսկի դիմել, անգամ, եթե խոսքը վերաբերում է մեր հայրենակիցներին, որոնք իրենց ներդրումները կատարում են դրսից։
– Փաստորեն, Կարեն Կարապետյանը կախարդական փայտիկ, իրոք, չուներ։
– Այո, բայց ոչ թե կախարդական փայտիկի, այլ մուրճի հարվածի, կտրուկ գործողությունների անհրաժեշտություն կա Հայաստանի տնտեսությունում, որ կամքի արտահայտման միջոցով իրականացվեն փոփոխություններ, որովհետև ուղղակի կախարդական փայտիկով որոշումներ կայացնելով՝ ձեռքբերումների չենք հասնի։
Օրինակ՝ Վրաստանի տնտեսության փոփոխությունները եղան բավականին ցավոտ, սակայն բավականին կտրուկ և բավականին մեծ արդյունք ունեցան, քանի որ 2003-04 թթ. փոփոխություններից հետո նույնիսկ մի քանի կառավարություն և իշխանություն փոխվեց, սակայն այդ դրական ազդեցությունն արդեն 15 տարի Վրաստանում առկա է։ Հետևաբար՝ ոչ թե կախարդական փայտիկի, այլ հեղափոխական քայլերի անհրաժեշտություն ունի մեր տնտեսությունը։