Բաժիններ՝

Ներգնա զբոսաշրջության ոլորտն ԱԱՀ-ից ազատելը նպաստելու է զբոսաշրջիկների թվի ավելացմանը

Ներգնա զբոսաշրջության փաթեթներն ավելացված արժեքի հարկից ազատելու արտոնության վերականգնումը կնպաստի զբոսաշրջիկների թվի ավելացմանն ուղղված նպատակների իրականացմանը: «Արմենպրես»-ի հետ զրույցում թե ՀՀ զբոսաշրջության պետական կոմիտեի, թե մասնավոր հատվածի ներկայացուցիչները մեծապես կարևորեցին ՀՀ ֆինանսների նախարարության ներկայացրած օրենքի նախագծի ընդունումը:

«Հարկային վերջին օրենսգրքում ներգնա զբոսաշրջության տուրփաթեթների համար ավելացված արժեքի հարկից ազատման արտոնությունը հանվել էր, որը պետք է գործեր 2018-ի հունվարից: Սակայն մասնավոր հատվածի հետ քննարկումներից հետո ՀՀ ֆինանսների նախարարությունը ներկայացրեց «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ: Դրանում ներառվեց նաև ԱԱՀ-ից ազատման արտոնության վերականգնումը: Արտոնության վերականգնումը ՀՀ կառավարության ծրագրով նախատեսված նպատակների իրականացմանն ուղղված համալիր միջոցառումներից մեկն է»,-ասաց Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Մեխակ Ապրեսյանն ու մեծապես կարևորեց նախագծի այդ դրույթը:

ՀՀ կառավարության ծրագրով նախատեսվում է առաջիկա 5 տարիների ընթացքում Հայաստան ներգնա զբոսաշրջության այցելությունների թիվը հասցնել տարեկան 3 մլն-ի: «Այդ ուղղությամբ իրականացվող համալիր միջոցառումների կազմում է նաև բարենպաստ գործարար ներդրումային միջավայրը, այս դեպքում՝ բարենպաստ հարկային ռեժիմը»,-նշեց Ապրեսյանը:

Փոփոխություններ չկատարելու դեպքում 2018-ից ներգնա զբոսաշրջության փաթեթները պետք է հաշվեին ավելացված արժեքի հարկով: Ապրեսյանի կարծիքով՝ այն չէր նպաստի ՀՀ կառավարության ծրագրով նախանշված նպատակների իրականացմանը:

Օրենքի նախագծի մշակման համար Ապրեսյանը կարևորեց նաև պետության և մասնավոր հատվածի համատեղ քննարկումները: Մասնավոր հատվածը հանդես է եկել հիմնավորումներով, ինչին ականջալուր է եղել ՀՀ կառավարությունը:
«Վիճակագրության համաձայն՝ ներգնա զբոսաշրջային այցելությունների թիվը Հայաստանում տարեցտարի ավելանում է, ինչը նշանակում է, որ մենք գտնվում ենք մրցունակության եզրին: Եվ ցանկացած գործոն, օրինակ՝ լրացուցիչ հարկային բեռը, մասնավոր ընկերության կողմից չհիմնավորված գների բարձրացումը, կարող են բացասաբար անդրադառնալ մեր երկրի զբոսաշրջության մրցունակության վրա»,-ասաց Մեխակ Ապրեսյանը:

«Հայաստանի ներգնա տուրօպերատորների միություն»-ը ևս ներգրավված է եղել քննարկումներում: «Մենք վերլուծական տեղեկանք ենք ներկայացրել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին և տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանին: Տուրօպերատորների հետ մեզ հաջողվեց ճիշտ կերպով ներկայացնել, որ արտոնությունից ազատումը բացասաբար կանդրադառնա տարածաշրջանում մեր երկրի մրցունակության վրա»,-նշեց միության ղեկավար Կարինե Դավոյանը:

Նրա խոսքով՝ հակառակ դեպքում տուրփաթեթները կթանկանային, և նաև հաշվի առնելով շատ երկրներից ուղիղ չվերթներ չունենալու հանգամանքը, զբոսաշրջիկների թիվը դեպի Հայաստան կկրճատվեր: «Հայաստանում տուրփաթեթների գները մատուցվող ծառայությունների համար մատչելի են,խնդիրը միայն դեպի Հայաստան ուղիղ չվերթների բացակայությունն է: Սակայն վերջին տարիներին այս հարցում ևս բարելավում կա, շատ երկրներից սկսել են արդեն ուղիղ չվերթներ գործել: Այս տարի զբոսաշրջիկների թվի կտրուկ աճը Հայաստանում կարող է խթան հանդիսանալ շատ ավիաընկերությունների համար Հայաստան ուղիղ չվերթներ սկսելու համար»,-ասաց միության ղեկավարը:

Իսկ տուրօպերատորներից մեկի հիմնադիրն «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ նույնիսկ ԱԱՀ-ի կիրառման դեպքում զբոսաշրջիկների թվի կտրուկ նվազում չէին ակնկալում, քանի որ Հայաստանում մատուցվող ծառայությունները որակյալ են:

«Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով առաջարկվում է վերականգնել ներգնա զբոսաշրջության ոլորտի՝ ԱԱՀ-ից ազատման արտոնությունը:

Աննա Գրիգորյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս