Բաժիններ՝

ԱՄՆ-ում հայտարարել են «Ոսկե գլոբուսի» անվանակարգորդներին

Մեքսիկացի բեմադրիչ Գիլիերմո դել Տորոյի «Ջրի ձեւը» ֆիլմը դարձել է «Ոսկե գլոբուս» ամերիկյան կինո- եւ հեռուստատեսային մրցանակի հանձնման գալիք արարողության ֆավորիտը՝ ստանալով ընդհանուր առմամբ յոթ անվանակարգ:

Հաղթանակի հավակնորդների հրապարակումը տեղի էունեցել դեկտեմբերի 11-ին եւ ցուցադրվել է պարգեւի կայքում։ «Ոսկե գլոբուս» մրցանակի հանձնման 75-րդ արարողությունը, որը շնորհվում է Հոլիվուդին առընթեր հավատարմագրված Օտարերկրյա լրագրողների ասոցիացիայի կողմից, հաջորդ տարվա հունվարի 7-ին տեղի կունենա Բեւեռլի-Հիլզում (Կալիֆոռնիայի նահանգ):

«Լավագույն դրամատիկական ֆիլմ» գլխավոր կատեգորիայում պարգեւին, որն իր նշանակալիությամբ ԱՄՆ-ում զիջում է միայն «Օսկար»-ին, հավակնում են բրիտանացի ռեժիսոր Քրիստոֆեր Նոլանի՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի մասին պատմող «Դյունքերք» ժապավենը, իտալացի բեմադրիչ Լուկա Գուադանյինոյի «Ինձ կոչիր քո անունով» ֆիլմը, Սթիվեն Սփիլբերգի «Գաղտնի դոսիե», Մարտին Մաքդոնի «Երեք բիլբորդ՝ Էբինգի սահմանին, Միսսուրի» եւ արդեն հիշատակված «Ջրի ձեւը» ֆիլմերը:

Վերջին կինոնկարը, բացի գլխավոր անվանակարգից, նաեւ կարող է արձանիկներ ստանալ լավագույն ռեժիսուրայի, սցենարի, երաժշտության եւ դերասանների աշխատանքի համար: «Լավագույն կատակերգություն կամ մյուզիքլ» անվանակարգում ներկայացված են ռեժիսոր Ջեյմս Ֆրանկոյի «Վայ-արարիչը», Ջորդան Փիլի «Հեռո՛ւ ինձանից», Մայքլ Գրեյսիի «Մեծագույն շոումենը», Քրեյգ Գիլեսփիի «Սառցե գարշելին» եւ բեմադրիչ Գրետա Հերվիգի «Լեդի Թռչունը» ժապավենները:

«Տղամարդու լավագույն դերը դրամատիկական ֆիլմում» կատեգորիայում անվանակարգորդների թվում տեղ են գտել դերասաններ Թոմ Հենքսը եւ Հարի Օլդմանը: Առաջինն անվանակարգվել է «Գաղտնի դոսիեին» մասնակցության համար, Օլդմանը՝ «Մութ ժամանակներ» կինոնկարում իր դերի համար, որտեղ նա մարմինավորել է Ուինսթոն Չերչիլին: Պարգեւը կարող է բաժին հասնել Դենիել Դեյ-Լյուիսին՝ «Թափանցիկ թել» ֆիլմի համար, Թիմոթի Շալամեին («Ինձ կոչիր իմ անունով») եւ Դենզել Վաշինգտոնին («Ռոման Իսրայել, Esq.»):

«Կնոջ լավագույն դերը դրամատիկական ֆիլմում» կատեգորիայում ներկայացված են դերասանուհիներ Ջեսիկա Չեսթեյնը («Մեծ խաղ»), Սալի Հոքինսը («Ջրի ձեւը»), Ֆրենսիս ՄաքԴորմանդը («Երեք բիլբորդ՝ Էբինգի սահմանին, Միսսուրի»), Մերիլ Սթրիփը («Գաղտնի դոսիե») եւ Միշել Ուիլյամսը («Աշխարհի բոլոր փողերը»): Կատակերգությունում կամ մյուզիքլում լավագույն դերի համար հարակից անվանակարգերում դերասաններից առաջադրվել են Սթիվ Քարելը («Սեռերի ճակատարմարտը»), Ջեյմս Ֆրանկոն («Վայ-արարիչը»), Հյու Ջեքմանը («Մեծագույն շոումենը»), Դենիել Քալույան («Հեռո՛ւ ինձանից»), Էնսել Էլգորթը («Դրայվով փոքրիկը»):

Դերահանուհիներից պարգեւին ներկայացվել են՝ Ջուդի Դենչը («Վիկտորիան եւ Աբդուլը»), Մարգո Ռոբին («Սառցե գարշելին»), Էմմա Սթոունը («Սեռերի ճակատամարտը»), Սիրշա Ռոնանը («Լեդի Թռչունը») եւ «Օսկարի» մրցանակակիր Հելեն Միրենը («Տոն որոնելիս»): Այս տարի, Գիլիերմո դել Տորոյից բացի, լավագույն ռեժիսոր կարող է ճանաչվել Սթիվեն Սփիլբերգը՝ «Գաղտնի դոսիե» ֆիլմի համար: Դա նրա համար թվով արդեն 13-րդ անվանակարգն է: Պարգեւին նաեւ հավակնում են Քրիստոֆեր Նոլանը («Դյունքերք»), Ռիդլի Սքոթը («Աշխարհի բոլոր փողերը»), Մարտին Մաքդոնան (Երեք բիլբորդ՝ Էբինգի սահմանին, Միսսուրի»):

Լավագույն դրամատիկական սերիալ կարող են ճանաչել «Գահերի խաղը», որն այդ կատեգորիայում անվանակարգ է ստացել հինգերորդ անգամ: Նրա հետ կմրցակցեն «Թագը», «Սպասուհու պատմությունը», «Շատ տարօրինակ գործեր» եւ «Այդ մենք ենք» սերիալները: «Լավագույն կատակերգական սերիալ» անվանակարգում հաղթողի հավակնորդներն են՝ «Ճարտար է ոչ բոլոր գործերում», «Ուիլը եւ Գրեյսը», « SMILF», «Սեւ կատակերգություն» եւ «Զարմանալի միսիս Մեյզելը» ժապավենները, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս