«Կա՛մ ինչ-որ հատուկ մազոխիզմով եք տառապում, կա՛մ ամեն անգամ փորձում եք խաղի կանոնը հարմարեցնել ձեր ներքին խաղի կանոնին». Նաիրա Զոհրաբյանը՝ Վարդան Արամյանին

«Երբ անցնում էինք խորհրդարանական մոդելին, ասում էին՝ այն խայտառակ, արատավոր ավանդույթը կվերանա, որ քաղաքական տարվա ավարտին՝ դեկտեմբերին, բոլոր կառավարությունները շըփ-թըփ բերում, նախագծերը դակում են՝ հենվելով մեծամասնության ալարելու վրա, և այսօր էլ տեսնում եք, անհանգիստ են շատերը, ասում են՝ արագ վերջացնենք, դակենք, ավարտենք. այս արատավոր ավանդույթը շարունակվում է»,- այսօր Ազգային ժողովում արտահերթ նիստի ժամանակ հայտարարեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Նրա խոսքով՝ կառավարությունը չի տալիս հնարավորություն՝ նախագծերը մանրամասն քննարկելու.

«Պարոն Արամյան, եթե հիշում եք, Հարկային փաթեթի քննարկման ժամանակ մեզ մեղադրում էին, որ մենք չենք ուզում հարկային խաղի  արդար կանոններ սահմանեք: Բա, արդար կանոնները սահմանել էիք, թողեիք՝ աշխատեին այդ կանոնները: Երբ մենք այն ժամանակ ասում էինք, որ խնդրահարույց է, վիճելի է, դուք մտածում էիք, որ մենակ դուք եք խելոք, մենակ դուք եք հասկանում, այստեղ նստած մարդիկ որևէ բան չեն հասկանում:

Բա որ էդքան խելոք էիք, էդ ինչի՞ եք հիմա բերում օրենքը ուժի մեջ չմտած՝ նորից փորձում խաղի կանոն փոխել: Կա՛մ ինչ-որ հատուկ մազոխիզմով եք տառապում, կա՛մ ուղղակիորեն չգիտեք՝ որ խաղի կանոնն է արդար, կա՛մ ամեն անգամ փորձում եք խաղի կանոնը հարմարեցնել ձեր ներքին խաղի կանոնին: Սա ուղղակի անընդունելի է՝ բերել արագացված ռեժիմով կարևորագույն օրենքները դակել, գնալ, որովհետև դահլիճում նստած մարդիկ ուղղակիորեն ձանձրանում են»:

Տեսանյութեր

Լրահոս