
Վրաստանի ԱԳ նախարարն ընդունել է Հայաստանի դեսպանին

Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Միխայիլ Ջանելիձեն հանդիպում է անցկացրել հանրապետությունում Հայաստանի դեսպան Ռուբեն Սադոյանի հետ, տեղեկացնում է «Գրուզիա Online»-ը:
Ինչպես հայտնել է Վրաստանի ԱԳ նախարարությունը, նախարարը հայ դիվանագետին շնորհավորել է Վրաստանում դեսպան նշանակվելու կապակցությամբ եւ հաջողություններ մաղթել ապագա գործունեության մեջ: Իր հերթին, Ռուբեն Սադոյանը պատրաստակամություն է հայտնել առավելագույնս նպաստել տարբեր ոլորտներում երկու երկրների միջեւ համագործակցության խորացմանը: «Հանդիպմանը կողմերը քննարկել են երկկողմ եւ բազմակողմ համագործակցության հրատապ հարցերը:
Նշվել Է ինտենսիվ քաղաքական, առեւտրատնտեսական եւ մշակութային-հումանիտար փոխգործակցությունը: Հատուկ շեշտադրվել են տնտեսական համագործակցության հեռանկարները: Արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծել է երկու երկրների միջեւ բարձր մակարդակի այցերի փոխանակման դինամիկան եւ արտաքին քաղաքական գերատեսչությունների դերը երկու երկրների հարաբերությունների զարգացման գործում: Կողմերը նաեւ արծարծել են տարածաշրջանում ընթացող կարեւոր իրադարձությունները»,- ասված է Վրաստանի ԱԳ նախարարության հաղորդագրության մեջ: