«Արյունը միավորեց մեզ». Ասադը` Պուտինին
«Արյունը միավորեց մեզ»՝ այսպես ողջունեց Սիրիայի հողում Վլադիմիր Պուտինին նախագահ Բաշար ալ-Ասադը: Շնորհակալություն հայտնելով Պուտինին Սիրիա ռուսական զորք ուղարկելու համար՝ Ասադն ավելացրեց, որ հպարտ է ռուս օդաչուներով: Դիմելով ռուս զինվորներին՝ Սիրիայի նախագահն ընդգծում է.
«Ոչ միայն նախագահ Վլադիմիր Պուտինն, այլեւ ես եմ հպարտանում ձեզնով: Շնորհակալ եմ ձեզ»:
Սիրիայում Վլադիմիր Պուտինը կարեւոր հայտարարություն արեց: Լայնածավալ ռազմական գործողություններն այստեղ ավարտված են.
«Հրամայում եմ սկսել ռուսական զորախմբի դուրսբերումը: Հայրենիքը ձեզ է սպասում, ընկերներ, բարի ճանապարհ»:
Արդեն Եգիպտոսում նախագահ էլ Սիսիի հետ ասուլիսի ընթացքում Վլադիմիր Պուտինը մանրամասնում է՝ Սիրիայի Հմեյմիմում եւ Տարտուսում ռուսական ռազմակայանները մնալու են, իսկ լայնածավալ ներկայության կարիք այլեւս չկա.
«Խնդիրները, որոնք հնարավոր էր կարգավորել լայնածավալ ռազմական գործողություններով, այլեւս լուծված են»:
Կահիրեից Պուտինն ուղեւորվում է Անկարա՝ կրկին բարեկամ դարձած Ռեջեփ Էրդողանի հետ բանակցություններ անցկացնելու: Տանտերը դիմավորում է Վլադիմիր Պուտինին մուտքի մոտ, թանկ հյուրի նման: «Թիկունքից հարված»-ի մասին խոսքերը մոռացված են:
Թուրքիայում երկու ղեկավարները նախատեսում են քննարկել երկկողմ համագործակցության հեռանկարները, Սիրիայում իրավիճակի կարգավորման հարցեր, նշված է Էրդողանի մամլո ծառայության հաղորդագրության մեջ:
«Ամերիկայի ձայն»