Բաժիններ՝

Հայաստանը նպատակ ունի հաստատուն տեղ զբաղեցնել կրոնական տուրիզմի համաշխարհային շուկայում

Հայաստանը նպատակ ունի իր հաստատուն տեղը զբաղեցնել կրոնական տուրիզմի համաշխարհային շուկայում: Այդ ուղղությամբ իրականացվող քայլերը վերջին շրջանում ակտիվացել են: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Մեխակ Ապրեսյանը նշեց, որ այդ գործընթացի համար մեծ խթան եղավ Հռոմի պապի այցը Հայաստան:

«Իհարկե, մինչ Հռոմի պապի այցելությունը Հայաստան ևս աշխատանքներ իրականացվում էին: Նախկինում նույնպես քննարկումներ ունեցել ենք շահագրգիռ կողմերի հետ, այդ թվում, Հայ առաքելական եկեղեցու մասնակցությամբ: Հռոմի պապի այցելությունն արդեն լրացուցիչ խթան էր, որպես ուղղորդում էլ եղավ նրա հայտարարությունը՝ սա ուխտագնացություն է դեպի առաջին քրիստոնյա երկիր»,-ասաց Մեխակ Ապրեսյանը:

Հայաստանը կրոնական տուրիզմի զարգացման մեծ ներուժ ունի, կան բազմաթիվ նախադրյալներ, ըստ որի, Մեխակ Ապրեսյանի գնահատմամբ, մեր երկիրը կարող է համաշխարհային շուկայում դիրքավորվել՝ ուխտագնացության համար լինելով բարենպաստ, գրավիչ երկիր: Այդ ուղղությամբ աշխատանքներն ակտիվացան, Զբոսաշրջության պետական կոմիտեն լրացուցիչ քննարկումներ ունեցավ շահագրգիռ կողմերի հետ՝ ընդգրկելով մասնավոր հատվածին, մշակեց «Ուխտագնացությունն առաջին քրիստոնյա երկիր զբոսաշրջային արդյունքի մշակման և խթանման ռազմավարություն» ծրագիրը: Հիմա այն քննարկվում է ՀՀ կառավարությունում:

«Քննարկումները ծավալվում էին զբոսաշրջային կոնկրետ արդյունքի մշակման և այն պատշաճ միջազգային շուկայում ներկայացնելու հարցերի շուրջ: Մի շարք հարթակներում տարբեր գործընկերների հետ աշխատելու տարբեր նախաձեռնություններ կան: Հիմա այդ հարցերը նաև միջազգային մասնագիտացված կառույցների հետ են քննարկվում: Մասնավորի հետ քննարկում ենք մասնագիտացված, միջազգային կրոնական, ուխտագնացության զբոսաշրջային ցուցահանդեսի մասնակցելու տարբերակները: Հստակեցնում ենք անելիքները՝ տուրիստներին դեպի Հայաստան ուղղորդելն ավելի ակտիվացնելու համար»,-ասաց նա:

Մեխակ Ապրեսյանը նկատեց, որ այստեղ մեծ ներուժ կա, Հայաստանն ունի հսկայական պատմամշակութային ժառանգություն: Հետևաբար, անհրաժեշտություն կա մշակել կոնկրետ զբոսաշրջային երթուղիներ, ընտրել այն եկեղեցիներն ու վանքերը, որոնք կընդգրկվեն դրանցում: Մեխակ Ապրեսյանի խոսքով, այդ տուրիստական փաթեթները չպետք է ներառեն պարզապես եկեղեցիներ, վանքեր այցելություններ: Այլ այդ այցելությունները պետք է ուղեկցվեն տարբեր միջոցառումներով:

Մեխակ Ապրեսյանը նկատեց, որ միջազգային շուկայում կրոնական տուրիզմի նկատմամբ պահանջարկը մեծ է, և Հայաստանը կարող է այդ ոլորտում մեծ դերակատարում ունենալ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս