«2018թ. հունվարի 1-ից մարդիկ պետք է որոշեն՝ իրե՞նց սոցիալական խնդիրն են լուծում, թե՞ իրենց հարազատի». ՀՀ ֆինանսների փոխնախարար

ՀՀ ֆինանսների փոխնախարար Դավիթ Անանյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ներկայացրեց Հարկային օրենսգրքում կատարվող հիմնական փոփոխությունները։

Փոփոխություններից մեկը, ըստ փոխնախարարի՝ վերաբերում է եկամտային հարկի հիպոթեքային վարկերի տոկոսների ստացման դրույթին. «2014թ. գործող իրավական նորմի գործունեության արդյունքում պարզեցինք, որ դրա սոցիալական բաղադրիչն ընդհանրապես չի գործում, և իրավական այդ հնարավորությունից ավելի շատ օգտվում է հասարակության այն խավը, որն իր համար սոցիալական խնդիր չի կարգավորում, այլ հերթական անշարժ գույքն է ձեռք բերում, և անշարժ գույքի տեսքով՝ հարստություն կուտակում»։

Դավիթ Անանյանի խոսքով՝ այժմ կառավարությունը որդեգրել է հետևյալ սկզբունքը. «Եթե մենք ցանկություն ունենք խթանելու տնտեսության ցանկացած ճյուղ՝ հավաքագրված հարկերի վերադարձի տեսքով, այսինքն՝ դա ըստ էության պետության կողմից ներդրում է տնտեսության տվյալ ճյուղում, մենք կարծում ենք, որ անշարժ գույքի շուկան մեր տնտեսության առաջնային ոլորտը չէ, որտեղ պետությունը կապիտալ ներդրումներ կատարելով՝ կարճաժամկետ ապագայում կընկալեր ավելի շատ հարկերի տեսքով որոշակի արդյունավետ արդյունք։ Մենք կարծում ենք, որ, եթե մենք հանում ենք տնտեսության այդ ճյուղը ֆինանսավորելու կամ կապիտալ ներդրումներ կատարելու բիզնես մտադրությունից, այսինքն՝ մի քիչ հեռանում ենք, պետք է սոցիալական բաղադրիչի վրա կենտրոնանանք։ Այսինքն՝ սոցիալական նորմը պետք է օգնի հասարակության այն խավին, որը ցանկություն ունի բնակարան ձեռք բերելու։ Դրա համար մենք առաջարկել ենք որոշակի սահմանափակումներ, և դրանց սահմանաչափերն այնպես ենք սահմանել, որ միջին խավը որևէ ազդեցություն այս իրավական նորմի փոփոխության արդյունքում չունենա»։

Մասնավորապես, Հարկային օրենսգիրքն այս հարցում  3 սահմանափակում է առաջարկում։  «Առաջին՝ կառուցապատողից ձեռք բերվող  բազմաբնակարան շենքի, կառուցապատողից ձեռք բերվող առանձնատան, պետության և համայնքից ձեռք բերվող բնակարանների համար գործարքի առավելագույն շեմ ենք սահմանել 55 մլն դրամը, որը, մեր պատկերացմամբ, Երևանի կենտրոնում 135-140 քմ բնակարանին համարժեք գումար է։ Եթե մենք սոցիալական խնդիր ենք լուծում, ապա Երևանի կենտրոնում 135-140 քմ տարածքով բնակարանը միջին խավի համար որևէ սահմանափակում չի կարող ունենալ»,- ասաց նա։

Երկրորդ սահմանափակումը եկամտային հարկի վերադարձման չափին է վերաբերում։

«Մենք առաջարկում ենք՝ եռամսյակի համար 1.5 մլն դրամից ոչ ավելի, անկախ այն հանգամանքից, թե քանի հոգի են վարկառուները կամ համավարկառուները։ Այսինքն՝ գործարքի գծով պետական բյուջեից վերադարձվող եկամտահարկի առավելագույն չափը սահմանվում է եռամսյակային 1.5 մլն դրամ, ինչը նշանակում է հետևյալը.

Ենթադրենք՝ երիտասարդ ամուսիններ, որոնցից մեկը հանդես է գալիս՝ որպես վարկառու, մյուսը՝ համավարկառու, ձեռք են բերել բնակարան՝ իրենց ամսական առավելագույն եկամտային հարկի չափը, որ կարող են ակնկալել պետական բյուջեից վերադարձի տեսքով, 500 հազար դրամ է, այսինքն՝ եռամսյակը՝ 1.5 մլն, ինչը մոտավորապես համարժեք է 1.6-1.7 մլն եկամուտի։

Այսինքն՝ եթե ամուսիններից յուրաքանչյուրը ստանում է 800-900 հազար դրամ աշխատավարձ, դրանից բարձրի դեպքում նոր այս սահմանափակումը կգործի»,- պարզաբանեց փոխնախարարը։

Երրորդ սահմանափակումն այն է, որ 2018թ. հունվարի 1-ից հետո այս համակարգից օգտվելու հնարավորությունը յուրաքանչյուր անձի տրվելու է 1 անգամ՝ անկախ նրանից՝ նա վարկառո՞ւ է, թե՞ համավարկառու. «Այսինքն՝ եթե անձը որոշել է իր քրոջ կամ եղբոր համար հանդես գալ՝ որպես վարկառու, իր համար արդեն որպես վարկառու երկրորդ անգամ հանդես գալու հնարավորություն չի ունենում։ Մենք թողել ենք, որ անձն ինքը որոշի՝ ի՞ր սոցիալական խնդիրն է լուծում, թե՞ հարազատի»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս