
Հայաստանում շենքերը սեյսմիկ վտանգի պահանջներին համապատասխանեցնելու համար 32-35 միլիարդ դոլար է անհրաժեշտ

Հայաստանում նոր կառուցված շենքերը լիովին համապատասխանում են ներկայիս սեյսմիկ վտանգի պահանջներին, սակայն հին շենքերը ամրացնելու համար բավականին խոշոր չափի ներդրումներ են անհրաժեշտ: ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի շինարարության եւ գիտատեխնիկական նորմավորման վարչության խորհրդական Ալեքսանդր Մովսիսյանը վստահեցրեց, որ նոր կառուցվող շենքերի որակը բավականին բարձր է:
«Ինչ վերաբերում է հին շենքերի ամրակայման և ներկայիս սեյսմիկ վտանգի պահանջներին համապատասխանեցնելու խնդրին, ապա դրա համար անհրաժեշտ է մոտ 32-35 միլիարդ դոլարի ներդրում, իսկ Երևանի համար` 12-15 միլիարդ դոլար»,- ասաց Մովսիսյանը:
ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության արևմտյան ծառայություն» ՊՈԱԿ-ի կառուցվածքների սեյսմակայունության կենտրոնի պետ Զավեն Խլղաթյանը նշեց, որ 2010 թվականին ճապոնական կազմակերպության հետ համատեղ կատարվել են Երևան քաղաքի սեյսմիկ ռիսկի գնահատում:
«Գնահատման բաղադրիչներն էին բազմաբնակարան շենքերը, որոնք Երևանում կազմում են մոտ 4800 շենք: Այդ շենքերը բաժանված են տարբեր տիպերի՝ կապված կառուցապատման տարեթվից, կիրառված նյութերից , շահագործման պայմաններից, գտնվելու վայրից և գրունտային պայմաններից: Ընդհանուր առմամբ` երկրաշարժի ժամանակ Երևանում շենքերի միայն 40 տոկոսը կարող են ենթարկվել մասնակի կամ ամբողջովին փլուզման»,-ասաց Խլղաթյանը: