Ինչպես է ճարպոտ սնունդը քայքայում օրգանիզմը

«Վնասակար» ճարպերը, ինչպիսիք են արմավաձեթը եւ կենդանական ճարպը, քայքայում են բջջային մեմբրանները եւ հանգեցնում բջիջների կորստի: Համապատասխան հետազոտությունը հրապարակված է Proceedings of the National Academy of Science հանդեսում։

Կոլումբյան համալսարանի գիտնականները մշակել են մանրազննության նոր մեթոդ, որի օգնությամբ կարողացել են հետեւել օրգանիզմի վրա հագեցած ճարպային թթուների ազդեցությանը բջիջների կողմից դրանց կլանումից հետո: Ըստ որում մասնագետները ջրածնի ատոմները փոխարինել են դեյտերիում ծանր իզոտոպով՝ չփոխելով միացության քիմիական հատկությունները, ինչն զգալիորեն պարզեցրել է թթուների դիտարկումը:

Պարզվել է, որ հագեցած ճարպաթթուները միանում են պլազմային թաղանթին, ստեղծում կարծրացած հատվածներ եւ խախտում դրա ճկունությունը: Երբ բջիջը չափազանց շատ նման միացություններ է կլանում, այն կորցնում է իր բնական հատկությունները եւ քայքայվում:

Հետազոտողները նաեւ պարզել են, որ չհագեցած ճարպաթթուները, որոնք պարունակվում են ձկան մեջ, բուսական յուղերում եւ ընկույզներում, ընդհակառակը, ունակ են չեզոքացնելու «վնասակար յուղերի» բացասական ազդեցությունը՝ նպաստելով լիպիդային թիթեղիկների լուծմանը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Տեսանյութեր

Լրահոս