«Վերջին 10-15 օրվա ընթացքում շուրջ 30 հազար տոննա կասկածելի ոչխարի միս է ներմուծվել Հայաստան. մեր ազգաբնակչությանը փորձում են հիբրիդացված միս հրամցնել»

Վայոց ձորի մարզի Շատին համայնքի ֆերմեր Տիգրան Եղոյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց, որ վերջին երկու տարում ՀՀ բնապահպանության և գյուղատնտեսության նախարարությունների աշխատանքի հետևանքով Հայաստանի ֆերմերային տնտեսությունները գտնվում են քաոսային, ծանր իրավիճակում։

«Դիմել ենք դրամաշնորհներ ստացող բազմաթիվ բնապահպանների: Որևէ աջակցություն, սակայն, չի եղել: Եղեգիս գետը, որը 36 կմ երկարություն ունի և անցնում է 12 գյուղերով, դարձել է առվակ՝ հէկ-երի աշխատանքի պատճառով։ Իսկ գյուղացիները ժամանակին այդ գետի ջրերով էին իրենց հողերը ոռոգում:

Մի քանի օր առաջ հայտնաբերել ենք մի հանցագործություն՝ Սևանի ջրերը գողանում են։ Թե ովքեր են հեղինակները, ես չգիտեմ։ Գյուղացին զրկված է իր փոքր հողակտորները ջրելու իրավունքից: Վայոց ձորի գյուղատնտեսական աշխատանքներին մեծապես վնասում է նաև Ամուլսարի հանքը:

Բնապահպանության նախարարությունը չի գործում, նա մասնակից է այս հանցագործություններին»,- ասաց ֆերմերը՝ հավելելով, որ, եթե այսպես շարունակվի, ապա ամբողջովին կվերանա Վայոց Ձորի բուսական և կենդանական աշխարհը։

Անդրադառնալով անասնապահության ոլորտի խնդիրներին՝ ֆերմերը հայտարարեց, որ վտանգված է հատկապես մանր եղջերավոր անասունների գոյությունը. «Այսօր գրանտային և այլ ծրագրերի շնորհիվ Գյուղնախարարությունը փորձում է այլ ուղի ստեղծել, մասնավորապես՝ ԳԱՄԿ-ների մասին է խոսքը, 500 միլիոն գումարի մսխում է տեղի ունենում։ Այս մարդիկ հայտարարում են, որ, օրինակ՝ մեղվապահության համար շաքարաջուր պետք է օգտագործվի, իսկ տզերի դեմ պայքարի համար առաջարկում են ատոմակայանում արտադրվող թրթնջկաթթու, որը շատ վնասակար է»։

Նրա խոսքով՝ մանր եղջերավոր անասունների մայրական կազմի՝ Իրան արտահանելուց հետո հայկական ցեղատեսակներն ընդհուպ կարող են վերանալ.

«Դա մեր Գյուղնախարարության սխալ աշխատանքի արդյունքն է։ Վերջին 10-15 օրվա ընթացքում շուրջ 30 հազար տոննա կասկածելի ոչխարի միս է ներմուծվել Հայաստան, երբ Հայաստանում մենք կարողանում ենք մեր ներքին շուկան ապահովել։ Ամանորին ընդառաջ՝ Հայաստան է ներմուծվում հիբրիդացված անասունների միս: Մսի շուկան ողողված է կեղծ մսամթերքով: Ներմուծված ոչխարի միսը վաճառվում է տեղական մսի հետ խառնված: Իսկ հիբրիդացված մսամթերքը մարդու օրգանիզմի վրա կարող է անգամ քաղցկեղածին ազդեցություն ունենալ»։

Տեսանյութեր

Լրահոս