Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախումբը տոնում է հիմնադրման 80-ամյակը
Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախումբը նշում է հիմնադրման 80-ամյակը: Այդ առիթով նոյեմբերի 5-ին երգչախումբը պատրաստվում է հոբելյանական համերգի:
Հայաստանի պետական ակադեմիական երգչախումբը հիմնադրվել է 1937 թվականին: 1961 թվականի սեպտեմբերից երգչախմբի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորն է մաեստրո Հովհաննես Չեքիջյանը:
Երգչախումբը գործունեություն է ծավալել Հայաստանի բոլոր շրջաններում: Հայաստանից դուրս հանդես է եկել 180 քաղաքներում՝ 820 համերգով: Նյու Յորքում, Լոնդոնում Փարիզում, Պրահայում, Բեյրութում և այլուր 27 լեզուներով երգել է հայ և համաշխարհային դասական կոմպոզիտորների ստեղծագործություններ։ Համաշխարհային համբավ է ձեռք բերել Կոմիտասի, հայ և համաշխարհային դասական կոմպոզիտորների բազմաթիվ ստեղծագործությունների կատարումներով: Երգացանկը հարուստ է Բախի, Հենդելի, Մոցարտի, Վերդիի, Բեթհովենի, Չայկովսկու և ուրիշների ստեղծագործություններով: Երգչախումբը ձայնագրել է Եկմալյանի և Կոմիտասի պատարագների սկավառակներ:
1969 թվականին երգչախմբին շնորհվել է «ակադեմիական» կոչումը, իսկ 2012 թվականի նոյեմբերին 15-ին ՀՀ կառավարության որոշմամբ՝ «ազգային» կոչում:
1980 թվականին Մոսկվայում օլիմպիական խաղերի մշակութային միջոցառումների շրջանակում, միության բոլոր անվանի խմբերի մրցակցության արդյունքում երգչախմբի կատարմամբ հնչեցված Բեթհովենի 9-րդ սիմֆոնիան ճանաչվել է լավագույնը, իսկ դիրիժոր Հովհաննես Չեքիջյանն արժանացել է «Ժողովուրդների բարեկամություն» շքանշանին։ Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախմբի և Ռուսաստանի սիմֆոնիկ նվագախմբերի համատեղ գործունեության ձայնագրություններից մեկը Փարիզում արժանացել է Գրան Պրիի։ Երգչախումբն արժանացել է նաև ԽՍՀՄ և ՀԽՍՀ պետական մրցանակների, Մխիթարյան միաբանության և ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալների, ՀՀ սփյուռքի նախարարության «Կոմիտաս» մեդալի և շատ այլ շքանշանների: