Բարձրաձայն ընթերցելը լավացնում է հիշողությունը. գիտնականներ

Կանադացի հոգեբանները բացահայտել են, որ տեքստերի բարձրաձայն ընթերցումը մարդուն իսկապես օգնում է ավելի լավ մտապահել դրա բովանդակությունը եւ այն ավելի արագ հիշել մի քանի օր կամ շաբաթ անց: Այդ մասին ասված է Memory հանդեսում հրապարակված հոդվածում:

«Մեր ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ մեր հիշողությունը եւ սովորելու կարողությունը իրապես լավանում են այն դեպքերում, երբ մարդն ակտիվորեն է զբաղվում է նրանով, ինչը նա ցանկանում է սովորել: Երբ մենք արտաբերում ենք բառը կամ այն ուղեկցում ենք ինչ-որ գործողությամբ, ապա այն մեզ համար ավելի «նկատելի» է դառնում, ուստի եւ՝ ավելի հիշվող»,-պատմում է Վաթեռլոոի համալսարանի (Կանադա) աշխատակից Քոլին Մաքլաուդը:

Բոլոր դպրոցականներն ու ուսանողներն էլ լավ գիտեն, որ դասագրքերից բանաստեղծությունների, տեքստերի կամ գլուխների բարձրաձայն ընթերցելն օգնում է ավելի լավ մտապահել դրանք եւ հաջորդ օրն ավելի լավ գլուխ հանել դասախոսների ու քննություններ ընդունողների հարցերից: Բազմաթիվ հոգեբաններ ու նեյրոֆիզիոլոգներ բավական վաղուց են հետաքրքրվում այդ երեւույթով, եւ փորձում են հասկանալ, թե գոյություն ունի այն արդյոք եւ ինչպես է այն գործում:

Մաքլաուդն ու նրա գործընկերները ապացուցել են, որ մարդու հիշողության այդ առանձնահատկությունն իսկապես գոյություն ունի՝ հավաքելով 95 կամավորներից բաղկացած խումբ եւ հետեւելով այն բանին, թե տեղեկատվության մտապահման եւ ընկալման տարբեր մեթոդիկաներն ինչպես էին ազդում նրանց հիշողության վրա: Մաքլաուդի կարծիքով՝ այս դեպքում հիշողությունը լավանում է մի պարզ պատճառով՝ մարդը լավ է հիշում իր սեփական ձայնի հնչյունները եւ սկսում է մտապահած տեղեկատվությունն ասոցացնել իր անձի հետ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Տեսանյութեր

Լրահոս