«Չհամարձակվե՛ք երեխաներին դիպչել»
– Հա՛յր, իսկ ի՞նչ դուրս կգա այն երեխաներից, որոնք առանց կարգապահության են մեծանում:
– Նրանք մեղքը մեղմող որոշ հանգամանքներ ունեն: Մանկության տարիներին նրանց ծնողները չէին հասկանում, թե կարգապահությունն ինչի համար է պետք, և այդ պատճառով էլ այժմ ազատություն են տալիս իրենց երեխաներին՝ այդ կերպ նրանց իսկական փոքրիկ խուլիգանների վերածելով: Դու նրանց մի բառ ես ասում, նրանք քեզ հինգն են պատասխանում և այն էլ ինչպիսի՜ անամոթությամբ: Նման երեխաները կարող են հանցագործ դառնալ: Այսօր երեխաների պտուտակները լրիվ հանել են: «Ազատությո՛ւն»: «Չհամարձակվե՛ք երեխաներին դիպչել»:
Իսկ երեխաները շատ ուրախ են. «Էլ որտե՞ղ նման պետական կարգ կգտնես»,- ասում են նրանք: Այսինքն, որոշ մարդիկ ձգտում են երեխաներին խռովարարների վերածել, ովքեր չեն ցանկանա ո՛չ ծնողներից, ո՛չ ուսուցիչներից կախում ունենալ, ոչ ոքի չեն լսի: Դա ձեռնտու է որոշ մարդկանց, խռովարար երեխաները կօգնեն իրագործել նրանց մտահղացումները: Քանի որ, եթե [այժմ] երեխաներին խռովարար չդարձնես, ապա հետո ինչպե՞ս կստիպես նրանց ամեն ինչ ջարդուփշուր անել: Եվ հիմա տեսնում ես, թե խեղճ երեխաներն ինչպես են արդեն համարյա դիվահար դարձել:
Եթե ազատությունը ըստ հարկի չօգտագործվի հոգևոր կյանքում, ապա ինչպե՞ս պիտի աշխարհիկ կյանքում օգտագործվի: Ի՞նչ պիտի անես նման ազատության հետ: Նման ազատությունը աղետ է: Այդ պատճառով էլ պետության հետ այժմ տեղի է ունենում այն, ինչ տեսնում ենք:
Արդյո՞ք այժմյան մարդիկ կարող են ըստ հարկի գործածել իրենց տրված ազատությունը: Ազատությունը աղետ է հանդիսանում, եթե մարդիկ ի վիճակի չեն այն դրական զարգացման համար գործածել: Աշխարհիկ էվոլյուցիան՝ մեղավոր ազատության համադրությամբ, մարդուն հոգևոր ստրկություն է բերել: Հոգևոր ազատությունը հոգևոր հնազանդությունն է Աստծո կամքին:
Բայց տես, թե ինչպես է. հնազանդությունը ազատություն է, սակայն թշնամին՝ իր չարությամբ, այն որպես ստրկություն է ներկայացնում, և երեխաները՝ հատկապես մեր դարաշրջանի խռովության ոգով թունավորվածները, սկսում են ըմբոստանալ: Պարզ բան է, նրանք նաև քսաներորդ դարի տարաբնույթ համակարգերից են հոգնել, որոնք, դժբախտաբար, ավելի ու ավելի են այլանդակում ինչպես բնությունը՝ Աստծո զարմանահրաշ աշխարհը, այնպես էլ մարդկանց՝ Աստծո արարածներին: Այդ համակարգերը տագնապով են լցնում մարդկանց հոգիները և հեռացնում են նրանց ուրախությունից, հեռացնում են Աստծուց:
Իսկ գիտե՞ք, թե մենք ինչ վերապրեցինք, երբ զորացրվեցինք: Եթե այժմյան երիտասարդությունը լիներ մեր փոխարեն, ապա ամեն ինչ փոշու կվերածեր: 1950թ.-ին էր: Քաղաքացիական պատերազմը նոր էր ավարտվել: Մեզ՝ տարբեր զորակոչերի զինվորներիս, միասին զորացրեցին: Մեկը չորս ու կես տարի էր ծառայել, մյուսները՝ չորս, երրորդը՝ երեք ու կես: Եվ ահա, պատկերացրեք՝ պատերազմում կրած այդքան տառապանքներից հետո, Լարիսա քաղաք(1) գալով և ներկայանալով զորացրվածների տեղաբաշխման կետեր, տեսնում ենք, որ դրանք արդեն լի են այլ զինվորներով:
Մենք փորձեցինք հյուրանոցներում խցկվել, բայց այնտեղ էլ մերժեցին.
«Մի՞թե կարելի է զինվորներին ներս թողնել,- ասացին,- բոլոր ծածկոցները կաղտոտեն»: Բայց չէ որ մենք առաջարկում էինք վճարել գիշերակացի համար: Դրսում մարտ ամիսն է, ցուրտ: Ի երջանկություն մեզ, մի սպա մեզ օգնեց, Աստված նրան քաջ առողջություն տա: Նա երկաթգծի կայարան գնաց, ճշտեց, թե գնացքները երբ են գալիս, երբ՝ գնում, երբ են գնացքակազմի տեղաշարժեր անում, պայմանավորվեց երկաթգծի պետի հետ և մեզ թույլ տվեցին դատարկ վագոններում գիշերել:
«Գիշերը,- զգուշացրեց մեզ սպան,- վագոնները մի քիչ այս ու այն կողմ կգնան, տեղաշարժեր կանեն, բայց դուք չվախենաք, մինչև վաղը առավոտյան այս ժամը գնացքը չի գնա»: Այդպես ողջ գիշեր ետ ու առաջ գնացինք: Վերջապես Սալոնիկ [Թեսաղոնիկե] հասանք: Ովքեր մոտ էին ապրում, իրենց տները գնացին:
Իսկ մենք կրկին տեղաբաշխման կետեր գնացինք, բայց այստեղ էլ ասեղ գցելու տեղ չկար: Կրկին փորձեցինք հյուրանոցներում տեղավորվել, կրկին՝ անարդյունք: Հիշում եմ, թե ինչպես էի հյուրանոցում խնդրում.
«Ուղղակի մի աթոռ տվեք, որ գիշերը նստած անցկացնենք, իսկ ես ձեզ կրկնակի կվճարեմ, քան անկողնու համար»: «Ո՛չ,- պատասխանեցին,- չի կարելի»:
Նրանք վախենում էին, որ ինչ որ մեկը կտեսնի, որ իրենց մոտ հյուրանոցում զինվորը գիշերը աթոռին նստած է եղել, և կմատնի նրանց: Նշանակում է ողջ գիշեր կանգնած մնա փողոցում ու պատին հենվիր: Եվ ահա, խեղճ զինվորները կանգնում էին փողոցներում՝ հյուրանոցների մոտ, մայթերին, պատին հենված: Բոլոր մայթերին զինվորներ էին, ինչպես շքերթի ժամանակ: Հասկանալի՞ է քեզ: Իսկ եթե դա ժամանակակից երիտասարդությունը լիներ, ապա ողջ Լարիսան կայրեր, ողջ Թեսալիան և Մակեդոնիան(2) էլ միասին վերցրած: Քանի որ նրանք, այժմ ոչ մի դժվարություն չկրելով, տեսեք, թե ինչ են անում:
Ջարդուփշուր են անում, դպրոցներ ու համալսարաններ գրավում: Իսկ այն ժամանակվա խեղճ տղաների մտքով անգամ նման բան չէր անցնում: Իհարկե ցավալի էր նրանց համար, բայց վրեժխնդիր լինելու, ինչ-որ չարիք գործելու մտադրություն չունեին: Իսկ չէ որ պատերազմի ժամանակ, ձյան մեջ նրանք այնքա՜ն տառապանք էին կրել: Խեղճերը խեղվել էին պատերազմից, ինչպիսի՜ ինքնազոհություն, և ի վերջո նրանց «շնորհակալ եղան» բաց երկնքի տակ անցկացրած գիշերով: Վերջին «շնորհակալությունը»: Ես էլ ահա համեմատում եմ, թե ինչպիսին էր այն ժամանակվա երիտասարդությունը և այժմ ուր է այն հասել: Դեռևս հիսուն տարի էլ չի անցել և մարդիկ այդքան փոխվել են…
Այժմյան երիտասարդությունը քացի տվող ցլիկի է նման, որին կապել են մարգագետնում, որ արածի: Նա անընդհատ ձգում է պարանը, հետո ցիցն է քաշում հանում, որին կապված է, փախչում է, բայց ինչ որ բանից է կառչում, վերջնականապես խճճվում է, և ի վերջո վայրի գազանները խժռում են նրան: Երեխային պետք է «արգելակել», զսպել, քանի դեռ փոքր է: Օրինակ՝ տեսնում ես, որ փոքր երեխան ցանկապատի վրա է բարձրանում և կարող է ընկնել, վնասվել: Գոռում ես. «Չի՛ կարելի, չի՛ կարելի» և բացի դրանից վզակոթին ես տալիս: Հաջորդ անգամ երեխան միևնույն է չի մտածի, որ կարող է ընկնել մեռնել, բայց կհիշի, որ կարող է մի անգամ էլ վզակոթին ստանալ և իրեն զգոն կպահի: Բայց այժմ ո՛չ դպրոցներում են ֆիզիկապես պատժում, ո՛չ բանակում փայտով խփում: Այդ պատճառով էլ պատանիները և՛ ծնողներին են տանջում, և՛ ժողովրդին: Իսկ նախկինում որքան հրամանատարներն ավելի խիստ էին լինում ուսումնական մասում, այնքան ավելի մեծ արիություն էին զինվորները դրսևորում մարտի ժամանակ:
Պատանին հոգևոր ղեկավարի կարիք ունի: Նա պետք է խորհրդակցի նրա հետ և լսի նրան, որպեսզի հոգևոր հուսալիությամբ առաջ շարժվի՝ վտանգներից, վախերից ու փակուղիներից խուսափելով: Մարդը որքան մեծանում է, որքան շատ է ապրում, այնքան հարստանում է իր և ուրիշների փորձով: Պատանին այդ փորձը չունի: Հասուն մարդը օգտագործում է ինչպես սեփական, այնպես էլ ուրիշներից փոխ առած փորձը, որպեսզի անփորձ պատանուն օգնի խուսափել վրիպումներից: Եթե պատանին փորձառուներին չի լսում, ապա ինքն իր վրա փորձեր է կատարում, բայց իրեն խրատողներին լսելով՝ հարստանում է:
Մի անգամ քրիստոնեական մի եղբայրակցությունից(3) պատանիներ եկան իմ խուց: Ինքնավստահությամբ, մինչ խռպոտելը գոռում էին. «Մենք ոչ ոքի կարիքը չունենք: Ինքներս կգտնենք մեր ճանապարհը»: Ով գիտե ինչո՞ւ էին այդպիսին դարձել: Երևի շատ էին ճնշել նրանց, այդ պատճառով էլ ըմբոստացել էին: Երբ պատրաստվում էին հեռանալ, հարցրեցին ինձ, թե ինչպես դուրս գան մեծ ճանապարհի վրա, որը Իվերական մենաստան էր տանում: «Ո՞ւր գնանք»,- հարցրեցին: «Լավ, եղբայրնե՛ր,- պատասխանեցի նրանց,- դուք ասացիք, որ ինքներդ ճանապարհը կգտնեք, որ ոչ ոքի կարիքը չեք զգում: Մի՞թե հենց դա չէիք պնդում հենց նոր: Այս ճանապարհը դեռ ոչինչ, եթե կորցնեք այն, ապա մի փոքր տանջվելուց հետո, քիչ հեռու կհանդիպեք էլի ինչ-որ մեկին, և նա կհուշի ձեզ, թե ինչպես դուրս գաք դրա վրա: Բայց ինչպե՞ս ինքներդ, առանց ղեկավարի, կկարողանաք գտնել այն ճանապարհը, որ դեպի Երկինք է տանում»: Այդժամ նրանցից մեկն ասաց. «Եղբայրնե՛ր, իսկ հայրը կարծես, թե ճիշտ է»:
1) Քաղաք Կենտրոնական Հունաստանում:
2) Մարզեր Հունաստանում:
3) Քսաներորդ հարյուրամյակի երկրորդ կեսին Հույն Եկեղեցում իշխում էր այսպես կոչված «արտաեկեղեցական կազմակերպությունների» կամ «եղբայրակցությունների» գաղափարախոսությունը: Համաձայն այդ գաղափարախոսության, որն ըստ էության բողոքական էր, վանականությունը համարվում էր Եկեղեցու համար օտար երևույթ: Սուրբ հայրերը, հատկապես նրանք, ովքեր գրում էին հոգևոր կյանքի խորությունների մասին, մոռացության էին մատնվել: 60-ից 70-ական թվականներին այդ գաղափարախոսությունը սկսեց իրեն սպառել և սկսվեց վերադարձը դեպի հայրաբանական ավանդույթները:
Հայր Պաիսիոս Աթոսացու «Ցավով և սիրով՝ ժամանակակից մարդու մասին» գրքից
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի
surbzoravor.am