Աճուրդին մասնակցող կտավներից առավել թանկ գին է սահմանվել Մինաս Ավետիսյանի «Խաչից իջեցում» կտավի համար՝ 200. 000-220.000 դոլար. Հայաստանում կանցկացվի առաջին աճուրդը
Դեկտեմբերի 2-ին «Շեդևր» պատկերասրահում տեղի կունենա հայկական կերպարվեստի հանրահայտ աշխատանքների «ԸՆՏՐԱՆԻ» խորագրով աճուրդը, որի ընթացքում կներկայացվեն հայ դասականների, մոդեռնիստների և ժամանակակիցների 43 բացառիկ ստեղծագործություններ՝ Սարյանի, Արշիլ Գորկու, Բաշինջաղյանի, Այվազովսկու, Ժանսեմի, Գառզուի և այլ անվանի գեղանկարիչների վրձնին պատկանող գլուխգործոցներ:
Աճուրդի դրված գործերը մասնավոր հավաքածուներից են, որոնցից շատերը երբեք չեն ցուցադրվել: Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում մանրամասներ հայտնեցին «ԱԱԱուկցիոն» աճուրդի տան գլխավոր տնօրեն Աննա Գրիգորյանը, փորձագետ-արվեստագետներ Վարդան Վարդանյանն ու Համլետ Մաթևոսյանը։
Աճուրդի հիմնական նպատակը հայ գեղանկարչական արվեստի արժևորումն է, ասում է փորձագետ-արվեստագետ Վարդան Վարդանյանն ու հավելում.
«Ցավով եմ արձանագրում, որ Հայաստանում մինչ այսօր նման փորձեր չեն արվել, ի տարբերություն, ասենք, մեր հարևան վրացիների, որոնց մոտ այս մշակույթը շատ բարձր դիրքեր է գրավել: Աճուրդին մասնակցելու ցանկություն շատերն են հայտնել, բայց մենք որոշեցինք ներկայացնել ընտրանի, որոնց անուններն արդեն խոսում են անառարկելի հեղինակության մասին՝ Սարյանից, Մինասից, Սուրենյանցից, Այվազովսկուց, Արշիլ Գորկուց սկսած՝ մինչև ժամանակակից արվեստի լավագույն ներկայացուցիչները: Կուզենայի հատկապես նշել՝ ցավոք, Սուրենյանցի կամ Թութունջյանի նման նկարիչների անունները, ովքեր մեզանում չափազանց քիչ են արժևորված, այն պարագայում, եթե, ասենք, նրանք լինեին ֆրանսիացի կամ ռուս հեղինակներ, ինչպիսի հզոր անուն և հեղինակություն կունենային, և սա՝ այն պարագայում, երբ հրեաները մոտ ապագայում Փարիզում պատրաստվում են ստեղծել Թութունջյանի անվան ֆոնդ՝ է՛լ ավելի արժևորելով նրա ստեղծած արվեստի գինը»:
Ասուլիսի մասնակից փորձագետ-արվեստագետ Համլետ Մաթևոսյանը նկատում է՝ երբ լսում է կարծիքներ այն մասին, թե արվեստը չի կարելի արժևորել գումարով, մեղմ ասած, զարմանում է.
«Եթե արվեստի գործը համաշխարհային շուկայում ունենում է որոշակի ներկայանալի գին, որը պարբերաբար բարձրանում կամ իջնում է, հենց այս պրոցեսում է առաջ բերվում և ուրվագծվում նրա իրական արժեքը: Մենք սխալմամբ մտածում ենք, թե նկարիչների լավագույն աշխատանքները պետք է կախված լինեն թանգարաններում, բայց, բարեբախտաբար, մասնավոր հավաքածուներում լինում են նաև հանճարեղ ստեղծագործություններ: Ի պատիվ այդպիսի հավաքածուների և մեր տնօրենի՝ փոխադարձ համաձայնություն և թույլտվություն է ստացվել աուկցիոնին մասնակցելու այնպիսի բացառիկ անունների, որոնք արդեն հնչեցին»:
Աճուրդին մասնակցելու թույլտվություն ստացած բոլոր կտավների ինքնությունը ստուգված է, դրանց տեխնիկական վիճակը գնահատված է բավարար, ասում է փորձագետ-արվեստագետ Համլետ Մաթևոսյանը և հավելում՝ վերոհիշյալ պրոցեդուրան պարտադրի պայման է ցանկացած աուկցիոնի անցկացման համար:
«ԱԱԱուկցիոն» աճուրդի տան գլխավոր տնօրեն Աննա Գրիգորյանը նշում է՝ կոլեկցիոները, որպես անձ, մշտապես նախընտրում է մնալ թաքնված, ստվերում՝ նախընտրելով չհրապարակել հավաքածու ունենալու հանգամանքը: Բացի դրանից, ըստ աճուրդների կազմակերպման ընդունված կանոնների՝ և՛ վաճառողը, և՛ գնորդը մնում են անհայտ (աճուրդի մասնակիցների մասին տեղեկությունները հրապարակման ենթակա չեն).
«Կոլեկցիոները մի անձ է, որ մշտապես ցանկանում է համալրել հավաքածուն և, որպես կանոն, հրաժարվում է դրանք վաճառքի հանելու մտքից: Այս տեսանկյունից աճուրդին մասնակցելու համաձայնություն առավել դժվարությամբ ստացել ենք Երվանդ Քոչարի և Մինաս Ավետիսյանի կտավների պարագայում: Աճուրդին մասնակցող կտավներից առավել թանկ գին է սահմանվել հենց այս նկարիչների աշխատանքների համար՝ Երվանդ Քոչարի «Ժան Ռիգոյի դիմանկարը» ( կտավ / յուղաներկ, 60 × 47 սմ, 1929 թ.) 180.000 – 200.000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, և Մինաս Ավետիսյանի «Խաչից իջեցում» (կտավ / յուղաներկ, 170 × 150) 200. 000 – 220.000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ: Մինաս Ավետիսյանի աշխատանքը մեզ է տրամադրել նկարչի ընտանիքը: Այսպիսի բացառիկ գործեր կարող ենք հանդիպել միայն պատկերասրահներում, չասեմ, որ թեման՝ Հիսուսի՝ խաչից իջեցումը, Մինասի համար նույնպես բացառիկ է:
Հայաստանյան ֆինանսատնտեսական սուղ պայմանների առկայությունը, սակայն, չի խոչընդոտել տեղում արվեստի բարձրարժեք աշխատանքների աճուրդ կազմակերպելու գաղափարին: Կազմակերպիչները վստահ են՝ գնորդներ կլինեն և՛ տեղից, և՛ հատկապես Սփյուռքից: Օն-լայն գրանցման միջոցով աճուրդին մասնակցելու հայտեր արդեն կան, այս պահի դրությամբ Հայաստանում գործող պետական թանգարաններից կամ Մշակույթի նախարարությունից աճուրդին մասնակցելու հայտեր չեն գրանցվել.
«Աճուրդի միջնորդավճարի համար չափազանց ցածր գին ենք սահմանել: Եթե ամբողջ աշխարհում այդ գինը սահմանվում է վաճառքի արժեքի 13 %-ը, ապա մեր պարագայում այդ գինը սահմանվել է սիմոլիկ 3 %: Իմ հույսը հայկական համայնքի վրա է, և, եթե անկեղծ լինեմ՝ իմ մասնավոր կարծիքով՝ սա համապատասխան հնարավորություններ ունեցող ամեն հայի պարտքն է՝ սեփական հավաքածուում ունենալ հատկապես աճուրդից ձեռք բերված հայ հեղինակի աշխատանք, միաժամանակ օգնելով երկրին՝ ողջ աշխարհում տարածել, որ Հայաստանում այսինչ գնով հայկական արվեստի այսպիսի նմուշ է վաճառվել: Սա կարելի է ընկալել նաև կոչ՝ ուղղված Սփյուռքում ապրող բոլոր հայ մեծահարուստներին»:
Տեղեկացնենք, որ ասուլիսի ժամանակ լրագրողներին ներկայացվեցին աճուրդի երկու լոտի բնօրինակներ՝ Եղիշե Թադևոսյանի «Վենետիկ» (ստվարաթուղթ / յուղաներկ, 50 × 40 սմ, 1904 թ.) և Մարտիրոս Սարյանի «Ոսկեգույն բնանկար» (կտավ / յուղաներկ, 36 × 52 սմ, 1959թ.):