Բաժիններ՝

ՀՀ կենսաթոշակային ֆոնդերի ակտիվների 34%-ը արտարժութային են

30.06.2017 թ. դրությամբ Հայաստանի Հանրապետության տարածքում պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչների գործունեություն իրականացնելու լիցենզիա են ունեցել 2 ներդրումային ֆոնդի կառավարիչներ: Յուրաքանչյուրը կառավարում է 3 պարտադիր կենսաթոշակային ֆոնդ:

Ինչպես տեղեկանում ենք ՀՀ Կենտրոնական բանկի կողմից հրապարակված՝ 2017 թվականի առաջին կիսամյակի ֆինանսական կայունության հաշվետվությունից, կենսաթոշակային ֆոնդերի զուտ ակտիվների արժեքը կազմել է 80.4 մլրդ դրամ` կիսամյակի ընթացքում աճելով 17.2 մլրդ դրամով կամ 27.2%-ով:

Զուտ ակտիվներ / ՀՆԱ հարաբերակցությունը կազմել է 1.6%` կիսամյակի ընթացքում աճելով 0.3 տոկոսային կետով:

Կենսաթոշակային ֆոնդերի ներդրումների կենտրոնացվածության Հերֆինդալ-Հիրշմանի ցուցանիշը 2016 թ. համեմատ նվազել է և կազմել 0.28:

2017 թ. առաջին կիսամյակի ընթացքում ավելացել են ներդրումները

դրամական միջոցներում ու ավանդներում 8.8 մլրդ դրամով կամ 51.9%-ով,

բաժնային արժեթղթերում՝ 5.5 մլրդ դրամով կամ 31.6%-ով,

ոչ պետական պարտատոմսերում՝ 2.0 մլրդ դրամով կամ 49.0%-ով և

պետական պարտատոմսերում՝ 782 մլն դրամով կամ 3.2%-ով:

Սա ցույց է տալիս, որ կենսաթոշակային ֆոնդերի հետաքրքրությունը պետական պարտատոմսերի նկատմամբ թուլացել է, ինչի հետևանքով տեղի է ունեցել ներդրումային պորտֆելի կառուցվածքի փոփոխությունը։

Այսպես, եթե 2016 թվականի դեկտեմբերի վերջին ամենամեծ տեսակարար կշիռը պետական պարտատոմսերինն էր՝ 39%, ապա 2017 թվականի առաջին կիսամյակի վերջի դրությամբ պետական պարտատոմսերի կշիռը նվազել է 8 տոկոսային կետով և կազմել 31.4% (25.5 մլրդ դրամ): Ֆոնդերի ներդրում հանդիսացող պետական դրամային պարտատոմսերի միջին կշռված ժամկետայնությունը 7.4 տարի է, միջին կշռված եկամտաբերությունը՝ 10.3%:  ՀՀ պետական եվրոբոնդերում ներդրումները կազմում են 391.3 մլն դրամ:

Փոխարենը՝դրամական միջոցների ավանդների մեջ կատարված ներդրումների տեսակարար կշիռն ավելացել է 5 տոկոսային կետով և կազմել 32% (ավելի շատ, քան պետական պարտատոմսերը)։

Ֆոնդերի արտարժութային ակտիվների տեսակարար կշիռը ներկայումս 34.3% կամ 27.6 մլրդ դրամ է, որի գերակշիռ մասը կամ 22.8 մլրդ դրամը կազմում են բաժնային արժեթղթերը:

Ֆոնդերի եկամտաբերությունը 2017 թվականի առաջին կիսամյակի ընթացքում (տարեկանացված) կազմել է 13.5%: 2014 թ. սկզբից մինչև 30.06.2017 թ. կուտակային եկամտաբերությունը կազմել է 33.5%:

Հիշեցնենք, որ կուտակային կենսաթոշակային համակարգը 2018-ի հուլիսից պարտադիր կդառնա բոլոր այն աշխատողների համար, ովքեր ծնվել են 1974թ. կամ դրանից հետո: Այսինքն, անկախ այն հանգամանքից` անձը պետական, թե մասնավոր կառույցի աշխատող է, նրա ամսական աշխատավարձի 5%-ը կուղղվի կենսաթոշակային համակարգին: Մասնավոր հատվածի աշխատողները, միանալով համակագին, անձամբ կորոշեն՝ որ  կառավարչի  ֆոնդերում են ուզում կուտակել իրենց ծերության աշխատավարձը:

ՀՀ ԿԲ տվյալներով՝ 2017 թ. առաջին կիսամյակի վերջին կենսաթոշակային ֆոնդերի ակտիվ մասնակիցների թիվը կազմել է 175 հազ. մարդ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս