Զինվորի զորացրման հիմքը կե՞ղծ է. ինչու են զորակոչել, ապա զորացրել. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «2017 թվականի օգոստոսի 14-ին ՀՀ պաշտպանության նախարարություն գրավոր հարցում էինք ուղարկել՝ խնդրելով տեղեկատվություն տրամադրել նախկին զինծառայող Միքայել Կեսոյանի առողջական խնդիրների հետ կապված վերջինիս տրամադրված երկու փաստաթղթերի մեջ տեղ գտած հակասության վերաբերյալ: Միքայել Կեսոյանը զորակոչվել էր բանակ` ունենալով տեսողական խնդիրներ, որը հարաճելու միտում չի ունեցել, սակայն մեկ տարուց ավելի ծառայելուց հետո նրան զորացրել են՝ պատճառաբանելով, որ նման հեռատեսությամբ նա ծառայության համար պիտանի չէ: Նախկին զինծառայողը մեզ հետ զրույցում հարց էր բարձրացրել, որ եթե պիտանի չի եղել ծառայությանը եւ տեսողությունը բանակում չի վատացել, ապա ինչո՞ւ են իրեն զորակոչել բանակ: Միքայել Կեսոյանը նաեւ ՊՆ-ից խնդրել էր կենսաթոշակ նշանակել իրեն:

Նախկին զինծառայող Միքայել Վաչիկի Կեսոյանը 2015 թվականի երկրորդ զորակոչով ծառայության է անցել ՀՀ ՊՆ N զորամասում, որից հետո եղել է ՊԲ N զորամասում, որը ապրիլյան պատերազմի ժամանակ գտնվել է ադրբեջանական զինված ուժերի հիմնական հարվածի տակ: Այդ մասին նրա զինգրքույկում կա համապատասխան նշումը:

Ապրիլյան պատերազմից հետո Կեսոյանը տեղափոխվել է հոսպիտալ, եւ 2016 թվականին նոյեմբերին ոչ պիտանի է համարվել զինծառայության համար, վաղաժամ զորացրվել է: ՀՀ պաշտպանության նախարարության Կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի թիվ 3093 որոշմամբ նախկին զինծառայողի մոտ առկա է եղել «OU Բարձր աստիճանի հեռատեսություն՝ OD -7.5D, բարդ ուղիղ հիպերմետրոպիկ աստիգմատիզմ-0.5D» ախտորոշմամբ հիվանդություն, որը վնասվածքի, խեղման հետ կապ չունի եւ կապված չի եղել զինվորական ծառայության հետ:

«ՀՀ ՊՆ 08.04.2013 թվականի թիվ 410 հրամանի 86Բ, 16Գ, 36Գ հոդվածի 1-ին սյունակի համաձայն՝ պիտանի չէ զինվորական ծառայության համար խաղաղ ժամանակ, պիտանի է սահմանափակումներով՝ պատերազմի ժամանակ»,- ասված է ԿՌԲՀ-ի որոշման մեջ:

Միքայել Կեսոյանը համաձայն չլինելով այս որոշման հետ՝ դիմել է պաշտպանության նախարարին, որի փոխարեն պատասխանել է Կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի նախագահը:

Մինչ այդ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հանդես էր եկել հայտարարությամբ եւ նշել, որ ապրիլյան պատերազմի մասնակիցների նկատմամբ ցանկացած որոշում պետք է լինի օբյեկտիվ, հաստատված համապատասխան փաստաթղթերով: Նախարարը նշել էր նաեւ, որ այդ գործընթացը գտնվելու է իր հսկողության տակ:

Կեսոյանը 2017 թվականի մայիսի 5-ին ստացել է ԿՌԲ հանձնաժողովի նախագահ Սահակ Օհանյանի պատասխան նամակը, որտեղ նշել է. «Հիվանդության պատճառական կապը որոշվել է որ, կապված չէ ծառայության հետ, քանի որ Ձեր (Միքայել Կեսոյանի, հեղ.) խնդիրը առկա է եղել վաղ մանկական հասակից»:

Հաջորդ հիմնավորման մեջ ասված է. «Ձեր վերաբերյալ զորակոչային եւ ՀՀ ԿՌԲՀ-ի կողմից կայացված որոշման ախտորոշումների տարբերությունը պայմանավորված չէ հիվանդության աճով, քանի որ հեռատեսությունը տվյալ տարիքային խմբում չունի հարաճելու միտում, եւ նրա աստիճանը մնում է անփոփոխ կամ կարող է նվազել: Ձեր դիմումում նշված մարտական գործողությունները նույնպես չէին կարող ազդել եւ չեն ազդել հեռատեսության աստիճանի փոփոխման վրա»:

ԿՌԲՀ-ի որոշման եւ գրության համադրությամբ ստացվում է, որ զինծառայողը պիտանի է եղել զորակոչմանը, սակայն վաղաժամ զորացրվել է համարվելով ոչ պիտանի ծառայությանը տեսողության վատացման պատճառով:

Այս հակասությունները պարզաբանելու նպատակով armtimes.com-ի օգոստոսի 14-ին հարցում էր ուղարկել ՊՆ: Նույն օրը պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գեւորգ Ալթունյանը պատասխանել էր. «Ձեր հարցմանն ի պատասխան տեղեկացնում եմ, որ հարցման մեջ նշված տեղեկությունները տրամադրելու համար լրացուցիչ ուսումնասիրության անհրաժեշտություն կա: Ըստ այդմ` հարցման պատասխանը կտրամադրվի ՀՀ օրենսդրությամբ սահմանված ժամկետներում»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս