«Մարտի 1-ի սցենարի կրկնության հավանականությունն այս դրույթով չի՞ մեծանում». Արարատ Միրզոյանի հարցը՝ Հրայր Թովմասյանին

Այսօր Ազգային ժողովի հերթական նիստին քննարկվում է «Հավաքների ազատության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը:

«Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը հարցով դիմեց նախագծի հարակից զեկուցող Հրայր Թովմասյանին.

«Պատկերացրեք՝ քաղաքական հանրահավաք է, ընդդիմությունը բազմահազարանոց հանրահավաք է անում իշխանությունների այս կամ այն քայլի դեմ, ու իշխանություններն ինչ-ինչ պատճառներով լցնում են զինվորներին և այլ հատուկ ծառայության աշխատակիցներին, և հետո տեղի է ունենում այնպիսի մի սցենար, ինչպիսին Մարտի 1-ին տեղի ունեցավ: Որքանո՞վ եք Դուք դա հավանական համարում, և արդյոք չկա՞ նման ենթատեքստ, ու հավանականությունը նման բանի ավելի չի մեծանում այս դրույթով»:

Ի պատասխան՝ Հ. Թովմասյանն ասաց. «Ո՛չ, չկա, այն դրույթը, որը Դուք նշում եք, որևէ փոփոխության չի ենթարկվում: Ձեր նշած խումբը ոչ իշխանության, ոչ ընդդիմության հանրահավաքին իրավունք չունեն մասնակցելու, որովհետև նրանց քաղաքական չեզոքությունը կդրվի կասկածի տակ, ու կառաջանան այլ հետևանքներ»:

«Այսինքն՝ ձեր մեկնաբանությամբ՝ ստացվում է՝ մասնակցությունը հանրահավաքին ընդհանրապես ապօրինի է, այս դրույթի հետ, որ ասվում է՝ մասնակցելիս պետք է քաղաքական զսպվածություն պահպանեն, հակասություն չկա՞»,- փորձեց հարակից զեկուցողից ճշտել Ա. Միրզոյանը:

Հ. Թովմասյանն էլ ասաց, որ ինքնին մասնակցությունը դեռևս քաղաքական կողմնորոշման նշան չէ. «Կախված է նրանից, թե նա ինչ է անում հանրահավաքի ժամանակ»:

Նշենք, որ ըստ օրենքի նախագծի՝ դատավորները, դատախազները, քննիչները, զինված ուժերի, Ազգային անվտանգության ծառայողները հավաքների մասնակցելիս քաղաքական չեզոքություն և զսպվածություն պետք է ունենան, նրանք նաև իրավունք չունեն մասնակցել ծառայողական համազգեստով:

Տեսանյութեր

Լրահոս