Զգուշացում. կեղտոտ ձեռքերի միջոցով օրգանիզմ են ներթափանցում մի շարք հիվանդությունների հարուցիչներ
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հայտնում է, որ կեղտոտ ձեռքերի միջոցով են մարդուն փոխանցվում և օրգանիզմ ներթափանցում մի շարք վարակիչ և մակաբուծային հիվանդությունների հարուցիչներ (աղիքային վարակիչ հիվանդություններ, հեպատիտ Ա, ճիճվային հիվանդություններ, գրիպ և այլն): Հատկապես շատ մանրէներ կան եղունգների տակ (ձեռքի մաշկի վրա գտնվող մանրէների մոտ 95%-ը), ուստի խիստ կարևոր է երեխայի եղունգների ճիշտ խնամքը (կարճ կտրելը)։
Ի՞նչ անել
Կարևոր է, որ ոչ միայն ինքներդ հետևեք Ձեր փոքրիկի անձնական հիգիենային, այլ նաև նրան փոքր հասակից սովորեցնեք մաքրասեր լինել և կանոնավոր կերպով լվանալ ձեռքերը: Փոքրիկների համար լավագույն օրինակը ծնողներն են. նրանք հաճույքով կրկնօրինակում են ծնողների գործողությունները:
Այնպես որ, թույլ տվե՛ք, որ փոքրիկը երբեմն Ձեզ տեսնի ձեռքերը լվանալուց և նա էլ ինքնուրույն փորձի նույնը կրկնել:
Սովորեցրե՛ք նրան, որ հարկավոր է նախ ձեռքերը թրջել, ապա օճառել (եթե պինդ օճառ է, թող փոքրիկը չմոռանա օգտագործելուց հետո օճառը ևս լվանալ): Բացատրեք փոքրիկին, որ հարկավոր է լավ օճառել թե՛ ձեռքի ափը, թե՛ հակառակ կողմը, ինչպես նաև տրորել միջմատնային տարածությունները, որից հետո ջրով հեռացնել օճառը ձեռքերից:
Փոքրիկին պատկերավոր կերպով բացատրե՛ք, որ ձեռքերը չլվանալու դեպքում առաջանում են բազմաթիվ մանրէներ, որոնք կարող են հիվանդության պատճառ դառնալ:
Տարիքին զուգընթաց երեխային սովորեցրե՛ք ինքնուրույն լվացվել: Բացի այդ, շատ կարևոր է բացատրել երեխային, որ ընտանիքի յուրաքանչյուր անդամ պետք է ունենա իր անհատական սրբիչը և չի կարելի սրբվել ծնողների կամ ընտանիքի այլ անդամների սրբիչով:
Սրբիչը կախե՛ք երեխայի հասակին համապատասխան կախիչից, որպեսզի նա ինքնուրույն կարողանա օգտվել դրանից: