Բաժիններ՝

«Հայերի մեջ տարածված մտածելակերպ կա, որ պահպանակից օգտվելն ամոթ է կամ տհաճություն կարող է պատճառել». ուռոլոգ

«Ցանկացած կին, որն արդեն ունի որևէ խնդիր, պետք է զգուշանա արևի անմիջական ճառագայթներից և արևայրուքից»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց գինեկոլոգ Տաթևիկ Ղորուխչյանը: Նրա խոսքով՝ ամռանն ավելանում է ուլտրաճառագայթային ազդեցությունն օրգանիզմի վրա, և օրգանիզմում կատարվում են որոշակի փոփոխություններ.

«Արևի ուղիղ ճառագայթների ազդեցության տակ ավելանում է էստրոգենների ազդեցությունը, իր հերթին՝ ավելանում է նաև զգայունությունը դեպի էստրոգեններ: Կարելի է նշել, որ ցանկացած կին, որն ունի արդեն որևէ խնդիր, պետք է զգուշանա արևի անմիջական ճառագայթներից և արևայրուքից, որովհետև դա կարող է լինել պրովոկացիոն այս պարագայում: Ցանկացած բորբոքային պրոցես, եթե երկարատև ընթացք է ունենում օրգանիզմում, կարող է սրվել՝ արևի ուղիղ ճառագայթների տակ և ծովում լինելու պարագայում»,- ասաց նա:

Տ. Ղորուխչյանը նաև ասաց, որ սեռական հարաբերության ժամանակ 30-ից ավելի բակտերիա, ինֆեկցիա և վիրուս տեղափոխվում է զուգընկերոջից զուգընկերոջը:

Ուռոլոգ Գևորգ Գրիգորյանն էլ նկատեց, որ ամառն ինչ-որ չափով ավելի բարենպաստ է անդրադառնում տղամարդկանց վրա. «Որովհետև մենք ունենում ենք ուլտրամանուշակակագույն ճառագայթների ավելի ինտենսիվ ներգործություն, ինչը նպաստում է վիտամին D-ի արտադրմանն օրգանիզմում, ինչն իր իսկ դերով մասնակցում է տղամարդկային հորմոնի՝ տեստոստերոնի նյութափոխանակության մեջ, և տեղի է ունենում տղամարդու ավելի ակտիվացում, տղամարդկանց ավելի առույգ, ուժեղ լինելը, և այլն»:

Որպես ամառային սեզոնային խնդիր՝ ուռոլոգն առանձնացրեց կուրորտային հանգստից հետո սեռավարակների քանակի աճը. «Շատ տարածված մտածելակերպ կա հայերի մեջ, որ պահպանակից օգտվելը մի փոքր ամոթ է կամ տհաճություն կարող է պատճառել, և այլն, սակայն նման մտածելակերպը հանգեցնում է նրան, որ մենք ունենում ենք բավականին լուրջ խնդիրներ՝ կապված չբուժված կամ ժամանակին չբուժված սեռավարակների հետ, և ունենում ենք բավականին մեծ բարդություններ, ընդհուպ՝ մինչև տղամարդու անպտղություն, սուր թարախային պրոցեսները շագանակագեղձում կամ ամորձիում, վիրահատական միջամտությունը»:

Գ. Գրիգորյանի խոսքով՝ լողավազաններից, շոգեբաղնիքներից, խոնավ սպիտակեղենից վարակվելու տոկոսը կազմում է շատ չնչին, և գրեթե չի հանդիպում: «Իմ պրակտիկայում ես դեռևս չեմ հանդիպել անձի, որը վարակվել է լողավազանից, սպիտակեղենից կամ շոգեբաղնիքից»,- ասաց նա:

Սեքսոպաթոլոգ Արա Չարչյանն էլ նշեց, որ կուրորտային սիրավեպերից բավական շատ մարդիկ վերադառնում են սեռավարակներով. «Մարդիկ չեն ուզում գնալ բժշկի, կամ մտածում են, որ իրենք առողջ են: Հայ տղամարդու մոտ կա «մաչոյի սինդրոմ», նա միշտ մտածում է՝ իր մոտ ոչ մի հիվանդություն չկա, որ ինքն առողջ է, իսկ երբ նա իմանում է, որ կար հիվանդություն, սովորաբար դա լինում է շատ ուշ: Մարդիկ գնում են հանգստանալու և ընկնում են կուրորտային սիրավեպի մեջ, ու այդ սիրավեպերը սովորաբար ավելի կրքոտ են, որովհետև չեն մտածում, որ նորից տեսնելու են նույն մարդուն, ու սովորաբար այդ դեպքում պահպանակներ չեն օգտագործում»,- ասաց մասնագետը:

Ուռոլոգ Գ. Գրիգորյանը նաև նկատեց, որ ոչ միայն ամառային սեզոնում կուրորտային սիրավեպերի ժամանակ կա նման խնդիր, այլ կա խնդիր նաև արտագնա աշխատանքից վերադարձի ժամանակ. «Մենք ունենք նման խնդիր ցանկացած սեզոնում, երբ տուրիստական արտահոսքը մեզ մոտից մեծանում է՝ դա կլինի նոր տարվա շրջանը, ամառային շրջանը թե արտագնա աշխատանքից վերադարձի շրջանը: Խնդիրը նրանում է կայանում, որ համապատասխան սեռական հարաբերությունների կուլտուրա պետք է ներդնել, տեղեկացնել և հասցնել նրանց, որ կան խնդիրներ և բավականին մեծ ու վտանգավոր բարդություններով են հղի»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս