Բաժիններ՝

Թուրքիայի միակ հայկական գյուղի մասին պատմող «Երազած նարինջներ» ֆիլմը ցուցադրվեց «Գառնիում»

«Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում բացօթյա կինոդիտումների կազմակերպումը մեծ հետաքրքրություն է առաջացրել հանրության շրջանում: Այսուհետ շարժական մեծ էկրանին ֆիլմեր կներկայացվեն նաև այլ հուշարձանների տարածքներում:

Շրջիկ կինոսրահը «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանում ցուցադրել է ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով նկարահանված «Երազած նարինջներ» ֆիլմը:

Շուրջ մեկ ժամ տևողությամբ կինոնկարը` արմատներով մուսալեռցի սցենարի հեղինակի նախնիների ու Հայոց ցեղասպանության մասին պատմող նրանց հիշողությունների էկրանավորումն է:

Արմատներով մուսալեռցի` Թուրքիայի Վաքըֆ գյուղում ապրող Մատիրյանների գերդաստանի մի ճյուղն էլ բնակվում է Հայաստանում: Նրանցից Հասմիկ Մատիրյանն իր նախնիների պատմությունը մանկուց է լսել, վարժ խոսում է մուսալեռցու բարբառով, ապրում ծնողների, նաև պապի` Մուսա լեռան կարոտով:

Ֆիլմի նկարահանման նախաձեռնողը եղել է թուրքական կողմը՝ հանձին Էյլեմ Շենի, Չաղդաշ Յազջիի և Ֆերզան Օզյաշարի: Նրանք գնացել են Վակըֆլի՝Թուրքիայի միակ հայկական գյուղը՝ պատմելու Քեսաբից այնտեղ տեղափոխված փախստականների ու նրանց կյանքի մասին, սակայն գյուղում ծանոթանալով տեղի բնակիչ Միսակ Հերգելի (Հերգելյան) հետ, լսել են գյուղի պատմությունը և որոշել են նկարել ֆիլմ հենց այս թեմայով:

«Նրանք Միսակ Հերգելի խորհրդով էլ եկան Հայաստան ու դիմեցին մեր ընտանիքին: Սկսեցինք համագործակցել, տեղեկություններ փոխանակել, ու նրանց պատմեցի պատմվածքի մասին, իսկ նրանք էլ որոշեցին, որ ֆիլմի հիմքում պետք է հենց այդ պատմվածքը լինի: Անգամ որոշվեց միևնույն անունով կոչել ֆիլմը, սակայն սխալ թարգմանության պատճառով ֆիլմն անվանվեց «Երազած նարինջներ»: Մեզ մնում է միայն հուսալ, որ առկա թերություններով ու վրիպակներով անգամ, ֆիլմը դուր կգա դիտողներին, և ես կրկին կունենամ իմ նոր ընկերների հետ աշխատելու հնարավորություն»,- 168.am-ի հետ զրույցում պատմում է Հասմիկը:

Ֆիլմի հիմք է դառնում Հասմիկ Մարտիրյանի «Նարինջի անքնությունը» արձակը, իսկ Հասմիկն էլ դառնում է ֆիլմի գլխավոր գործող անձը: Արձակը պատմում է այն մասին, թե ինչպես է Մուսալեռից Հայաստան վերադարձած իր պապիկը երազներում միայն Մուսալեռը տեսնում, և, թե ինչպես չի կարողանում ուտել այստեղի նարինջները և կարոտում է Վակըֆլիի նարինջների համը:

«Բոլորս ունենք սիրելի զբաղմունք: Իմը՝ փոքր տարիքում, պապիկիս հետ երկար-բարակ զրուցելն էր: Հիմա առաջվա պես երկար չենք զրուցում, բայց երբ ստացվում է, հարկավոր է նրա ասած ցանկացած միտք գրի առնել ու փոխանցել սերունդներին, որ սովորեն ճիշտ ձևով սիրել, կարոտել, ապրել ու երազել:

Այսպես, մի օր ինձ պատմեց իր ամենասիրած մրգի մասին, որը կարոտել էր այնքան, որքան ես՝ իմ ու նրա երկար-բարակ զրույցները: Որոշեցի այդ մասին գրել ու պահել իմ գաղտնի արխիվում, բայց երբ իմացա «Անտարես» հրատարակչության Արձակ-2013 մրցույթի մասին, համարձակություն հավաքեցի, ու «Նարինջի անքնությունը» պատմվածքս ներկայացրի մրցույթին: Այն, իհարկե, որևէ պատվավոր մրցանակի չարժանացավ, բայց ուրախ էի, որ համարձակվեցի նման բան անել»:

Հասմիկի ուղևորությունը սկսվում է Հայաստանից, որտեղ նա այցելում է Արմավիրի մարզում գտնվող Մուսալեռ գյուղ, իսկ այնուհետև մեկնում է Թուրքիա, տեսնում իրական Մուսալեռը, այցելում այն տուն, որտեղ ապրել է իր պապիկը, որտեղ իր հայրն է ծնվել, ու նորից վերադառնում Հայաստան՝ թողնելով հարազատ գյուղում իր մի մասնիկը:

Ինչպես նշեցինք, ֆիլմը նկարահանվել է թուրքական կողմի նախաձեռնությամբ: Հասմիկը նշում է, որ սկզբից ունեցել է հակասական զգացումներ:

«Հեշտ է ասել, որ նշանակություն չունի, թե դիմացինն ինչ ազգի ներկայացուցիչ է: Աշխարհի բոլոր մարդկանց արյունն էլ կարմիր է, բայց երբ գալիս է իրական շփման ժամանակը, հակասական զգացումներ ես ունենում: Սկզբում չես հասկանում, թե ինչ են ուզում, գուցե ստացված տեղեկությունները փորձեն այլ կերպ ներկայացնել, չես վստահում, բայց երբ տեսնում ես, որ դիմացդ կանգնած մարդիկ սովորական քաղաքացիներ են, ովքեր պայքարում են իրենց երկրում հանուն իրենց իրավունքների և արդարության, հասկանում ես, որ ինքդ էլ, մեծ հաշվով, չես տարբերվում նրանցից»:

Ֆիլմը թարգմանված է երկու լեզուներով՝ հայերեն և թուրքերեն: Առաջին ցուցադրությունները տեղի են ունեցել Թուրքիայում՝ Ստամբուլում և Իզմիրում, այնուհետև՝ Հայաստանում:

Ի դեպ, ֆիլմը ցուցադրվում էր այն օրը, երբ Մուսա լեռան Վակըֆլի գյուղում նշվում էր Աստվածածնի Փոխակերպման տոնը, որին զուգահեռ` տասնամյակներ շարունակ, ամբողջ աշխարհի մուսալեռցիները հավաքվում են Վակըֆլի գյուղում և նշում նաև Մուսա լեռան հերոսամարտի տարելիցը։

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս