Գեղարքունիքի դատարանի նախագահի դեմ մեղադրանքը չի խստացվել. հարուցվել է նոր քրեական գործ. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Աղվան Պետրոսյանի մեղադրանքը չի խստացվել:

Այս մասին մեր զրույցում ասաց նրա պաշտպան Արմեն Մելքոնյանը: Սույն գործով օգոստոսի 15-ին նախաքննության ավարտ է հայտարարվել: Դատավորը կալանավորվել է երկու ամիս առաջ՝ մեղադրվելով առանձնապես խոշոր չափերի կաշառք վերցնելու մեջ:

Աղվան Պետրոսյանը, սակայն նախաքննության ընթացքում հրաժարվել է ցուցմունք տալուց, ինչպես նաեւ քննչական գործողություններին մասնակցելուց: Հարցին, թե ինչպե՞ս եք գնահատում նախաքննության ընթացքը, պաշտպանն ասաց, որ այս պահին զերծ կմնա գնահատականներ տալուց: Նա ասաց, որ ստացել է գործի նյութերը, եւ դրանց ծանոթանալու համար նախաքննական մարմնից 15 օր ժամանակ է խնդրել: Ի պատասխան մեր հարցին, Մելքոնյանն ասաց, որ գործի նյութերը բաղկացած են 15 հատորից եւ բազմաթիվ ձայնասկավառակներից:

Այս գործով երկրորդ մեղադրյալ՝ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վանիկ Վարդանյանը, ի տարբերություն դատարանի նախագահի ցուցմունք է տվել և նշել, որ իրեն մեղսագրվող արարքի հետ որեւէ առնչություն չունի: Այս մասին մեր զրույցում ասաց նրա պաշտպան Ռուբեն Հակոբյանը: «Նա նշել է, որ կաշառք չի պահանջել եւ չի ստացել»,- ասաց դատավորի պաշտպանը:

Սույն գործով նախաքննության ավարտ հայտարարելուց հետո ՀՔԾ-ն հանդես եկավ նոր հաղորդագրությամբ՝ տեղեկացնելով, որ հարուցվել է նոր քրեական գործ՝ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Աղվան Պետրոսյանի կողմից կաշառք վերցնելու փաստով։

Ըստ ՀՔԾ-ի՝ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի ու նույն դատարանի դատավորի վերաբերյալ ծառայությունում քննվող քրեական գործով վկա, Մարտունի քաղաքի բնակիչ Մ. Ա.-ն հաղորդում է տվել, որ դատական կարգով համապատասխան ընկերության տարածքի մի մասը սեփականության իրավունքով ձեռք բերելու համար 2012թ.-ին դիմել է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Աղվան Պետրոսյանին: Դրա համար Աղվան Պետրոսյանը նույն մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի օգնականի միջոցով իրենից պահանջել է 6.000 ԱՄՆ դոլարի չափով կաշառք, որի մի մասն ինքը փոխանցել է որպես միջնորդ հանդես եկած դատավորի օգնականի, իսկ մյուս մասը` դատարանի նախագահի վարորդի միջոցով:

Կաշառքի գումարը փոխանցելուց հետո Մ. Ա.-ն տեղեկացել է, որ նշված ընկերության տարածքն այլ անձանց կողմից կեղծ փաստաթղթերով օրինականացնելուց հետո վաճառվել է 80.000 ԱՄՆ դոլարով, որից 30.000 ԱՄՆ դոլարը որպես կաշառք տրվել է վերը նշված դատարանի նախագահին: Ուստի՝ Մ. Ա.-ն 2014թ.-ին կարողացել է միջնորդից ետ վերցնել իր կողմից որպես կաշառք տրված 6.000 ԱՄՆ դոլար գումարը»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում: 

Տեսանյութեր

Լրահոս