Բաժիններ՝

Ո՞ւմ կցանկանայի տեսնել Կինոմիության նախագահ. Ռոբերտ Մաթոսյան

Կինեմատոգրաֆիստների միության վարչության որոշման համաձայն՝ միության արտահերթ համագումարը տեղի կունենա հոկտեմբերի 7-ին։ Այդ առիթով ներկայացնում ենք Հայաստանի և Ռուսաստանի կինեմատոգրաֆիստների միության անդամ, «+Կինո» ամսագրի գլխավոր խմբագիր Ռոբերտ Մաթոսյանի մտորումները։

Հանրաճանաչ մտավորական, հասարակական գործիչ, տաղանդաշատ կինոռեժիսոր Ռուբեն Գևորգյանցի մահվանից հետո արդեն ավելի քան երկու ամիս է, չի եղել մի օր, որ ինձ չհարցնեն՝ ու՞մ կցանկանայիք տեսնել կինոմիության նախագահ։ Ճշմարիտն ասած բոլորին խուսափողական նույն պատասխանն եմ տվել․«Զբաղված եմ «+Կինո»-ի հերթական համարի լույս ընծայմամբ։ Հիմա, երբ մոտենում է կինեմատոգրաֆիստների միության համագումարը, ուզում եմ պատասխանել ինձ տրված այդ հարցին:

Անկեղծ ասած, եթե խմբագրի իմ զանգակատանից խոսեմ, կցանկանայի տեսնել նրան, ով գիտե կինոմամուլի դերն ու նշանակությունը, ով ունակ է 9 տարի պարբերաբար հանրապետությունում հրատարակվող միակ մշակութային «+Կինո» ամսագիրը պահպանել և զարգացնել։ Այս պարբերականը մեր ազգային մշակույթի, առաջին հերթին կինոյի հին ու նոր սերնդի միջև կապող, կայացած, ամուր մի օղակ է։ Թե չէ արդեն քառորդ դար է ինչ մեզանում մի չգրված օրենք է մշակվել։

Մարդուն պաշտոնանկ անելուց (այս դեպքում մահվանից հետո) փոխանակ լավագույնը պահպանվի, լավ հիմքի վրա մի քար էլ ավելացվի, պաշտոնավարելուց հետո այն ոչնչացվում է, և տեղը, ցավոք, ոչինչ չի ստեղծվում։ Վառ օրինակը, անկախության առաջին տարիներից ի վեր, դրսի թելադրանքով ու մեր ձեռքերով ավերեցինք ու թալանեցինք Հայաստանի զարգացած արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը, գիտությունը, գործարաններն ու ֆաբրիկաները, կրթության համակարգը և այլն։ Այդ ապազգային վարվելաձևն ու գաղափարները էստաֆետի նման մի կառավարչից փոխանցվեց մյուսին։ Նույնիսկ բարձր ամբիոններից մի հարցնող չեղավ՝ թե տղերք՝ էս ի՞նչ արեցինք։ Նմանատիպ երևույթներին՝ որպեսզի հետագայում չկրկնվի, խորհրդային շրջանում գոնե քաղաքական գնահատական էր տրվում։

Դա էլ չարեցինք։ Սակայն իմ խնդրո առարկան ոչ թե այս հարցում խորամուխ լինելն է, այլ պատասխանել այն պարզ հարցադրմանը, թե ու՞մ կցանկանայի տեսնել կինոմիության նախագահ։

1) Կցանկանայի տեսնել նրան, ով գործով և ոչ թե վերամբարձ ծրագրերով առաջին հերթին կպահպանի մեր ավանդույթներ ունեցող կինեմատոգրաֆիստների ստեղծագործական միությունը, որի 170 կինոգործիչները մի կուռ գերդաստան ու ընտանիք են՝ իրենց ամենօրյա գործերով ու հոգսերով։ Թե չէ քննադատական կարծիքների ու տեսակետների պակաս չկա։ Ասում են, որ ստեղծագործական այս բոլոր միությունները խորհրդային երկրի ծնունդ են և կոչեր են հնչում, որ պետք է վերացվեն: Ովքե՞ր են այդ մարդիկ… Բա սրանք գոյություն ունենալու իրավունք ունե՞ն․․․

2) Կցանկանայի նա լիներ չափազանց ազնիվ, որ աչք չտնկեր բանկում դրված այն մեկ միլիոն դոլար գումարին, որը գոյացել է ԽՍՀՄ կինոմիությունից այնքան դժվարությամբ ձեռք բերած Հայաստանի կինոմիության Դիլիջանի ստեղծագործական տան վաճառքից։ Թե չէ մեծ դահլիճի վերանորոգման, միջազգային կինոփառատոների անցկացման և այլ տեսակ-տեսակ պլպլան միջոցառումների անվան տակ այդ մեկ միլիոնը մի քանի ամսում կարելի է փոշիացնել և միության անդամներին զրկել բանկի արտարժույթից ստացվող տոկոսների հաշվին գործող սոցիալական փաթեթից՝ միանվագ օգնություն, թոշակ, բժշկական ապահովագրություն և այլն։ Կամ թե չէ կարող են արհեստականորեն միության շարքերը ուռճացնել, արժեցող-չարժեցողին ընդունել միության շարքերը և կրկնապատկել անդամների թիվը: Հարկավոր է քվոտայով ընդունել այն երիտասարդներին, ովքեր արժանահավատ են և հեռանկար ունեն հայկական կինոյում:

3) Կցանկանայի տեսնել նրան, ով մեծ դահլիճը և նրա օժանդակ մասերը, որի առջև Խանջյան փողոցի կողմից խոշոր տառերով գրված է «Կինոյի տուն», անձեռնմխելի պահելով բանկային արտարժույթը՝ կինոն, մշակույթը սիրող ու գնահատող մի հայրենասեր անհատ գտներ և վերակառուցելով այն դարձներ մշակութային մի հրաշալի կենտրոն։ Ավագ սերունդը շատ լավ է հիշում փոքրիկ արվեստի տան գործունեությունը (ԱԴՐԻ), որին էլ փոխարինեց նորակառույց Երևանի Կինոյի տունը։ Ասելիքս այն է, որ կինոյի տուն ասվածը նմանվի իսկական կինոյի տան, ասենք ինչպիսին Մոսկվայի կինոյի տունն է։ Ի դեպ, մեր տնօրինած միջոցները Մոսկվային չեն զիջում, եթե ավելին չէ․․․

4) Նա, ով Հենրիկ Մալյանի անունը կրող և նրա կողմից հիմնադրված 35-ամյա թատրոն-ստուդիան, որը ստեղծման օրվանից կինոմիության փոքր դահլիճում է գտնվում, Ռուբեն Գևորգյանցի պես կպահպանի, ու կդարձնի մայրաքաղաքի մշակութային գողտրիկ անկյուններից մեկը։ Ու այն չի դարձնի կասկածելի ֆիլմերի ցուցադրման վայր։

5) Եվ վերջապես, հնից եկող ստեղծագործական միություններ ասվածը, գործունեության ավելի լայն ոլորտներ ունեն թե՛ այսօր և թե՛ նախկինում։ Ճշմարիտն ասած, Հայաստանի դասական բոլոր միությունները մեր մտավորականության, ինչու չէ նաև երկրի կնճռոտ խնդիրները ուղղորդելու առաքելություն ունեն։ Ժամանակին Վարդգես Պետրոսյանը (գրողների միություն), Էդվարդ Միրզոյանը (կոմպոզիտորների միություն), Գրիգոր Խանջյանը (նկարիչների միություն), Կարեն Քալանթարը (կինոմիություն), Արտավազդ Խաչիկյանը (ժուռնալիստների միություն) հենց կինոյի տանը ստեղծագործական միացյալ համաժողով էին անցկացնում և արձագանքում Հայաստանի ու հայ ժողովրդի առջև ծառացած ամենալուրջ խնդիրներին։ Եվ համաժողովների ընթացքում այդ կնճռոտ հարցերից դուրս գալու ուղիներ էին նախանշում, իսկ իշխանությունները ականջալուր էին լինում։ Այո՛, կան արժեքներ, որոնց միջև հնի և նորի անջրպետ պիտի չդնել: Հիմա, գլոբալիզացիայի մեր այս հեղհեղուկ ժամանակներում, երբ ամեն օր համահարթեցվում ու ոչնչացվում են մարդկության կողմից դարերով ստեղծված բարձրագույն արժեքները, և դրսի ու ներսի խողովակներով հայ երիտասարդությանն են ներարկում նրա հոգևոր աշխարհը ավերող ու խաթարող գործոններ, կրկնակի կարևոր են դառնում մեր դասական՝ գրողների, նկարիչների, կոմպոզիտորների, կինեմատոգրաֆիստների, ժուռնալիստների միությունների դերն ու նշանակությունը:

Մի՞թե պարզ ու հասկանալի չէ, թե ինչու համար են անդադար կոչեր հնչում, թե այդ միությունները հնի մնացուկներ են և ամեն ինչ արվում է դրանք վարկաբեկելու, կազմաքանդելու ու ոչնչացնելու համար:

Ես մեր նախագահի պաշտոնում կցանկանայի տեսնել իր հողի վրա ամուր կանգնած, ազգային արժեքների համար կռիվ տվող, խմբակցություններից, թայֆաբազություններից զերծ, բոլորի շահերով ապրող անհատի: Սա է իմ պատասխանը, թե ում կցանկանայի տեսնել Հայաստանի կինոմիության նախագահ:

ՌՈԲԵՐՏ ՄԱԹՈՍՅԱՆ

Հայաստանի և Ռուսաստանի կինեմատոգրաֆիստների միության անդամ, «+Կինո» ամսագրի գլխավոր խմբագիր

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս