«Ստացվում է, որ բնակիչները մի խումբ մարդկանց պարզապես պահում են՝ ոչինչ չանելու համար. դա որևէ արդարացում չի կարող ունենալ». Քրիստ Մարուքյան

Վանաձոր քաղաքի ավագանու «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Քրիստ Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ հիմք ընդունելով հետընտրական բակային հանդիպումների ընթացքում բնակիչների կողմից հնչած բազմաթիվ բողոքները՝ դեռևս հուլիս ամսվա ընթացքում ավագանու «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը գրություններ էր ուղարկել համայնքապետարանի պաշտոնական կայքէջում նշված 59 համատիրությունների ղեկավարներին։

«Խնդրել էինք տրամադրել ամբողջական տեղեկատվություն 2016-2017թթ. և 2017թ. առաջին կիսամյակում տվյալ համատիրության պատասխանատվության տակ գտնվող շենքերից գանձված անդամավճարների ընդհանուր գումարի վերաբերյալ, ներկայացնել այդ ժամանակահատվածի յուրաքանչյուր ամիս իրականացված աշխատանքների բացված հաշվետվություն: Նաև տրամադրել համատիրության հիմնադիր արձանագրության պատճենը և բնակիչների հետ կնքվող պայմանագրի օրինակ: Գրությունների պատասխաններին սպասելու ընթացքում, հերթական անգամ vanadzor.am կայքում տեղադրված տվյալներն ուսումնասիրելիս՝ նկատեցինք, որ ցանկից պակասել է 18 համատիրություն։

Ենթադրեցինք, որ կայքում թարմացումներ են կատարվել և չգործող համատիրությունները հանվել են ցանկից։ Սակայն, երբ սկսեցինք պատասխան նամակներ ստանալ, պարզեցինք հասցեատերերի, ովքեր այդ անհետացած 18-ից էին։ Հետագայում աշխատանքներն ավելի ծավալուն փուլ անցան, և հայտնաբերեցինք համատիրություններ, որոնք աշխատանք են ծավալում, բայց ցանկում չեն ներառվել ոչ՛ նախկինում և ո՛չ էլ «թարմացումներից» հետո։ Նոր և հին ցանկերի տարբերությունները՝ կից նկարներում…. Իսկ վերջերս, հանկարծ հասկանալով, որ համատիրությունները համայնքային ենթակայության հիմնարկներ չեն հանդիսանում՝ համայնքապետարանը որոշեց ընդհանրապես հեռացնել համատիրությունների ցանկը կայքից, իբր դրանք այդտեղ չեն էլ եղել»,- մասնավորապես գրել էր նա։

168.am-ը Քրիստ Մարուքյանից հետաքրքրվեց՝ համատիրությունների աշխատանքի թափանցիկության հետ կապված այս խնդիրը որևէ կերպ կապո՞ւմ է Վանաձորի քաղաքապետի աշխատանքի հետ՝ հաշվի առնելով, որ իրենց հարցումից հետո է համատիրությունների մասին ինֆորմացիան հեռացվել քաղաքապետարանի կայքից։

Ի պատասխան՝ նա ասաց, որ նման ենթադրություններ չունի.

«Պարզապես, քանի որ համատիրությունների մասին ինֆորմացիան տեղադրված էր համայնքային ենթակայության հիմնարկների տակ (համատիրությունն իրականում համայնքային ենթակայության հիմնարկ չի հանդիսանում), և այս ընթացքում եղան տարբեր հրապարակումներ, հոդվածներ, ինձ թվում է՝ որոշեցին այդ սխալն այդպես ուղղել։ Բայց խնդիրն այն է, որ համայնքներում ծառայություններ մատուցող կառույցների մասին ինֆորմացիան, ամեն դեպքում, կարելի էր թողնել կայքում։

Այդ կառույցները համայնքներում ծառայություններ են մատուցում և պետք է ունենան համապատասխան թափանցիկության, հաշվետվողականության և հասանելիության բոլոր հնարավոր միջոցները։ Մինչև այդ տեղադրված ինֆորմացիայի մասին մենք էինք բարձրաձայնել, որ նույնիսկ եղած ցանկի մեջ կան կազմակերպություններ, որոնք ընդհանրապես գոյություն չունեն, և կան իրականում գործող համատիրություններ, որոնց մասին տվյալներ չկան այդ ցանկի մեջ։ Եվ լուծումը որոշեցին տալ՝ դա հեռացնելով, և, այսպես ասած՝ գլխացավանքից հեռու մնալով՝ այդ ամենը կարգավորելու փոխարեն»։

Քրիստ Մարուքյանը նշեց, որ համատիրությունների աշխատանքը շատ վատ է գնահատում.

«Երևի մատների վրա կարելի է հաշվել մեկ-երկու համատիրություն, որոնց դեպքում մարդիկ իրականում տեսնում են, որ կա համատիրությունը, որը լուծում է խնդիրներ և որոշակի ծառայություններ է մատուցում բնակիչներին։ Բայց մյուսների դեպքում բոլոր տեղերից լսում ենք, որ ընդամենը հավաքում են գումարներ և որևէ աշխատանք չեն անում։ Իրենց էլ որ խոսեցնում ես, ասում են՝ հավաքված գումարները բավարար են զուտ աշխատավարձ բաժանելու համար։

Ստացվում է, որ բնակիչները մի խումբ մարդկանց պարզապես պահում են՝ ոչինչ չանելու համար. դա որևէ արդարացում չի կարող ունենալ։ Դրա համար որպես լծակ՝ համատիրություն կոչվածներն օգտագործում էին տեղեկանք տալու մեթոդը, որ՝ եթե դուք մեզ չվճարեք, մենք ձեզ տեղեկանք չենք տա, բայց հիմա այդ տեղեկանքների տրամադրման մասն անցավ անձնագրային վարչություններին, և այդ լծակը՝ որպես այդպիսին, վերացել է։ Հիմա պարզապես գումար է հավաքագրվում՝ չգիտեմ՝ ինչ անելու համար։ Կան շատ դեպքեր, երբ մարդիկ առանց համատիրության գրանցելու՝ դուրս են գալիս իրենց համատիրությունից և իրենց շենքի խնդիրները լուծում անձնական ուժերով, այսինքն՝ եթե կա խնդիր, հաշվարկ են կատարում, թե ինչ արժեքի մասին է խոսքը, հավաքում են գումար և լուծում խնդիրը»։

Մեր հարցին, թե՝ առաջիկայում «Լուսավոր Հայաստանը» հնարավո՞ր է՝ որևէ նախաձեռնությամբ հանդես գա, թեկուզ՝ օրենսդրական նախագիծ մշակի՝ համատիրությունների աշխատանքը կարգավորելու վերաբերյալ, նա այսպես պատասխանեց. «Այս պահին նման քննարկում չունենք, բայց այս հարցի վերաբերյալ ավելի խորը պատկերացումներ ունենալով՝ միգուցե նման նախաձեռնությամբ հանդես գանք։ Հարցն այն է, որ, եթե կան արդյունավետ գործող համատիրություններ, ապա մարդկանց պարզապես պետք է հասցնել այդ տեղեկատվությունը։ Մարդիկ պետք է հասկանան, որ իրենք համատիրությունների գերին չեն և կարող են շատ հանգիստ դուրս գալ այդ համատիրություններից, ձևավորել նոր համատիրություններ, որոնք կլուծեն իրենց խնդիրները։ Այսինքն՝ այստեղ ավելի շատ ընկալումների խնդիր է, քան օրենսդրական կարգավորման։

Օրենսդրական կարգավորման առումով միգուցե կարելի է նրանց ավելի հաշվետվողական և ավելի թափանցիկ դաշտ բերել, որովհետև այս պահին չհամարվելով համայնքային ենթակայության հիմնարկներ՝ իրենց թվում է, թե իրենք կարող են մնալ ստվերում և հաշվետու չլինել իրենց կատարած ծախսերի և հավաքագրած գումարների մասին»։

Տեսանյութեր

Լրահոս