«Այ, սրանք են վտանգավոր՝ հայ բոլշևիկները, որոնք Ռուսաստանի շահերի համար հայրենիքը ծախում են». Լևոն Շիրինյանն անուններ է հրապարակում
«Ես կասկածում եմ, որ Թուրքիային թույլ կտան ունենալ C-400։ Ռուսաստանը դա կուզենա, որովհետև նրա խնդիրն ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների միջև առավելագույն հակասություններ առաջացնելն է։ Դրա համար այստեղ պետք է մի փոքր զգույշ լինենք»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց քաղաքագետ Լևոն Շիրինյանը։
Bloomberg գործակալությունը դեռևս հուլիս ամսին գրել էր, որ Ռուսաստանի կողմից Թուրքիային տրամադրվող C-400 համակարգերը կարող են տեղակայվել այդ երկրի ցանկացած տարածքում, այդ թվում՝ Հայաստանի հետ սահմանին։ Լևոն Շիրինյանը, սակայն, դա այդքան էլ իրատեսական չի համարում։
«Ի՞նչ է ստացվում․ հայ-թուրքական սահմանը հիմնականում պահում է ռուսական սահմանապահ զորքը՝ ռուսական տեխնիկայով, Ռուսաստանը C-400-ը տեղադրում է իր դե՞մ։ Դա անտրամաբանական է։ Այնպես չէ, որ Ռուսաստանը Հայաստանի մասին շատ է մտածում, ուղղակի իր արտաքին սահմանն այդպիսով կվտանգի։ Դա ռազմաքաղաքական մեծ բլեֆ է»։
Քաղաքագետն ընդգծում է՝ Արևմուտքն այդ հնարավոր գործարքից, անշուշտ, մտահոգված է, որովհետև, ըստ Շրինինյանի՝ սա դասական այն դեպքերից է, երբ Ռուսաստանը փորձում է Թուրքիայի պոկել Արևմուտքից և միացնել իրեն. «Եթե ռուս-թուրքական հարաբերությունները շատ խորանան, ապա ամերիկացիները կիրառելու են 1920թ. նոյեմբերի 22-ին Վուդրո Վիլսոնի ստորագրած հայտնի Իրավարար վճիռը, որն անժամկետ է։ Դա ամենազորեղ պահուստային տարբերակն է, որ ամերիկացիները պահում են թուրքերի համար։ Ես կուզեմ, որ ստանան C-400-ը և պատժվեն, թեև չեմ հավատում, որ ստանան»։
Մեր զրուցակիցը բացառում է, որ Թուրքիան կարող է C-400-ը ձեռք բերել և անհրաժեշտության դեպքում տալ Ադրբեջանին, ինչպես այդ մասին գրում են ադրբեջանական որոշ լրատվամիջոցներ․«Ադրբեջանցիները եթե կարողանային, իրենք կգնեին դա, քանի որ նրանք նավթը վաճառում են, այդ ամբողջ գումարով զենք են գնում՝ աշխատեցնելով Ռուսաստանի գործարանները։ Նման պայմանագրերը, որպես կանոն, կետեր են ունենում՝ երրորդ երկրներին չտրամադրել, հետևաբար՝ Թուրքիան չի կարող դրանք տրամադրել Ադրբեջանին»։
Ինչ վերաբերում է Հայաստանի անելիքներին՝ քաղաքագետը նշեց, որ, անկախ Ռուսաստանի հետ ունեցած դաշնակցային հարաբերություններից՝ Հայաստանը պետք է ուղղություն վերցնի դեպի ՆԱՏՕ. «Բոլշևիզմը պետք է ոչնչացվի և՛ մտածողության մեջ, և՛ գործնականում։ Բոլշևիզմը հայ ժողովրդի թշնամին է։ Դրա համար բազմավեկտոր քաղաքականությունը պետք է պահել և ավելի ծավալվել դեպի ՆԱՏՕ»։
Մեր դիտարկմանը, թե՝ այդ հնարավորությունը Ռուսաստանը չի տալիս Հայաստանին, նա այսպես արձագանքեց. «Աշխարհում ոչ մեկը չի ուզում, որ մենք ապրենք․ հիմա ապրե՞նք, թե՞ ոչ։ Ես դրա զուգահեռ հարցն եմ տալիս՝ ո՞վ էր թողնում, որ թուրքերը գային, տեղավորվեին Բյուզանդական Կայսրության տարածքում։ Ոչ ոք չէր թողնում, բայց տեղավորվեցին և հիմա էլ ասում են՝ մենք տեր ենք։ Երկրի իրական պետական անկախությունը գիշեր-ցերեկ պետք է ուժեղացվի»։
168.am-ը քաղաքագետին հիշեցրեց 2013թ. սեպտեմբերի 3-ը, երբ, ինչպես փորձագետներն են ասում՝ «մեկ գիշերում» Հայաստանը փոխեց արտաքին քաղաքական ուղղությունը՝ միանալով ԵՏՄ-ին։
«Դա ուրիշ իրավիճակ էր, ինքս էլ դրան համաձայն եմ եղել. եթե մենք այդ գիշեր այդ որոշումը չկայացնեինք, ապա աղետալի վիճակ կարող էր առաջանալ, Ուկրաինայի փոխարեն՝ մե՛նք անդունդում կհայտնվեինք։ Մենք ճանապարհից դուրս եկանք՝ անդունդում հայտնվեց Ուկրաինան, և լավ եղավ, որ հայտնվեց։ Հիմա այլևս այդ վիճակը չէ, և պետք չէ անընդհատ դա կրկնել։ Այդ ժամանակ շատ հեշտ էր Հայաստանը ոչնչացնել, որովհետև ադրբեջանցիների հետ միասին ագրեսիա կանեին։ Հիմա պետք է քաղաքական ճշգրտումներ անել, քանի որ այդ վիճակն անցել է»,- պարզաբանեց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ հիմա Հայաստանը պետք է հետևի ռուս-ամերիկյան հարաբերությունների զարգացմանը, որի արդյունքում, ըստ նրա՝ Ռուսաստանը կչափավորվի, քանի որ այլ տարբերակ չունի։
Քաղաքագետը նկատեց՝ ԱՄՆ-ը Ռուսաստանի հանդեպ կիրառում է անակոնդայի սկզբունքը․ «Անակոնդան չի սիրում հարձակվել, զոհին փոսն է գցում ու կամաց-կամաց փաթաթվելով՝ ձգում է մկանները, այնքան է ձգում՝ մինչև զոհը խյուսի է վերածվում։ Սա է ամերիկյան ռազմավարությունը։ Դրա համար մենք պետք է հավասարակշռությունը պահենք, և վստահ եմ, որ կընդարձակվենք, եթե 5-րդ շարասյունը չխանգարի։ 5-րդ շարասյունը հայերն են, որոնցից առաջիններն արդեն երևում են՝ Սերգեյ Կուրղինյան, Անդրանիկ Միհրանյան, հետո՝ նրանց մանկլավիկները Հայաստանում։ Ա՛յ, սրանք են վտանգավոր՝ հայ բոլշևիկները, որոնք Ռուսաստանի շահերի համար հայրենիքը ծախում են, որպեսզի արժանապատիվ կյանք ունենան Ռուսաստանում՝ քծնելով իրենց տերերին»։
Շիրինյանի խոսքով՝ Ռուսաստանի լրիվ ոչնչացումն էլ ձեռնտու չէ Հայաստանին, բայց հայ բոլշևիզմը, նրա կարծիքով՝ պետք է օձի գլխի նման ճզմվի․
«Մենք պետք է աշխատենք Ռուսաստան-Հայաստան միջպետական հարաբերություններով, ոչ թե ինչ-որ գործակալների ցանցով, որոնք աջից-ձախից կքայքայեն պետական հարաբերությունները։ Ռուսները չեն ուզում պետական հարաբերություններ, որովհետև դրա համար պետք է վճարեն։ Բայց մենք ընդարձակվելու բոլոր հնարավորություններն ունենք և ընդարձակվելու ենք»։