«ԼՂ խնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու մասին Ռոհանիի հայտարարությունն ուղղված էր Ադրբեջանին». իրանագետ
Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիի՝ օգոստոսի 6-ին կայացած հանդիպումը կարևոր էր թե քաղաքական, թե տնտեսական, թե տարածաշրջանային անվտանգության առումներով: «Արմենպրես»-ի հետ զրույցում նման գնահատական տվեց իրանագետ Արմեն Իսրայելյանը՝ նկատելով, որ անկախությունից ի վեր Հայաստանի Հանրապետությունը շարունակում է որպես բարեկամ և ռազմավարական դերակատարություն ունեցող երկիր խորացնել Իրանի հետ երկկողմ հարաբերությունները:
«Հանդիպման ժամանակ Հայաստանի կողմից հստակ ուղերձ էր հղված, որ Երևանը վճռական ու հավատարիմ է Թեհրանի հետ հարաբերությունները զարգացնելու վերաբերյալ իր հայտարարություններին, և դրանք ունեն ու ունենալու են գործնական դրսևորումներ: Հայաստանի կողմից բարձր մակարդակով Հասան Ռոհանիի երդմնակալության մասնակցությունը շատ կարևոր էր և Իրանում մեծ գնահատականի արժանացավ այս հանգամանքը թե իրանական հեռուստատեսությունների, թե լրատվական գործակալությունների և թե տպագիր մամուլի կողմից»,- ասաց Իսրայելյանը:
Իրանագետը նշեց, որ հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք խնդիրներ և հատկապես կարևորվել է երկու երկրների միջև հարաբերությունների զարգացումը տնտեսության ոլորտում:
«Կարծում եմ, որ առաջիկայում երկու երկրներն առավել մեծ ուշադրություն կդարձնեն հատկապես տնտեսության ոլորտում համագործակցության խորացմանը: Եվ վերջին շրջանում դա նկատվումն է. այն համաձայնությունները, որոնք ձեռք են բերվել երկու երկրների միջև, կյանքի են կոչվում: Դրանցից մեկը Նորդուզ-Մեղրի սահմանային դարպասի շահագործումն է: Պակաս կարևոր չէր Հայաստանի կողմից վիզային ռեժիմի չեղարկումը, քանզի Թեհրանը վերջին տարիներին նրա արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է. վիզային ռեժիմի չեղարկումը բարձր գնահատականի արժանացավ Իրանի կողմից»,- ընդգծեց Իսրայելյանը:
Իրանագետը հաջորդ կարևոր բաղադրիչն է համարում անվտանգության ոլորտում երկու երկրների շահերի համընկնումը:
«Թեհրանի համար շատ կարևոր է Հայաստանի վարած քաղաքականությունը Հարավային Կովկասում: Անվտանգության կարևորումը նկատվեց Թեհրանի կողմից` ապրիլյան պատերազմից հետո, տարածաշրջանում տեղի ունեցած զարգացումներից և Իրանում վերջերս տեղի ունեցած ահաբեկչական գործողություններից , որտեղ Իրանը իր երկրի տարածքում զգաց անվտանգության անմիջական սպառնալիքը: Ուստի Թեհրանը վերանայեց իր հարավկովկասյան քաղաքականությունը, խորացնելով իր հարաբերությունները Երևանի հետ»,-նշեց Իսրայելյանը:
Իրանագետի կարծիքով` ԼՂ հակամարտության կարգավորման հարցի վերաբերյալ Ռոհանիի հայտարարությունը շատ կարևոր «մեսիջ» էր պարունակում:
«Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը քաղաքական ճանապարհով լուծելու կոչից բացի, Ռոհանին շատ կարևոր «մեսիջ» հղեց այն մասին, որ Թեհրանը այլևս երբեք թույլ չի տալու իր սահմանների շրջանում ապակայունացում: Կարծում եմ, այս «մեսիջն» առաջին հերթին ուղղված էր Ադրբեջանին , որը վերջին ժամանակները հետևողականորեն փորձում է լարել սահմանում իրավիճակը: Այս առումով նույնպես Հայաստանի և Իրանի շահերը համընկնում են»,- եզրափակեց Իսրայելյանը: