«Ռուսաստանի ներքին որոշումները չպետք է տարածվեն Հայաստանի վրա». Ստեփան Գրիգորյան

Ինչո՞ւ  է ԵԱՏՄ-ն պետք Ռուսաստանին։ Ըստ քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի՝ շատ կարևոր է հասկանալ սա, քանի որ Ռուսաստանը գլխավոր դերակատարն է այդ ինտեգրացիայում. «Ինտեգրացիոն ծրագիր իրականացնե՞լ, ազատ առևտրի գոտի ստեղծե՞լ, թե՞ ինչ-որ ուրիշ բանի համար։ Գլխավոր հարցն այսօր սա է։ Զարգացումները ցույց են տալիս, որ ՌԴ-ի համար տնտեսական զարգացումը ԵԱՏՄ-ում առաջնահերթություն չէ։ Ռուսաստանի համար ավելի կարևոր է ԵԱՏՄ անդամ պետություններին քաղաքականապես կապել իր հետ, այլ ոչ թե՝ զարգացնել  տնտեսությունը։ Ռուսաստանն այստեղ գլխավոր խաղացողն է, և իր համար ավելի կարևոր է քաղաքական բաղադրիչը, այլ ոչ թե՝ տնտեսական»։

Ըստ բանախոսի՝ ապացույցներից մեկը մեր վարորդական վկայականների պատմությունն է.

«Դա արհեստածին խոչընդոտ է։ Բնական խոչընդոտ է այն, որ սահման չունենք ՌԴ-ի հետ, բայց սահմանափակում մտցնել վարորդական իրավունքների, վկայականների օգտագործման վրա, արհեստածին է»։

Ս. Գրիգորյանի խոսքով՝ այլ օրինակ է արտերկրից ներկրվող ալկոհոլային խմիչքների՝ հայկական կոնյակի հարկումը ռուսական շուկայում, որի հետևանքով գինը բարձրանում է, և հետևաբար՝ ավելի քիչ է վաճառքը լինելու։

«Ռուսաստանի ներքին որոշումները չպետք է տարածվեն Հայաստանի վրա։ Պետք է տարածվեն օտար երկրների վրա, այլ ոչ թե՝ Հայաստանի, որը ԵԱՏՄ-ի անդամ է»,- նկատեց բանախոսը։

Նա հիշեցրեց, որ, երբ 2013 թ. Հայաստանը որոշեց Եվրասիական ինտեգրացիայի ճանապարհով գնալ, գերակշռող քաղաքական ուժերը, որոնք կողմ քվեարկեցին, այս փաստարկներն ունեին՝ մեզ համար ծանոթ շուկաներ են՝ հետխորհրդային տարածք, մեր բիզնեսի համար դրական միջավայր է, լեզվի խնդիր չկա, մեր ապրանքները մրցակցությանը կդիմանան, Եվրոպայում մրցունակ չենք, և ամենակարևորը՝ անվտանգության խնդիրը, իսկ այն մարդիկ, որոնք այդ ինտեգրացիային դեմ էին, ունեին այս փաստարկները՝ եթե մենք չունենք ցամաքային սահման այդ ինտեգրացիայի ոչ մի երկրի հետ, լավ կաշխատենք թե վատ, նշանակություն չունի՝ ունես սահմանափակ հնարավորություն, որովհետև ցանկացած ազատ տնտեսական գոտի ստեղծելիս կարևոր է, որ հեշտությամբ ֆիզիկապես հատես սահմանը։

«Բոլորը գիտեն, որ Վերին Լարսը վստահելի սահման չէ։ Տարին մի քանի ամիս փակվում է եղանակների պատճառով, և այլն։ Վերջին երկու տարիների ընթացքում և՛ իշխանությունները, և՛ ձեռներեցները բողոքում են՝ սահմանը կամ փակ է, կամ ճանապարհը վատ վիճակում է, նաև ՌԴ մուտք գործելիս՝ փող են շորթում։ ՌԴ-ի տնտեսությունն աշխարհում առաջատարը չէ։ Կոռուպցիոն ռիսկերը մեծ են։ Սա գրեթե ամեն օր ասում է ՌԴ նախագահը։ Եթե դու քո տնտեսությունն ավելի ուժեղ կապում ես այն երկրի հետ, որի տնտեսությունը սանկցիաների տակ է, որի տնտեսությունը ճգնաժամ է ապրում, պարզ է, որ արդյունքը մեծ չի լինի»։

Երրորդ ամենակարևոր խնդիրը խաղի կանոններն են։ Ըստ բանախոսի՝ այդ ինտեգրացիայի խաղի կանոնները կհարվածեն փոքր և միջին բիզնեսին. «Խաղի կանոնների պտուղներից մեկը մենք երեկ քաղեցինք. իրավունք չունենք 5 կգ-ից ավելի ապրանք դուրս բերել Հայաստանից»։

Հարցին, թե ԱՄՆ-ի Սենատը որոշել է ՌԴ-ի դեմ սանկցիաներ կիրառել, դա ինչպե՞ս կանդրադառնա ՀՀ-ի վրա, քանի որ Հայաստանը ՌԴ-ի դաշնակիցն է և ԵԱՏՄ անդամ, Ս. Գրիգորյանը պատասխանեց.

«Սանկցիաները շատ ինդիվիդուալ են և վերաբերում են ՌԴ-ին։ Ֆորմալ տեսանկյունից դա ԵԱՏՄ-ի հետ կապված չէ։ ԵՄ-ի և ԱՄՆ-ի պատժամիջոցների մեջ ամենագլխավոր մասն է՝ չտալ Ռուսաստանին նոր տեխնոլոգիաներ, և այս պարագայում իրենց տնտեսությունն էլ ավելի հետամնաց կլինի։

Ստացվում է, որ մենք կապում ենք մեր տնտեսությունն էլ ավելի հետամնաց երկրի հետ։ Պարզ է՝ դա ոչ ուղղակի կազդի նաև մեզ վրա»։

Ըստ նրա՝ ԵՄ-ն շատ բացասական ռեակցիա է տալիս սանկցիաներին, քանի որ այդ սանկցիաները նաև տարածվում են այն ծրագրերի վրա, որոնք հիմա Ռուսաստանը, օրինակ, իրականացնում է Գերմանիայի հետ էներգետիկ դաշտում։

«Ուրեմն նույնիսկ Գերմանիայի մասշտաբի երկրի վրա այս սանկցիաները կազդեն, և Գերմանիան դրա մասին խոսում է, պարզ է՝ մեր վրա կազդի ու կազդի»,- ասաց Ստեփան Գրիգորյանը։

Ռոզա Հակոբյան

Տեսանյութեր

Լրահոս