Գերմանիան և Շվեդիան բողոքի նոտա են հղել Թուրքիային
Գերմանիան և Շվեդիան Թուրքիայում վեց իրավապաշտպանի, այդ թվում և Գերմանիայի ու Շվեդիայի քաղաքացիների կալանավորման փաստի առնչությամբ բողոքի նոտա են հղել պաշտոնական Անկարային: Ինչպես հաղորդում է գերմանական Deutsche Welle-ը, այս մասին հայտնել է Գերմանիայի ԱԳՆ խոսնակ Մարտին Շեֆերը:
Խոսնակը տեղեկացրել է, որ ներկայացված բողոքի նոտայում իրենք պահանջել են Թուրքիայի իշխանություններից հստակեցնել, թե կալանավորվածները, մասնավորապես Գերմանիայի քաղաքացի Պետեր Ստոյդթները և Շվեդիայի քաղաքացի Ալի Գարավին ինչում են մեղադրվում:
«Պաշտոնապես նրա (խմբ.-Ստոյդթների) դեմ ահաբեկչական խմբավորման անդամ լինելու մեղադրանք է ներկայացվում: Այնուհետև Թուրքիայի նախագահից լսում ենք, թե նա Գերմանիայի Դաշնային Հանրապետության գործակալն է և ցանկանում է մասնատել Թուրքիան: Երկու մեղադրանքներն էլ չեն կարող ճիշտ լինել»,- ասել է Շեֆերը:
Նա նշել է, որ իրենք մեծ ջանքեր են գործադրում, որպեսզի կալանավորվածները չդառնան թուրքական կառավարության գերիները:
«Այլևս դժվար է հանգիստ խղճով Գերմանիայի քաղաքացիներին առաջարկել այցելել Թուրքիա»,- նկատել է նա:
Ստամբուլում հուլիսի 5–ին ձերբակալված տասն իրավապաշտպաններից վեցը՝ Իդիլ Էսերը, Օզլեմ Դալքըրանը, Վելի Աջուն, Գյունալ Քուրշունը, Ալի Գարավին և Պետեր Ստոյդթները կալանավորվել են, չորսը՝ ազատ արձակվել:
Իրավապաշտպանները մեղադրվում են «ահաբեկչական խմբավորման անդամ լինելու» մեջ: Ձերբակալվածների շարքում են միջազգային Amnesty International կազմակերպության Թուրքիայի գրասենյակի ղեկավարն ու նույն կազմակերպության աշխատակիցը:
Amnesty International-ը կոչ է արել ճնշում գործադրել Թուրքիայի իշխանությունների վրա՝ անմիջապես դադարեցնելու հետապնդումներն ու ազատ արձակելու իրավապաշտպաններին: «Այսօր մենք հասկացանք, որ մարդու իրավունքների համար պայքարելը Թուրքիայում հանցանք է համարվում: Եկել է ճշմարտության պահը Թուրքիայի և միջազգային հասարակության համար: Աշխարհի առաջնորդները պետք է դադարեցնեն կծել լեզուն և շարունակեն իրենց գործերն այնպես, ասես ոչինչ տեղի չի ունեցել»,- հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Սալիլ Շեթին:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ևս դատապարտել է Թուրքիայում ակտիվիստների, այդ թվում Գերմանիայի քաղաքացի Պետեր Ստոյդթներին կալանավորելու մասին որոշումը՝ կոչ անելով անմիջապես ազատ արձակել նրան:
Շվեդիայի ԱԳՆ-ն ևս հայտարարությամբ է հանդես եկել իր քաղաքացու՝ Ալի Գարավիի կալանավորման առնչությամբ՝ հայտարարելով, որ իրենք զբաղվում են այս խնդրով: