«Ադրբեջանի իշխանությունները ստացան այն ամենը, ինչ ցանկանում էին». Դենիս Դվորնիկովը՝ Ալեքսանդր Լապշինի դատապարտման մասին
Հարցազրույց Միջազգային իրավունքի ռուսական ասոցիացիայի անդամ, իրավաբանական գիտությունների թեկնածու Դենիս Դվորնիկովի հետ
– Պարոն Դվորնիկով, ադրբեջանական դատարանը բլոգեր Ալեքսանդր Լապշինին դատապարտել է 3 տարվա ազատազրկման՝ առանց Ադրբեջանի իշխանությունների հետ համաձայնեցնելու Արցախ այցելության համար։ Ինչի՞ մասին է խոսում այս փաստը, և կարելի՞ է արդյոք սա անվանել ահաբեկչական ակտ։
– Հայկական լրատվամիջոցների և բլոգերների մեծ սխալն է՝ խոսել այն մասին, որ Ալեքսանդր Լապշինը դատապարտվել է Արցախ այցելության համար։ Դա այդպես չէ։ Նա դատապարտվել է այն պատճառով, որ, գտնվելով Ադրբեջանի նոն-գրատա անձանց ցուցակում, չգիտես ինչու, որոշել էր հատել այդ պետության սահմանը։ Փայլփլուն գլխագրերը, որ՝ «բլոգերին դատում են Արցախ այցելության համար», պարզունակ են, խնդիրը հասարակ է դարձվում, ինչը վնասում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը, նրա վարկին և զբոսաշրջային ոլորտին։ Ես չէի չարաշահի նաև «ահաբեկչական ակտ» և այլ նման տերմիններ։ Կան ավելի լուրջ և տեղին առիթներ կոշտ քննադատության համար։ Լապշինի հետ պատմությունը ծայրահեղ կերպով տհաճ է, հատկապես՝ հաշվի առնելով բավականին տարօրինակ արտահանձնումը։ Բայց չի կարելի աչք փակել, որ Լապշինն ինքն է հրահրել Ադրբեջանի իշխանություններին՝ իր անտեղի այցով։
– Դատարանի որոշմամբ՝ Լապշինն ազատազրկումն անցկացնելու է ընդհանուր ռեժիմի բանտում, սակայն ադրբեջանական քաղաքագետներն ու քաղաքական որոշ գործիչներ ենթադրում են, որ նրան, ամենայն հավանականությամբ, ժամանակից շուտ ազատ կարձակեն։ Դա ի՞նչ է՝ մարդասիրություն և բարեգործություն Ալիևի՞ կողմից։
– Ես կարծում եմ, որ խոսքը գնում է նախապես կայացրած պայմանավորվածությունների մասին։ Ամեն դեպքում, Լապշինի ձերբակալության քննարկումն առնվազն 2 պետություններում բարձրացել է նախագահական մակարդակի, իսկ ընդհանուր առմամբ՝ առնչվում է առնվազն 4 երկրների շահերին՝ չհաշված Հայաստանն ու Արցախը։ Նման իրադրությունները պարտադիր կարգով պահանջում են բանակցություններ արտաքին քաղաքական գերատեսչությունների մակարդակով։ Այդ պատճառով սցենարն արդեն համաձայնեցված է, և շուտով բոլորս կտեսնենք այն։
– Լապշինը Ռուսաստանի, Ուկրաինայի և Իսրայելի քաղաքացի է, և, միջազգային նորմերի համաձայն, կարող է պատիժը կրել այդ երկրներից որևէ մեկում։ Ձեր կարծիքով՝ Ռուսաստանը կպահանջի՞ արդյոք իրեն արտահանձնել իր քաղաքացուն։
– Ես կարծում եմ, որ նման փաստաթուղթը կա՛մ արդեն ուղարկվել է, կա՛մ մոտ օրերս կուղարկվի։ Ձևական բոլոր կողմերը կպահպանվեն։ Առավել հավանական է, որ Լապշինը կհանձնվի Իսրայելին։ Բայց դա միայն իմ ենթադրությունն է։ Ադրբեջանի իշխանությունները ստացել են այն ամենը, ինչ ցանկանում էին՝ հրապարակային արտահանձնում, մեղադրյալի՝ ներում հայցող ճառեր։ Այս ներկայացման կուլմինացիան կլինի Թել Ավիվի ուղղությամբ արված գեղեցիկ ժեստը։