SOS. Նաիրիտցիներն ահազանգում են կառավարությանը
«Նաիրիտ» գործարանում սկսվել են 1-24 արտադրամասի ապամոնտաժման աշխատանքները: Այս մասին 168.am-ին ահազանգեցին գործարանի համակարգող խմբից։
Այդ արտադրամասը նախատեսված է ջրերի մաքրման, աղաջրի պատրաստման, կալցիումի քլորի ստացման և հետագայում արտադրությունում օգտագործելու համար, ինչպես նաև՝ կաուչուկի արտադրությունից ստացված թափոնների չեզոքացման ու մաքրման համար:
Առանց այս արտադրության գործարանի շահագործումը հետագայում կդառնա անհնար: Համակարգող խմբի ներկայացուցիչները վստահ են, որ սնանկության կառավարիչն այս գործունեությունն իրականացնում է առանց կառավարության գիտության, քանի որ, ըստ նրանց տեղեկատվության, օգոստոսի սկզբին նախատեսված է հանդիպում կառավարության և EU-ASIA Business Finance Centre հոլդինգի ներկայացուցիչների միջև, իսկ գործարանի կառավարչի կողմից արտադրամասի ապամոնտաժման մեկնարկն այդ հանդիպումը դարձնում է անիմաստ:
Հիշեցնենք, որ միջազգային այս հոլդինգը պատրաստակամ է ստանձնել «Նաիրիտի» վերագործարկման բեռը, ներդրումներ կատարել և կարճ ժամանակում արդիականացնել գործարանը։
Ըստ համակարգող խմբի՝ «Նաիրիտի» սնանկության կառավարիչ Կարեն Ասատրյանը բազմիցս հայտարարել է, թե իրեն ոչ ոք չի կարող կարգադրել՝ ինչպես շարժվել, և ինքը միայնակ է որոշում՝ ինչ անել, քանի որ ազատ ելումուտ ունի նախագահական նստավայր։
«Նաիրիտի» նախկին տնօրեն Կարեն Իսրայելյանը մեզ հետ զրույցում հաստատեց, որ այս արտադրամասի ապամոնտաժումը կարող է խափանել գործարանի հետագա վերագործարկման աշխատանքները:
Կ.Իսրայելյանը նաև տեղեկացրեց, որ ինքը՝ որպես պարտատեր, պատվիրված նամակ է հղել սնանկության կառավարչին՝ խնդրելով տեղեկատվություն տրամադրել հունիսի 1-ի դրությամբ «Նաիրիտի» պարտատերերի պարտքի գումարային չափի վերաբերյալ:
Սակայն Կ.Իսրայելյանն առայսօր ոչ միայն պատասխան չի ստացել, այլև չի կարողանում նույնիսկ հեռախոսով կապ հաստատել կառավարչի հետ։ Azdarar.am-ում աճուրդների անցկացման նպատակով Կարեն Ասատրյանի հրապարակած հեռախոսահամարն ուղղակի գոյություն չունի, չի գործում։
Վերջինիս մեր զանգերը նույնպես, տևական ժամանակ է՝ անպատասխան են մնում։
«Այստեղից պարզ է դառնում, թե ինչ կարգով է կառավարիչն իրականացնում իր կողմից հայտարարված աճուրդները, եթե մասնակիցը չի կարողանում նրա հետ կապ հաստատել ու ճշտումներ մտցնել»,- ասաց Կ.Իսրայելյանը:
Ավելին՝ Կարեն Ասատրյանը հուլիսի 11-ին միջնորդություն է ներկայացրել դատարան՝ «Նաիրիտ գործարան» ՓԲԸ–ի գույքի հրապարակային սակարկություններով վաճառքի թույլտվություն ստանալու համար: Մի քանի աճուրդի անցկացումից հետո, ըստ երևույթին, Ասատրյանը հոգնել է կազմակերպչական աշխատանքներից, քաշքշուկից, և հիմա ուզում է միանձնյա որոշել՝ թե ինչպես, ինչ գնով և ում ուղղակի ձևով վաճառել «Նաիրիտի» գույքը։
Դեռ 2 ամիս առաջ մենք արդեն գրել էինք, որ Ասատրյանը վաճառքի է հանել գործարանի գույքը՝ սարքավորումներ, հաստոցներ, պահեստամասեր (վենտիլների, փականների), քիմիական նյութեր, տարողություններ և այլն:
Ընդ որում՝ աճուրդով և աճուրդից դուրս գույքի և հումքի վաճառքն Ասատրյանն իրականացնում է շուկայականից խիստ ցածր գներով։
Օրինակ՝ տոլուոլ նյութը վաճառվում է 20-80 դրամով՝ այն դեպքում, երբ դրա շուկայական գինը 800-900 դոլար է՝ 1 տոննան, այսինքն՝ շուրջ 400 դրամ։ Իսկ գնորդները հիմնականում «Նաիրիտի» նախկին աշխատողներ են, որոնք լավ գիտեն, թե ում ինչ կարելի է վաճառել, և այս գործընթացում վերավաճառողների դեր են ստանձնել։
Այսինքն՝ աճուրդի անվան տակ երկակի խաղ է տարվում։
Այնպիսի տպավորություն է, կարծես սնանկության կառավարչի առջև խնդիր է դրված՝ շուտափույթ պատմության գիրկն ուղարկել «Նաիրիտ» գործարանը և մոռացության տալ բոլոր կոռուպցիոն պատմությունները։
Մինչդեռ նաիրիտցիները համոզված են, որ դեռևս հնարավոր է փրկել գործարանը, բայց դրա համար շտապ միջոցներ պետք է ձեռնարկի կառավարությունը՝ կառավարչի ախորժակը փակելու համար։