«Նույն ահաբեկչությունը շարունակվելու է, նույն սպառնալիքը լինելու է և՛ տարածաշրջանում, և՛ տարածաշրջանից դուրս». Սարգիս Գրիգորյան

Արաբագետ Հայկ Քոչարյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց, որ թեև հակաահաբեկչական պայքարը Մոսուլում ավարտված է կամ մոտ է ավարտին, անվտանգության գոտիների հաստատումը խաղաղության հույս է ներշնչում, բայց մյուս կողմից, նրա խոսքով՝ պաշտոնական Դամասկոսն ավելի վստահ զգալով իրեն՝ փորձում է բանակցություններում ավելի շատ բան ստանալ․

«Հիմնական մեղավորությունը դրվում է ասադյան ուժերի վրա, որ հնարավոր չի լինում ընդհանուր հայտարարի գալ։ Սրան զուգահեռ՝ Մերձավոր Արևելքում փոխվում է անվտանգության միջավայրը․ահաբեկիչների բնօրրանը թիրախավորելով՝ ահաբեկչությունը փորձ է արվում ավելի արտահանել»։

Ասուլիսի մյուս բանախոս՝ արաբագետ Սարգիս Գրիգորյանի խոսքով՝ միջազգային հանրությունը, փորձագետները կենտրոնացած են հիմնականում ԻԼԻՊ-ի վրա, բայց ըստ նրա՝ այլ բավականին ակտիվ կառույցներ դուրս են մնում այդ ուշադրությունից․«Օրինակ՝ Ալ Կաիդան, որը ոչ միայն փորձեց արմատներ գցել, այլև մնալով աննկատ՝ փորձեց էլ ավելի ամրապնդվել Սիրիայում և Իրաքում։ Այս խմբավորումները դեռևս երկար են մնալու և փորձելու են ամեն ինչ անել, որպեսզի մասնակից լինեն հետագա հետսիրիական զարգացումներին, ինչը բավականին վտանգավոր է։ ԻԼԻՊ կոչված կառույցը վերացվելու է, բայց մյուս ակտիվ կառույցների դեմ պայքարը դեռևս շարունակվելու է»։

Մյուս իրողությունն, ըստ Գրիգորյանի՝ այն է, ԻԼԻՊ-ը դիտարկվել է՝ որպես առանձին կառույց. «Բայց զարգացումները ցույց տվեցին, որ այս կառույցն ի սկզբանե հանդես էր գալիս որպես պետություն։ Ավելին՝ նա վերազգային, վերպետական նկրտումներ ուներ։ Այն, ինչ հիմա Մերձավոր Արևելքում է տեղի ունենում, պետք է բացատրվի այս կառույցի նման վարքագծով։ Եվ հիմա, երբ տեսնում ենք, որ նա որոշակի տարածքներ է զիջում, բայց վարքագիծը դրանով չի փոխվում․ նրանք հայտարարում են, որ տարածքներ զիջելով՝ կառույցը չի թուլանում, ընդհակառակը՝ էլ ավելի է ակտիվացնելու իր գործողությունները տարածաշրջանում ու դրանից դուրս»։

168.am-ի հարցին՝ ԻԼԻՊ-ի առաջնորդ Աբու Բաքր ալ Բաղդադիի սպանության մասին անընդհատ լուրեր են շրջանառվում. ի՞նչ կփոխվի, եթե Բաղդադին իրոք սպանված լինի, ԻԼԻՊ-ի վարքագծի վրա դա ի՞նչ ազդեցություն կունենա, Սարգիս Գրիգորյանը պատասխանեց.

«Որոշ բան կփոխվի, որովհետև Աբու Բաքր ալ Բաղդադին ԻԼԻՊ-ի նախորդ ղեկավարներից տարբերվում էր նրանով, որ այս լիդերի հետ է կապված կառույցի վերելքը։ Նրա կառավարման ժամանակահատվածում կառույցն սկսեց ընդլայնվել։ Բայց մարտավարական, ռազմավարական առումներով ոչ մի փոփոխություն չի լինելու։ Եթե նա սպանվել է, ապա ԻԼԻՊ-ը զբազված է նոր լիդերի փնտրտուքով, բայց դրանից որևէ փոփոխություն կառույցի մարտավարության մեջ չի նկատվելու. նույն ահաբեկչությունը շարունակվելու է, նույն սպառնալիքը լինելու է և՛ տարածաշրջանում, և՛ տարածաշրջանից դուրս»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս