Բաժիններ՝

«ՄԺԾԾ-ի նախագծման մոդելավորումը տարբերվել է նախորդից». Ռուզաննա Գաբրիելյան

«Այս ՄԺԾԾ-ի նախագծման մոդելավորումը տարբերվել է նախորդից»,- այսօր GIZ-ի աջակցությամբ կազմակերպված ՀՀ Միջնաժամկետ ծախսային ծրագրի քննարկման ժամանակ հայտարարեց ՖՆ Բյուջետային գործընթացի կառավարման վարչության պետական բյուջեի եկամուտների ֆինանսական ծրագրավորման բաժնի պետ Ռուզաննա Գաբրիելյանը` ներկայացնելով փաստաթուղթը:

Ըստ նրա` մակրոտնտեսական 2 մոտեցումներ են կիրառվել` պահանջարկի դրական ճեղքի դեպքում հարկերն ավելացնելու և ծախսերը նվազեցնելու տարբերակն ու պահանջարկի բացասական ճեղքի դեպքում հարկերը նվազեցնելու և ծախսերը մեծացնելու տարբերակը: Ռ. Գաբրիելյանի խոսքով` ֆիսկալ քաղաքականությունը բիզնեսի ցիկլերին ադեկվատ է, եթե ցածր տնտեսական ակտիվության ժամանակ բյուջեն դեֆիցիտով է, ապա գերտաքացած տնտեսության պայմաններում բյուջեն հավելուրդով է. «Տնտեսությունը մեզ կառաջարկեր ավելացնել ծախսերը և նվազեցնել հարկերը, բայց դրա հնարավորությունը չկա: Պարտքի կայունության ապահովման խնդիր ունենք և պետք է առաջնորդվենք պարտքի մակարդակը կայուն պահելու սկզբունքով»:

Գաբրիելյանը նշեց, որ եկամտային հարկի մասով նոր դրույքաչափեր են կիրառվելու և ընդլայնվելու է հարկային ներուժը` կիրառելով հարկման ուղղահայաց արդարության սկզբունքը, գույքի արժեքի հավելաճի հարկման մեխանիզմների ներդրում, տեսանելի հարստության` առավել մեծ չափերով հարկում, եկամտային հարկերի դրույքաչափերի՝ առավել ընդգծված պրոգրեսիվացում, ինչպես նաև հարկման հորիզոնական արդարության սկզբունքը` հարկային արտոնությունների շրջանակի կրճատում, հարկման բազայի առավելագույն ընդլայնում, ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների շրջանակի ընդլայնում:

ՄԺԾԾ համաձայն` երկարաժամկետ հատվածում բյուջեի ընդհանուր հասանելի ռեսուրսները դրսևորելու են շարունակական աճի միտում, իսկ ռեսուրսային շրջանակի ընդլայնման հիմնական աղբյուր են հանդիսանալու հարկային եկամուտները, որոնք իրականացվելիք միջոցառումների արդյունքում տարեկան միջինում աճելու են ՀՆԱ-ի նկատմամբ 0.3-0.4 տոկոսային կետով, մինչդեռ եկամտային մյուս հոդվածները դրսևորելու են հարաբերականորեն կայուն վարքագիծ։ Միևնույն ժամանակ, ելնելով մակրոտնտեսական, մասնավորապես՝ պետական պարտքի կայունության ապահովման նկատառումներից, նախատեսվում է դեֆիցիտի մակարդակն աստիճանաբար նվազեցնելով՝ պահպանել ՀՆԱ-ի նկատմամբ 2 տոկոսի  սահմաններում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս