Հայաստան-Գանա

2017թ. հուլիսի 7-ին «Եվրամիության էներգաարդյունավետության օրերը Հայաստանում» խորագրով միջոցառումների շրջանակում Երևանում կայացավ արեգակնային պանելից սնվող հասարակական տրանսպորտի կանգառի բացումը: Միջոցառմանը մասնակցում էր Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտոր Սվիտալսկին: Միջոցառման նպատակն էր՝ ցույց տալ, թե ինչպես կարելի է լիցքավորել բջջային հեռախոսը՝ արեգակից, և կիսվել էներգաարդյունավետության (ԷԱ) ու վերականգնվող էներգետիկայի (ՎԷ) զարգացման ուղությամբ «Եվրոպական լավագույն փորձով»:

2017թ. հուլիսի 10-ին Դոյչե Վելե հեռուստաընկերությունը եթեր թողարկեց «Արևային Գանայի ատոմային պլաները» ռեպորտաժը: Այս մեդիա-միջոցառման նպատակն էր՝ նախ՝ տարակուսել և մի փոքր հեգնել առ այն, որ «Արևային Գանայում» ինչ-որ մեկը, իրոք, մտածում է ատոմային էներգետիկայի զարգացման մասին:

Առավել ևս, որ, օրինակ, Ճապոնիայում կամ հենց նույն Գերմանիայում մտադիր են հրաժարվել (բայց, այդպես էլ չեն հրաժարվում) ատոմային էներգետիկայից:

Եվ երկրորդը՝ ռեպորտաժի նպատակն էր նա՝և ուրվագծել այն ապշեցուցիչ հեռանկարները, որը բացում է արեգակնային էներգետիկան Գանայի հովիվների և քոչվորների առջև: Հասարակական տրանսպորտի կանգառ այստեղ հնարավոր չեղավ գտնել: Բայց դե մեկ է՝ արեգակից բջջային հեռախոս այնուամենայնիվ հնարավոր եղավ լիցքավորել (տես՝ լուսանկարներում):

Ի՞նչ ընդհանրություն ունեն այս երկու դիպվածները: Վերջին ժամանակ այս հարցին առիթ ունեցել ենք մի շարք հոդվածներ և հարցազրույցներ նվիրել, այդ թվում՝ և Ձեր հարգարժան թերթում (հունիսի 3-ը, 2017թ. «168 Ժամ» թերթ): Ուստի, դրանց ենք հղում հետաքրքրված ընթերցողների, ինչպես նաև՝ Հայաստանում արևմտյան մի շարք տերությունների դեսպանների ուշադրությունը:

Միևնույն ժամանակ, վարանում ենք մտածել, որ դրանցում առկա ընդհանրությունը կարող է հիշեցնել հետևյալ երկու փաստերի միջև նշմարելի ընդհանրությունը:

1626թ. հունիսին, Հյուսիս-Ամերիկյան գաղութների ղեկավար Պյոտոր Մինուիթը, որսից վերադարձող կանարսիս ցեղախմբի հնդիկներից փոխանակեց Մանհեթեն կղզին՝ 60 գուլդեն (24 դոլար) ընդհանուր արժողությամբ ուլունք և զարդ-զիբիլով:

2017թ. հունիսին հրապարակվեց ՀՀ նոր կառավարության նոր՝ 2017-22թթ. ծրագիրը, ուր, անցած 20 տարիների ընթացքում առաջին անգամ, բացակայում էր ՀԱԷԿ նոր բլոկի շինարարության մասին որևէ մի դրույթ: Կառավարության նոր ծրագրում բացակայում էր նաև Արաքս և Դեբեդ գետերի հիդրոէներգետիկ ներուժի յուրացմանն ուղղված և որևէ ծրագիր:

Հուսով եմ՝ ՀՀ իշխանությունները և Կառավարությունը հանրությանը և մասնագետներին կպարզաբանեն այսչափ մտահոգիչ հանգամանքները: Ցանկալի է՝ մինչև 2017թ. սեպտեմբերը:

Արա Մարջանյան, տ.գ.թ., ա.գ.ա.
Հայաստանում ՄԱԿ ԶԾ էներգետիկայի գծով ազգային փորձագետ,
Համաշխարհային Բանկի «ՎԷ Զարգացման ֆոնդի հիմնադրում» ծրագրի ղեկավար (2005-07թթ.), «Հայաստանում ՎԷ և ԷԱ Զարգացման ծրագրի» համակարգող (2007-11թթ.):

 

Տեսանյութեր

Լրահոս