Բաժիններ՝

Կրթությունը ոչ թե ծախս է, այլ՝ ներդրում

Նախորդ շաբաթ կառավարությունն ընդունեց 2018-2020թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագիրը։ Սա այն կողմնորոշիչ փաստաթուղթն է, որի հիման վրա պլանավորվում են առաջիկա տարիների պետական բյուջեները։

Փաստաթղթում ներկայացվում են նաև կրթության մասով նախատեսվող ծախսերը։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վարչապետն իր ելույթներում բազմիցս խոսում էր գյուղաբնակ երեխաների կրթության կարևորության մասին, օպտիմալացումից հետո աշխատավարձերի բարձրացման տարբերակի մասին, ակնկալվում էր, որ կրթությանը հատկացվող գումարներում որոշակի աճ կլինի։ Սակայն եղավ հակառակը։ Կրթությանը հատկացվող գումարները նվազելու են։ Մասնավորապես, նախատեսվում է 2018թ. կրթությանը հատկացնել համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) 2.18%-ը, 2019-ին՝ 1.99%-ը, 2020-ին՝ 1.85%-ը։ Համեմատության համար նշենք, որ 2016 և 2017 թվականներին այդ ցուցանիշը կազմել է համապատասխանաբար՝ 2.39% և 2.34%։

Նվազում է կրթության բոլոր աստիճաններին հատկացվող գումարը՝ մանկապարտեզից մինչև համալսարան։ Այս տվյալները մտահոգիչ են, քանի որ 2015թ. համար տրված խոստումը նույնիսկ 2020-ին չի կատարվելու։ Մասնավորապես, Կրթության զարգացման 2011-2015թթ. պետական ծրագրով նախատեսվում էր կրթությանը ՀՆԱ-ից հատկացվող մասնաբաժինը 2015-ին հասցնել 4%-ի։ Այս փաստաթուղթն ուներ օրենքի ուժ, քանի որ ընդունված էր Ազգային ժողովի կողմից։ Սակայն Հայաստանի ցուցանիշները ոչ թե մոտեցան 4%-ին, այլ հակառակը՝ տարեցտարի ավելի հեռացան։ Եթե համեմատենք Հայաստանի ցուցանիշներն այլ երկրների հետ, ապա մերն ամենավատերից մեկն է։

Միջինում երկրները կրթությանը հատկացնում են ՀՆԱ-ի 4%-ը։ Կան երկրներ, որոնք ՀՆԱ-ի 7%-ն են հատկացնում կրթությանը։ Միջազգային հեղինակավոր կազմակերպությունների փաստաթղթերում նշվում է, որ առանց լուրջ ֆինանսական հատկացումների՝ անհնար է կրթության ոլորտում զարգացում ապահովել։ Օրինակ՝ 2015թ.-ին Հարավային Կորեայի Ինչեոն քաղաքում կայացած Կրթության համաշխարհային ֆորումի ժամանակ ընդունված հռչակագրում նշված է, որ Կայուն զարգացման 4-րդ նպատակին՝ Որակյալ կրթությանը հասնելու համար երկրները պետք է կրթությանը հատկացնեն ՀՆԱ-ի առնվազն 4-6%-ը։ Իսկ մենք նույնիսկ 2% չենք ուզում տալ կրթությանը։

Կարդացեք նաև

Այսպիսով, կառավարության կողմից ընդունված Միջնաժամկետ ծախսերի ծրագիրը մեր կրթական համակարգի գործունեությունը թողնում է «յոլա տանելու» ռեժիմի վրա։ Դժվար է պատկերացնել, թե ինչպես պետք է զարգանա կրթական համակարգը, եթե 2020-ին կրթության համակարգին ավելի քիչ գումար է հատկացվելու, քան այս տարի։

Դժվար է պատկերացնել, թե ինչ պետք է գրի Կրթության և գիտության նախարարությունը ներկայումս մշակվող կրթության զարգացման պետական ծրագրում, որպեսզի այդ փաստաթղթի վերնագրի «զարգացում» բառն անիմաստ չլինի։

Փոխարենը՝ հեշտ է պատկերացնել, թե ինչպես են աշխատելու Հայաստանի ուսուցիչները, դասախոսները, եթե նրանց աշխատավարձն առաջիկա 3 տարիներին չի բարձրանալու։

Այս իրավիճակից ամենաշատը տուժելու են հասարակության անապահով խավի երեխաները, քանի որ հենց նրանց կրթությունն է կախված պետական բյուջեի հատկացումներից։ Հասարակության ապահով խավի երեխաները սովորում են մասնավոր դպրոցներում, հաճախում են մասնավոր պարապմունքների, և նրանց կրթության վրա այս կրճատումներն էական ազդեցություն չեն ունենա։

Մենք ոչ մի կերպ չենք հասկանում, որ կրթությանը գումար հատկացնելը ծախս չէ, այլ ներդրում է։ Քանի որ երեկ կրթության ոլորտում ներդրում չես արել, այսօր չունես զարգացած տնտեսություն։ Եթե այսօր էլ ներդրում չանես, վաղը նույնպես չես ունենա տնտեսությունը զարգացնող որակյալ աշխատուժ, և այդպես շարունակ։ Ասում են՝ այսպիսի մի պատմություն կա՝ Չերչիլի հետ կապված։ Պատերազմի ժամանակ, երբ գումարի պակաս կար, ֆինանսիստները նրան առաջարկում են կրճատել մշակույթին հատկացվող գումարները։ «Եթե պետք է մշակույթին գումար չտանք, հանուն ինչի՞ ենք պատերազմում»,- ֆինանսիստներին պատասխանում է Չերչիլը։ Նույնը մեզ է վերաբերում։ Եթե մեր երեխաների կրթության համար փող չենք տալիս, ինչի՞ համար են սահմանին զինվորներ զոհվում, ինչի՞ համար է հասարակությունը զրկանքներ կրում։

Ցավոք, մեր կրթական համակարգն էլ, իր հերթին՝ շատ իներտ է։ Բոլորն այսօր քննադատում են դպրոցներին, տնօրեններին, մանկավարժներին։ Բայց վերջիններս երբեք հրապարակայնորեն չեն ասում՝ իսկ ի՞նչ են մեզ վճարում, որ ավելին անենք։ Քաղաքակիրթ աշխարհում ուսուցիչները, ուսուցիչների արհմիությունները պայքարում են իրենց աշխատավարձերի համար։ Մեզ մոտ ոչ մի ռեակցիա չկա։ Համակարգը սառած երկաթ է դարձել, որին ինչքան էլ հարվածես, չի արձագանքում։ Դա մարդկային չէ։ Երբ ինչ-որ լավ կամ վատ բան է լինում, սովորաբար մարդիկ արձագանքում են՝ ուրախանալով կամ դժգոհելով։ Մեզ մոտ լռություն է։ Եվ քանի որ դիմադրություն, հակազդեցություն, հրապարակային դժգոհություն չկա, շատ ավելի հեշտությամբ են կրճատում կրթության գումարները։

Չափազանց վատ վիճակում են նաև դպրոցների բյուջեները։ Հայաստանի դպրոցների մեծ մասը ստացած գումարի 95%-ից ավելին հատկացնում է աշխատավարձերին, հարկերին, կոմունալ ծախսերին։ Գրեթե ոչ մի ծախս չի արվում դպրոցի աշխատակազմի զարգացման համար։ Օրինակ՝ դպրոցի օրինակելի կանոնադրության համաձայն՝ դպրոցները կարող են իրենց գումարները ծախսել ուսումնամեթոդական, փորձարարական, հետազոտական աշխատանքների վրա, կարող են ծախսել աշխատողների մասնագիտական կատարելագործման վրա, կարող են լրացուցիչ դասընթացներ առաջարկել։

Բայց քանի՞ դպրոց է Հայաստանում այդպիսի աշխատանքների համար գումար ծախսում։ Քանի՞ դպրոց է լրացուցիչ կրթական ծառայություններ մատուցում անապահով ընտանիքների երեխաների համար։ Արտադպրոցական հաստատություններ չունեցող քանի՞ գյուղի դպրոցի լրացուցիչ ֆինանսավորում ենք հատկացնում, որպեսզի երեխաների համար ծառայություններ մատուցեն։ Իրականում, այսօրվա մեր կրթական համակարգի ֆինանսավորումն ընդամենը հնարավորություն է տալիս դպրոցներում դաս անել։ Կառավարության վերջին ծրագրում խոսվում է կրթությունը մատչելի և հասանելի դարձնելու մասին։ Իսկ դրան հնարավոր չէ հասնել միայն դաս անելու միջոցով։ Մատչելիություն և հասանելիություն՝ նշանակում է, որ դպրոցը պետք է ռեսուրսներ ունենա յուրաքանչյուր երեխայի կրթական կարիքները բացահայտելու ու դրանք զարգացնելու։ Միայն դաս անելով՝ դա անհնար է։

Օբյեկտիվ լինելու համար չպետք է ամբողջ մեղքը գցենք ֆինանսիստների վրա։ Կարևոր է, որ կրթության համակարգի պատասխանատուներն էլ լավ ծրագրեր մշակեն, արդյունավետ ու խելամիտ օգտագործեն ամեն մի լուման։ Ի վերջո, այս տարիների ընթացքում հսկայական վարկեր և դրամաշնորհներ են ստացվել։ Որքանո՞վ ենք մենք դրանք արդյունավետ օգտագործել ավելի լավ կրթություն ունենալու համար։ Լյուդովիկոս 18-րդի ֆինանսների նախարարը խորհրդակցություններից մեկի ժամանակ այսպիսի միտք է հայտնել. «Տվեք ինձ լավ քաղաքականություն, և ես ձեզ կտամ շատ փող»։

Ցավոք, Հայաստանում դեռևս կա մտածողություն, որ դպրոցին կամ ուսուցչին փող պետք չէ։ Իրավապահ համակարգի աշխատողներն ուզում են շատ փող ստանալ, իսկ ուսուցիչները հոգևոր էակներ են, ովքեր պատրաստ են մոռանալ աշխատավարձի մասին և անմնացորդ նվիրումով աշխատել։ Միգուցե Հայաստանում կան նմանատիպ հատուկենտ մարդիկ։ Բայց որպես կանոն՝ ուսուցիչները նույնպես ուզում են նորմալ ապրել։ Ուսուցիչներն էլ են ուզում ամուսնանալ, ուսուցիչները նաև երեխաներ են ունենում, որոնք նորմալ մանկություն են ուզում ունենալ, որոնք նորմալ կրթություն են ուզում ստանալ։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս