«Մոսկվան Ադրբեջանին կթու կով է դարձրել». Ստանիսլավ Տարասով

Հուլիսի 11-ին Բրյուսելում Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի ու Էլմար Մամեդյարովի հանդիպման արդյունքներով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածած հայտարարությունը վկայում է, որ այդ հանդիպումը բավականին անարդյունավետ է եղել։ Մինչ այս Նալբանդյանը ԵԱՀԿ երկրների ԱԳ նախարարների հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ քանի դեռ չեն կատարվել Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի համաձայնությունները, իրավիճակի ողջ պատասխանատվությունը կրելու է Ադրբեջանը: Մամեդյարովն իր հերթին՝ հայտարարել էր, որ խնդրի լուծումը պետք է լինի միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում:

Այսինքն՝ կողմերը հաստատակամ էին իրենց մոտեցումներում: Բրյուսելում նախարարները համաձայնել են փոխանցել իրենց նախագահներին ՄԽ համանախագահների առաջարկը՝ այս տարվա ընթացքում բարձր մակարդակով հանդիպում կազմակերպելու մասին, իսկ Նալբանդյան-Մամեդյարով հաջորդ հանդիպումը ծրագրվել է սեպտեմբերին Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանի շրջանակում։ Ղարաբաղյան հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակի և առաջիկա հնարավոր զարգացումների շուրջ զրուցել ենք «Ռեգնում» գործակալության սյունակագիր, քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովի հետ։

– Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումից հետո ԵԱՀԿ ՄԽ պաշտոնական հայտարարությունը հուշում է, որ, ըստ էության, այն հանդիպում էր նախարարների նոր հանդիպման և նախագահների հանդիպում կազմակերպելու մասին։ Ի՞նչ արդյունքներ կարող եք արձանագրել։

– Նախ՝ մշուշոտ կարգախոս է՝ բանակցություններ բանակցությունների մասին։ Այնուհետև այն հայտարարությունը, համենայն դեպս, որ ես եմ կարդացել, ասում է, որ հնարավոր է նախագահների հանդիպում այս տարվա ընթացքում, ինչը խոսում է շատ անորոշության մասին, քանի որ տարածաշրջանում, ինչպես նաև Մերձավոր Արևելքում, ինչպես նաև ընդհանուր աշխարհում, իրադարձությունների զարգացումն այնքան արագ է, որ խոսել, թե ինչ է կատարվելու 2-3 ամիս անց, շատ բարդ է։ Ընդհանուր առմամբ՝ այդ հայտարարությունը վկայում է, որ նրանք սկզբունքորեն չեն հրաժարվում բանակցությունների մոդելից, բայց ստատուս-քվո իրադրությունը պահպանվում է, կողմերի մոտեցումներն անդրդվելի են։ Մի խոսքով՝ այս փուլն ավարտվեց համառ դիմադրությամբ։ Գլխավորն այն է, որ ԵԱՀԿ ՄԽ ճնշման ներքո, համանախագահ երկրների ճնշման ներքո կողմերը փորձում են մնալ բանակցային սեղանի շուրջ։ Ես մի անգամ նշել եմ, որ նրանք կարող են խաղալ նարդի, խմել հայկական կոնյակ կամ ադրբեջանական թեյ, բոլորին դա բավարարում է։

– Այս հանդիպումն ուշագրավ էր մի հանգամանքով. Չնայած նախարարները միասին գտնվում էին ավստրիական Մայրբախում, հանդիպումը մի քանի ժամ անց կայացել է Բրյուսելում, որտեղ այդ պահին գտնվում էր ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ Ինչո՞ւ նրանք մեկնեցին, այսպես ասած, Լավրովի մոտ։

– Լավ պահ է և ճիշտ հարց է։ Ամենայն հավանականությամբ, նրանք իրենց հանդիպման վայրը Մայրբախից անսպասելիորեն տեղափոխեցին Բրյուսել ինչ-որ դրդապատճառներով, որոնք դեռևս անհայտ են, քանի որ բանակցային գործընթացն ամբողջությամբ գաղտնի է։ Ես չեմ ցանկանում գուշակություններ կամ ենթադրություններ անել, բայց որոշ գաղափար ունեմ, որ սեղանին ինչ-որ փաստաթուղթ կա, որի մասին խոսել է ԱՄՆ համանախագահ Հոգլանդը։ Նրանք այն չեն գաղտնազերծում և, հավանաբար, մանրամասն քննարկում է գնում։ Բայց դատելով նրանից, որ նրանք, ի վերջո, հայտարարեցին, որ հնարավոր է նախագահների հանդիպում մեկ տարվա ընթացքում, սա խոսում է այն մասին, որ պայմանավորվածություն ձեռք բերել չի հաջողվել, և հարցեր կան, որ պետք է լուծեն պետությունների նախագահները։

– Բրյուսելյան հանդիպման ժամանակ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի համաձայնությունների մասին խոսել է միայն ՀՀ ԱԳ նախարար Նալբանդյանը։ Դրանք, ըստ էության, այլևս առաջնահերթություն չե՞ն միջնորդների համար։

– Խնդիրն այն է, որ Վիեննայի գագաթաժողովը կազմակերպվել էր ամերիկյան կողմի նախաձեռնությամբ՝ ԱՄՆ-ի ճնշման ներքո։ Այն ժամանակ ԱՄՆ Պետդեպարտամենտի ղեկավարը Ջոն Քերրին էր, հանդիպմանը մասնակցում էին կողմերի ԱԳ նախարարությունների ղեկավարները և համանախագահ երկրները։ Դա հանգամանքներից մեկն է։

Մյուսը՝ Սանկտ Պետերբուրգն է, որտեղ միջնորդական ջանքերը եղան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ղեկավարությամբ։ Որքան ես տեղյակ եմ, Պուտինը, նախքան Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ միաժամանակ հանդիպելը, նրանց հետ առանձին-առանձին է բանակցել, և այդ ժամանակ եղել են ինչ-որ բանավոր պայմանավորվածություններ, որոնք ադրբեջանական կողմը խախտել է և հրաժարվում է կատարել։ Ավելին՝ Վիեննայի փաստաթղթի և Սանկտ Պետերբուրգի համաձայնագրի տակ, որոնք նախատեսում են հրադադարի խախտման մոնիտորինգի մեխանիզմների ներդրում, դիտորդների թվի ավելացում, և այլն, առկա է միայն հայկական կողմի և համանախագահների ստորագրությունը։ Բայց Ադրբեջանն այդ փաստաթղթերը չի ստորագրել։ Ահա թե ի՛նչն է խնդիրը։ Ֆորմալ առումով, դե յուրե Ադրբեջանին մեղադրելու պատճառ չկա, քանի որ մի բան է, եթե ստորագրում է ու չի կատարում, մեկ այլ բան, երբ չի ստորագրում։

Միաժամանակ, նրանք երբեմն հղում են անում այդ փաստաթղթերին, որոնք չեն ստորագրել։ Մոսկվան այդպիսի պահվածքը չի ներում, հատկապես՝ մեր նախագահը։ Նա ունի իր յուրահատուկ ոճը, նա շատ է վստահում բանավոր պայմանավորվածություններին, և, ըստ ամենայնի, Ալիևը նրան ինչ-որ խոստում է տվել, որը չի կատարել։ Արդյունքում՝ Մոսկվան հրաժարվել է ստանձնել բանակցային գործընթացում միջնորդության առաջամարտիկի դերը, և ամեն ինչով այժմ զբաղվում է Մինսկի խումբը։ Ինչ-որ կերպ սլաքները դեպի Մոսկվա ուղղելու Ադրբեջանի փորձերը, որ, իբր Մոսկվան պետք է ինչ-որ Լավրովի պլան իրագործի և այլն, արդյունք չտվեցին, և այդ ամենն ամբողջովին բլեֆ է։

– Սակայն ՀՀ-ում որոշ վերլուծաբաններ գտնում են, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում ՌԴ-ի դերակատարումը վաղուց անցել է համակարգման ու մենթորության սահմանը, և Մոսկվան կոշտ ձևով իր կամքն է թելադրում կողմերին՝ անհրաժեշտ պահին համապատասխան քայլեր անելով:

– Մոսկվան չի ցանկանում, որ այդտեղ հակամարտությունը կրկին բռնկվի ու թեժանա։ Մոսկվան հասկացրեց Ադրբեջանին, որ 2016 թ. ապրիլյան սինդրոմն այլևս չի կրկնվի։ Եթե մենք ապրիլյան պատերազմի ժամանակ հանդես էինք գալիս միայն խաղաղարարների դերում, ապա այժմ Մոսկվան Ադրբեջանին հասկացնում է, որ միանշանակ կաջակցի Հայաստանին։ Այստեղից էլ Բաքվի սինդրոմն է, Ադրբեջանը նյարդայնանում է։ Թուրքիան նրանց միակ դաշնակիցն է, որի վրա կարելի է հենվել, բայց թուրքերն իրենք են պայքարում տարածքային ամբողջականության համար, այնտեղ քրդական հարցը կա, և Մոսկվայի հետ հարաբերությունները ոչ մի դեպքում չի կարելի փչացնել։ Ադրբեջանը մնում է մենակ, նրան ոչ ոք չի աջակցում։

Ամերիկացիները ևս առանձնապես հետաքրքրություն չեն դրսևորում։ Եվ ադրբեջանցիները փորձում են շփման գծում լարվածությունների միջոցով ուշադրություն գրավել։ Բայց այդ ուշադրությունը կարող է արտահայտվել նրանց համար անցանկալի ձևով՝ Մինսկի խումբը մի օր չի հանդուրժի և հանդես կգա նախաձեռնությամբ, որ ՄԱԿ Անվտանգության խորհուրդը նոր բանաձև ընդունի, որով, այսպես ասած, կիրականացվի խաղաղություն պարտադրելու քաղաքականություն։ Իսկ դա Ադրբեջանին բոլորովին ձեռնտու չէ, քանի որ ցանկացած պարագայում նա կորցնում է Ղարաբաղը։

– Բայց, միաժամանակ, Մոսկվան շարունակում է սպառազինության մատակարարումը Բաքու և, նախքան Բրյուսելյան հանդիպումը, ՌԴ-ն Ադրբեջան է ուղարկել «Սոլնցեպյոկ» կայանի համար նախատեսված հրթիռներ։ Այսինքն, ըստ էության, ռուսական քարտ-բլանշի շնորհիվ է Ադրբեջանը նոր պատերազմ սանձազերծում Արցախում։

– Ոչ, դա ճիշտ չէ։ Եկեք այլ կերպ դատենք՝ Մոսկվան շատ պարզ է գործում. նա վերցնում է այդ փողերը Բաքվից։ Ադրբեջանը նավթային երկիր է, և Մոսկվան այն կթու կով է դարձրել։ Ադրբեջանը կթու կով է դարձրել նաև Արևմուտքը, որը փորձում է այդ ռեսուրսները ձեռք բերել։ Կթու կով է դարձրել ռազմաարդյունաբերական համալիրը, որ, եթե փող ունես՝ վճարիր։ Հայաստանին Ռուսաստանը զենք է մատակարարում բոլորովին այլ գներով, և այլն, ընդ որում՝ մատակարարում է այնպիսի զինատեսակներ, որ տարածաշրջանում բալանսը պահպանվի։ Այս իրավիճակում կա որոշակի ցինիզմ, բայց այդ ցինիզմն առավել ստորացուցիչ է Ադրբեջանի համար։

– Արտգործնախարարների այսպիսի հանդիպումներից առաջ և հետո Բաքուն շփման գծում դիմում է նոր սադրանքների։ Ձեր կարծիքով՝ նոր էսկալացիա կլինի՞։

– Հայ-իրանական սահմանին վերջերս սահմանապահների ուսումնական մարզումներ անցկացվեցին, որոնք առաջին անգամ ընդգրկում էին նաև Լեռնային Ղարաբաղի տարածքը։ Լեգենդն այն էր, որ, իբր ձերբակալում են սահմանախախտներին, որոնք գալիս են Իրանից՝ Ղարաբաղի տարածքով։

Ընդ որում՝ դա ունիկալ լեգենդ է, որովհետև այդպիսով ռուս սահմանապահները հասկացնում են, որ իրենք պահպանում են նաև Ղարաբաղ-Իրան սահմանը։ Ի դեպ, Հայաստան-Իրան սահմանն ընդամենը 35 կմ է, իսկ Ղարաբաղ-Իրան սահմանը՝ 100 կմ։ Այսինքն՝ այդ 100 կմ-անոց սահմանը հսկելու են հայ և ռուս սահմանապահները։ Նաև Իրանի սահմանին այժմ տեխնիկական վերակառուցում է իրականացվում, և այդ գործում Ռուսաստանն ակտիվ մասնակցություն է ունենալու։ Միանշանակ հասկացնում են, որ սահմանային վերահսկողության գոտին տարածվում է նաև Լեռնային Ղարաբաղում։ Վերջ։ Նորմալ մարդը դա կհասկանա։

– Ղարաբաղյան հակամարտության գոտում վերջին օրերի միջադեպերի մասին ի՞նչ եք մտածում, հատկապես՝ հուլիսի 4-ի իրադարձությունների։ Ինչի՞ կհանգեցնեն այդ զարգացումները։

– Ցավոք սրտի, նոր էսկալացիան բացառել չի կարելի։ Դրա համար կան շատ պատճառներ։ Ես, օրինակ, վստահ չեմ, որ ադրբեջանական դիվանագիտությունն ինքնուրույն է գործում։ Այնպիսի տպավորություն ունեմ, որ ադրբեջանական դիվանագիտությունը պատրաստ է փոխզիջումային քայլերի գնալ, բայց նրանց խանգարում են զինվորականները։ Դիվանագետները պայմանավորվում են հանդիպման մասին, իսկ դրանց նախաշեմին հանկարծ լարումներ են սկսվում հայ-ադրբեջանական շփման գծում։ Եվ հասկանալի է, որ այդ սրացումների ֆոնին բանակցություններ չեն կարող ընթանալ։ Եվ կարծես թե Ադրբեջանում Ալիևը դառնում է իրադրության գերին, նա լիովին ազատ չէ իր գործողություններում ու որոշումներում։ Դա գուցե արտաքին և մի քիչ մակերեսային տպավորություն է, բայց այն առկա է։

– Եվ ինչպե՞ս դուրս գալ այդ իրավիճակից, ի՞նչ խորհուրդ կտայիք Ալիևին։

– Ստատուս-քվո իրադրությունը դեռևս պահպանվում է, և դա կարևոր է։ Գիտե՞ք, Ղարաբաղյան հակամարտությունն ինքնին, այսինքն՝ Ղարաբաղի խնդիրը, ի հայտ է եկել նախորդ դարի 20-ական թվականներին, որոշակի աշխարհաքաղաքական փոփոխությունների արդյունքում։ Եվ Ղարաբաղի խնդրի լուծումը ևս կապված է աշխարհաքաղաքական փոփոխությունների հետ։ Այժմ դրանք տեղի են ունենում, փոփոխություններ են կատարվում հարևան Մերձավոր Արևելքում։ Գլխավոր իրադարձություններն այսօր ծավալվում են հարավում. Սիրիա, Իրան, Թուրքիա, իսկ դա ընդամենը 200-250 կմ է հեռու Հայաստանի սահմանից։ Այսինքն՝ դա շատ-շատ մոտ է, և հետևանքներն անկանխատեսելի են։

Տեսանյութեր

Լրահոս