«Եթե Ադրբեջանն այդքան զենք է գնել, ուրեմն ինչ-որ նպատակով է գնել». Թևան Պողոսյան

«Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» նախագահ Թևան Պողոսյանի համոզմամբ՝ Ադրբեջանն ունի յուրահատուկ վարքագիծ. նա իր ֆինանսական բոլոր միջոցները ներդնում է, որ ռազմական միջոցով փորձի լուծել արցախյան հիմնախնդիրը, և ուզում է այնպես անել, որ հայությունն այս տարածաշրջանը լքի և հեռանա, և ընդհանրապես Հայաստանի Հանրապետությունը գոյություն չունենա:

Իսկ այս պարագայում, բանախոսի դիտարկմամբ՝ պետք է մեր մարտավարությունն ու ռազմավարությունը փոխենք, հակառակ դեպքում՝ նա ամեն օր փորձելու է ամեն հնարավորություն օգտագործել, որ մեզ վնասի:

«Պատերազմը չի ավարտվել, մենք դեռ պատերազմի մեջ ենք, այդ բոլոր գործողությունները խաղաղ ժամանակ տեղի չեն ունենում:  Մեկի ընկալումը պատերազմի մասին միայն առաջնագծից կրակոցների ձայն լսելն է կամ արկերի թռիչքը պատկերացնելն  է, մյուսի համար տնտեսական պատերազմն էլ է նույն ձևի պատերազմ: Այլ բան է, թե արդյո՞ք կլինեն ակտիվ ռազմական գործողություններ: Եթե Ադրբեջանն այդքան զենք է գնել, ուրեմն ինչ-որ նպատակով է գնել, դժվար գնած լիներ, որ վերավաճառեր կամ արևի տակ ուղղակի դներ ու գեղեցիկ նայեր»,- նշեց բանախոսը:

Թևան Պողոսյանի կարծիքով՝ հայկական կողմը նախահարձակ լինելու մարտավարությամբ դեռևս հանդես չի եկել: Մինչև հիմա Ադրբեջանն է նախահարձակ եղել: «Ադրբեջանը չի էլ փորձում թաքցնել, որ միշտ գնալու է ռազմական լուծման, քանի որ հակառակ պարագայում մարդը բանակցությունների սեղանին է նստում: Ալիևն ամեն պարագայում փորձելու է գնալ էսկալացիայի»,- ասում է նա:

Կարդացեք նաև

Բանախոսը նշեց, որ այս երկու տարիների ընթացում ունեցած զոհերի թիվը պետք է հայկական կողմի համար դաս լինի, որ փոխենք այն մտածելակերպը, թե վաղը կամ մյուս օրը պատերազմ է լինելու: «Եթե չենք ցանկանում, որ էսկալացիա լինի, ուրեմն՝ պետք է թույլ չտանք»,- ասաց նա:

Իսկ դա, ըստ Թևան Պողոսյանի՝ կարելի է անել կամ նախահարձակ լինելով, կամ այնպիսի քաղաքականություն վարելով, որ ՀՀ-ի ռազմավարական դաշնակիցը, եթե անգամ պայմանավորվածություն ունի կնքած և պարտավորություն ունի տրամադրելու ինչ-որ բան, զենք չտրամադրի Ադրբեջանին:

«Երեկ ժամը 5:40-ին էլ այդ հնարավորությունը ձևավորևվել էր, և մենք էլի ունեցանք զոհ: Չենք լսել, որ երեկ ռմբակոծել են կամ արկակոծել են կամ որևէ այլ հրետանի են օգտագործել, ինչը նշանակում է, որ դիպուկահար է աշխատել, բայց եթե նա չտեսնի թիրախին, չի կարողանալու հասկանալ՝ ինչ անել: Հիմա թիրախավորված որս է գնում: Եթե առաջնագծում ցանկացած կետում ցանկացած րոպեի կձևավորվի հնարավորություն՝ տեղի է ունենալու այսպիսի իրավիճակ»,- ասաց Թևան Պողոսյանը:

Նա կարևորում է նաև տեղեկատվական պատերազմը, որը, իր խոսքով՝ գնալով սաստկանում է, և հայկական կողմն ամեն օր պետք է պատրաստ լինի դիմակայելու դրան: Բանախոսը նշեց, որ այս պարագայում ամեն օր պետք է այնքան խոսել ստեղծված իրավիճակի մասին, որ միջազգային հանրության ուշադրությունը հրավիրենք բոլոր բնակավայրերի վրա: Աշխարհին այնպես պետք է ներկայացնել այս հիմնախնդիրը, որ Ադրբեջանի մոտ նմանատիպ ցանկություն չառաջանա: Պետք է պատասխան գործողություններ ձեռնարկենք:

«Ինչպես բանակն ամեն րոպե պետք է պատրաստ լինի Արբեջանին սանձելու, այնպես էլ լրագրողական, փորձագիտական, դիվանագիտական, քաղաքական բոլոր ուժերն ամեն րոպե պետք է գիտակցեն, որ տարբեր սադրանքներ կարող են լինել տարբեր դաշտերում, և մենք պետք է ոչ միայն ստանձնենք պատասխանողի կարգավիճակը, այլև համապատասխան օղակներում նախահարձակ լինելով՝ կանխենք նմանատիպ սադրանքները»,- հավելեց Թևան Պողոսյանը:

Անի Թորոսյան

Տեսանյութեր

Լրահոս