Սոցիալական պաշտպանության ծրագրերը՝ մանրադիտակի տակ
Հանրային ռադիոյի «Կենսաձև» հաղորդման շրջանակներում վերջերս անդրադարձ է կատարվել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից իրականացվող մոնիթորինգի և գնահատման գործընթացներին, որոնք ուղղված են սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող ծրագրերի արդյունավետության բարձրացմանը, պետական բյուջեից տրամադրվող միջոցների նպատակային օգտագործմանը, շահառուների բավարարվածության աստիճանի գնահատմանը, առկա խնդիրների բացահայտմանն ու կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը:
Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտի փոխտնօրեն Գառնիկ Նալբանդյանը և Business Consult ընկերության տնօրեն Սևակ Ալեքյանը ներկայացրել են նշված գործընթացի մանրամասները:
Ազգային ինստիտուտի փոխտնօրեն Գառնիկ Նալբանդյանը, խոսելով ծրագրերի մոնիթորինգի և արդյունավետության գնահատման համակարգի մասին՝ նշել է, որ համակարգի գլխավոր նպատակը սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող ծրագրերի ուժեղ և թույլ կողմերի հայտնաբերումն է:
«Կատարվող ուսումնասիրությունների արդյունքում շահառուներից կարծիքներ են հավաքագրվում, այնուհետև կատարվում է իրավիճակի վերլուծություն: Արդյունքում ծրագիրը վերանայվում է՝ հարկ եղած դեպքում օրենսդրական փոփոխություններ են մտցվում, իսկ երբեմն էլ՝ համարվելով անարդյունավետ՝ չեղարկվում»,-նշել է Գառնիկ Նալբանդյանը:
Համակարգի ներդրման գործընթացում բացի նախարարության և ազգային ինստիտուտի մասնագետներից, ներգրաված են նաև «Նորք» հիմնադրամի և մասնագիտացված կազմակերպությունների մասնագետներ:
Այդպիսի կազմակերպություններից է Business Consult-ը, որի տնօրեն Սևակ Ալեքյանը նշել է, որ գործընթացին մասնակցել է դեռևս 2013 թվականից: «Կազմակերպության աշխատանքը որակական ցուցանիշների հավաքագրումն է, որի իրականացման համար հետազոտության տարբեր գործիքներ են օգտագործվում. դրանք մոտավորպես 8-9 են, այդ թվում՝ շահառուի, համայնքի, ծրագիրն իրականացնող կազմակերպությունների աշխատակիցների կարծիքը»,-նշել է տնօրենը՝ միաժամանակ ընդգծելով, որ սոցիալական ոլորտի 14 ծրագրերի համար շահառուների կարծիքի ուսումնասիրման աշխատանքներն արդեն ավարտվել են: Դրանք հիմնականում երեխաների պաշտպանության, հաշմանդամության և սոցիալական աջակցությանն առնչվող ծրագրերն են:
Գառնիկ Նալբանդյանը, անդրադարձ կատարելով կենսաթոշակային ծրագրի խորքային մոնիթորինգին և գնահատմանը, նշել է, որ մի շարք հետաքրքիր արդյունքներ են գրանցվել:
«Բավականին թվով թոշակառուներ ցանկանում են գումարը ստանալ ոչ կանխիկ: Ուսումնասիրությունները նաև ցույց են տալիս, որ թոշակառունները ընդհանրապես գոհ չեն տրվող կենսաթոշակի չափից: Սակայն շահառուները գոհ են սոցապ տարածքային կենտրոններից»,-նշել է փոխտնօրենը:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մոնիթորինգի և վերլուծության վարչության գլխավոր մասնագետ Գայանե Վասիլյանը՝ անդրադառնալով իրականացված աշխատանքներին, նշել է, որ սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող 80-ից ավելի ծրագրերից արդեն իսկ մշակվել են 41 ծրագրի մոնիթորինգ և գնահատում իրականացնող գործիքակազմեր:
Մոնիթորինգի և արդյունավետության գնահատման համակարգի ուսումնասիրությունների արդյունքները հասանելի են նաև առցանց և ցանկացած քաղաքացի՝ մուտք գործելով նախարարության կայքէջի համապատասխան բաժին, կարող է անձամբ ծանոթանալ իրականացված աշխատանքների արդյունքներին:
ՄԱՐԻԱ ՂՈւԿԱՍՅԱՆ