«Մեղավոր են և՛ արտիստները, և՛ պետությունը, և՛ ունկնդիրը». Նիկ Էգիբյան
Մեր զրուցակիցն է երգիչ, երգահան, գործիքավորող Նիկ Էգիբյանը
– Հայ իրականության մեջ, եթե մատուցում ես որակով երաժշտություն, ապա լսարանդ փոքր է, և ինչքան էլ այդ փոքր լսարանը որակով լինի, մեկ է, ֆինանսական խնդիր է առաջանում: Լսարանի՞, թե՞ երգիչների կրթական ցածր ցենզի մասին է վկայում ստեղծված իրավիճակը:
– Իրավիճակը շատ ավելի գլոբալ է: Այսինքն՝ միայն այս կամ այն կողմը չեն։ ՀՀ կրթության նախարարությանն էլ է պետք այդ հարցը տալ, որովհետև այսօրվա դրությամբ Կոնսերվատորիայում, որը երաժիշտների մեծն կրթահամալիրն է համարվում, որը ես էլ եմ ավարտել, և իմ ավարտելու ժամանակ արդեն ասում էին, որ մեր սերունդն ավելի թույլ է, քան մեզնից մեկ կամ երեք սերունդ առաջ ավարտածները, ապա հիմա այնտեղ սովորողները շատ ավելի թույլ են։ Ամեն ինչ սկսվում է դպրոցի մակարդակից։ Ինքս հիմա աշխատում եմ արվեստի դպրոցում և տեսնում եմ, թե ում ենք ընդունում, քանի որ, եթե դիմորդների 90%-ին չընդունես, դասատուները չեն ունենալու աշխատանք և աշխատավարձ։ Ստիպված կրթական համալիրի ղեկավարությունն ընդունում է բոլոր երեխաներին։
Փորձում են բոլորին կրթել՝ անկախ նրանից՝ ունի՞ տաղանդ, թե՞ ոչ, և ամեն ինչ սկսվում է այդտեղից։ Այդ նույն երեխաներն ավարտում են երաժշտական դպրոցները, գնում են Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարան կամ Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա։ Վերջում գալիս ենք նրան, որ, եթե ժողովրդին անընդհատ տալիս ես նույն ֆորմատի երաժշտություն, նա սկսում է լսել դա։
Այսինքն՝ եթե անընդհատ ստիպես լսել մեկ ոճ, ժողովուրդն ուրիշ բան չի ընկալի, որովհետև այլընտրանք չի ունեցել։ Իսկ այսօրվա դրությամբ, ես ու ինձ նման շատ արտիստներ, որոնք երգում են համաշխարհային փոփին մոտ երաժշտություն, որի մեջ քիչ են հայկական տարրերը, այլընտրանք ենք համարվում։ Թեև ես էլ ունեմ հայկական տարրերով երգեր, բայց արդեն այնքան չեմ ընկալվում՝ որպես մեյն սթրիմ արտիստ, որ նույնիսկ այդ գործերը չեն ընկալվում։
Մի խոսքով՝ մեղավոր են և՛ արտիստները, և՛ պետությունը, և՛ ունկնդիրը, որն այլընտրանք չի փնտրում։ Օրինակ՝ մեր հեռուստաընկերություններում ես համարվում եմ այլընտրանք: Այսինքն՝ թե՛ իմ գրած երաժշտությունը, թե՛ իմ կատարումները շատ քիչ են լինում եթերում, քան այն արտիստներինը, որոնք երգում են ավելի հայկական ռիթմերով և այլ երգեր։ Չկա հավասարություն, չկա գրաքննություն, կա «սիմպատիայի» հարց. եթե «պողոսիկին» սիրում են, արդեն կապ չունի՝ նա ինչ կբերի եթեր, մեկ է, դա գնալու է եթեր։ Արդեն սկսում են աչք փակել, անձնական համակրանքով են սկսում շարժվել, դրա համար ես այսօր համարվում եմ այլընտրանքային՝ իրականում լինելով մեյն սթրիմ։
– Խոսեցիք կրթական համակարգի խնդիրների մասին. Դրանց լուծման ինչ-որ տարբերակներ առաջարկո՞ւմ եք։
– Լուծման տարբերակները ես չէ, որ պետք է առաջարկեմ, որովհետև շատ քիչ եմ հասկանում այդ ֆինանսական հարցերից, այսինքն՝ ոչ մի դասատու անվճար չի աշխատի դպրոցում։ Բոլորն ունեն ընտանիք, բոլորն ունեն կարիքներ, որոնք պետք է հոգալ։ Եթե ուսուցիչը ստանա պետական աշխատավարձ, որը կախված չէ աշակերտների քանակից, կլուծվի նաև այդ հարցը։ Բայց քանի որ, օրինակ՝ իմ աշխատավարձը դպրոցում կախված է աշակերտների քանակից, բնականաբար, այդ հարցը չի լուծվում։ Ես գումար վաստակելու այլ միջոցներ ունեմ, և ունեմ 6-7 աշակերտ, ավելին չեմ վերցնում։ Այսինքն՝ եթե տեսնեմ, որ երեխան տաղանդ չունի, ես չեմ խաբի ո՛չ նրան, ո՛չ նրա ծնողին, ո՛չ էլ ինքս ինձ, որովհետև չեմ կարողանալու արդյունքի հասնել այդ երեխայի հետ։ Փառք Աստծո, այսօրվա դրությամբ իմ աշակերտները տարբեր մրցույթներում առաջին տեղեր են գրավում՝ «Եվրատեսիլ», «Նոր ալիք» և այլն։
– Հայաստանում անցկացվող երաժշտական նախագծերին ինչպե՞ս եք վերաբերվում: Դուք էլ եք մասնակցել տարբեր նախագծերի և ի՞նչ եք կարծում՝ դրանք որևէ բան տալի՞ս են կատարողին:
– Այո, ես մասնակցել եմ երկու կողմերում, այսինքն՝ և՛ պրոյեկտի ստեղծող, և՛ պրոդյուսեր, և՛ մասնակից։ Ես և Լիլի Հովերը ժամանակին ունեցել ենք «Ռադիո աստղ» կոչվող նախագիծ, որը TV5 հեռուստաընկերությամբ և 107 FM-ով էր հեռարձակվում։ Մեր մասնակիցներն են եղել Իվետա Մուկուչյանը, Սարգիս Ավետիսյանը և այլք։ Բնականաբար, եթե կան մրցույթներ, ուրեմն՝ դա ինչ-որ օգուտ բերում է։ Դա երգչին ճանաչում է տալիս։ Նախորդ տարի ինքս էլ մասնակցել եմ մրցույթի, և համարում եմ, որ, այո՛, դա տալիս է ճանաչում։ Ինքս սկսել եմ «Համազգային աստղ» նախագծից, որն այն ժամանակ ինձ շատ մեծ ճանաչում բերեց։ Եթե չլիներ այդ նախագիծը, չէին լինի երգերի պատվերները, քանի որ ամբողջ մրցույթի ընթացքում կատարել եմ իմ գրած ու իմ գործիքավորած երգերը։ Այսինքն՝ ես այնտեղ զբաղված էի ոչ թե՝ մրցելով, այլ՝ ինքնագովազդով, ինչի համար շնորհակալ եմ Արա Թորոսյանին՝ Մուրզոյին, որը կարծես իմ կնքահայրը լինի, որովհետև գործիքավորման առաջին գործիքներս հենց նա է տրամադրել։ Ինձ համար այդ շփումն ավելի կարևոր էր։
– Իսկ ի՞նչ խորհուրդ կտաք այն երիտասարդներին, որոնք մասնակցում են կամ ցանկանում են մասնակցել երաժշտական մրցույթների։
– Խորհուրդ կտամ չգոռալ, լսել պրոֆեսիոնալներին, երբեք չկորցնել կարծիքը, բայց նաև չվիճել, եթե վստահում ես դիմացինիդ։ Օրինակ՝ լինելով «Հայաստանի ձայնը» նախագծի երաժշտական պրոդյուսերը, ես գիտեմ՝ ինչ երգ տալ տվյալ մասնակցին։ Պետք չի քննարկել կամ մտածել, որ ես դա տալիս եմ՝ իրեն պրոյեկտից դուրս թողնելու համար։ Ինձ համար կարևոր է նաև իմ երեսը չկորցնելը։ Նույն «կույր» լսումների ժամանակ, եթե կան մարդիկ, որոնք ծաղրում են մասնակիցներին, ինչ-որ «կծողական» բաներ են ասում, ես հասկանում եմ, որ բոլորս էլ հոգնում ենք, ինքս էլ անցած պրոյեկտի ժամանակ 1200 հոգու լսել եմ, այս տարի էլ նույնքան մարդու պետք է լսենք, բայց քանի որ ես եղել եմ մասնակցի դերում, ժյուրիի ամեն մի բառը կարող է որոշիչ լինել։
Իմ դեպքում ես շատ սկզբունքային մարդ եմ եղել և առաջին «Հայ սուպերսթարի» ժամանակ ես, Գոռ Սուջյանն ու էլի շատ մարդիկ, որոնք այսօր գործունեություն են ծավալում, չենք անցել։ Միքայել Պողոսյանն ինձ ասաց. «Դու պոետ ես, գնա փնտրիր քո Մալվինային»։ Նաիրա Գյուրջինյանն ասաց. «Դու շատ անհասկանալի կերպար ես, ես այդպես էլ չհասկացա՝ ինչ ես երգում, ինչի համար ես երգում, արի՝ գնա՝ ուրիշ բանով զբաղվիր»։ Այդ նույն Նաիրա Գյուրջինյանը հիմա իմ լավ ընկերն է ու ինձ մոտ գործիքավորումներ է պատվիրում։ Ես այդ ամենն ընդունեցի՝ որպես՝ լավ, մենք դեռ կտեսնենք։ Դա ինձ օգնեց, բայց կան մարդիկ, որոնք կոտրվում են այդ ամենից։ Դրա համար պետք է մի քիչ զգույշ լինել, այլ կերպ վերաբերվել այդ ամենին։
– Տարբեր են մեկնաբանություններն այն մասին, թե ով է լավ երգիչը: Ի վերջո, որպես 3 բարձրագույն կրթություն ունեցող երգիչ՝ ի՞նչ եք կարծում՝ լավ երգիչ դառնո՞ւմ են, թե՞ ծնվում. ի՞նչ աշխատանք է պետք տանել ճաշակով երաժշտություն մատուցելու, ճիշտ երգեցողություն ունենալու և երգը ճիշտ ներկայացնելու համար:
– Լավ երգիչ և՛ դառնում են, և՛ ծնվում։ Կան բնատուր տաղանդներ, օրինակ՝ մեզ մոտ Սոնա Շահգելդյանը, որը, իմ կարծիքով՝ բերանը բացում է՝ ոսկի է թափվում, ու կան մարդիկ, որոնք աշխատանքի շնորհիվ են ինչ-որ բանի հասել, օրինակ՝ ես։ Իմ բնատուր ձայնը լրիվ այլ է, երևի լսած կլինեք իմ օպերային կատարումները։ Դա իմ բնատուր ձայնն է, որը ես երբեք չեմ օգտագործում բեմի վրա, հետևաբար՝ ես երկարատև աշխատանքի շնորհիվ փոխել եմ դա։ Ես ունեցել եմ երաժշտական հիմք, ճաշակ, որն ինձ օգնել է ի վերջո հասնել այս արդյունքին։ Ճաշակով երաժշտություն մատուցելու համար պետք է ամեն ինչ լսել։ Եթե, օրինակ՝ գոյություն ունի տասը ոճ, դու այդ տասից գաղափար չունես, միայն երկու ոճ ես սիրում, որոնք շատ լավ գիտես, բայց եթե դու չես լսել բոլորին, իրավունք չունես քեզ համարել պրոֆեսիոնալ։ Եթե ամեն ինչից ինֆորմացիա չունես, չես աճի։ Կապ չունի՝ այդ ոճը սիրո՞ւմ ես, թե՞ ոչ. լավ երաժիշտ լինելու համար պետք է ամեն ինչ լսես։
Ճիշտ երգեցողություն ունենալու համար երաժշտական կրթությունն էլ պարտադիր չէ, ամեն ինչ շատ անհատական է։ Կան մարդիկ, որոնք կրթահամալիրներում ավելի են փչանում։ Այսինքն՝ նորից բնատուր տաղանդն է կարևոր։ Իսկ ո՞վ է ասել, որ սա ճիշտ է, նա սխալ է։ Եթե ինձ հարմար է երգեցողության այս ոճը, եթե 20 տարի երգել եմ այսպես ու բավականին լավ, գնում եմ ինչ-որ մի տեղ սովորելու, ու ինձ ասում են՝ չէ, բալիկ ջան, դա սխալ է, պետք է այսպես երգես, այդպես երգելով՝ իմ ձայնը կորչում է, ձայնալարերի կպում եմ ունենում, ձայնալարերի վրա հանգույցներ են առաջանում, և այլն, ինչի՞ համար։ Ամեն կատարման ձև ունի իր ունկնդիրը։ Շակիրայի ձայնն ինձ համար մկկոց է, բայց դա չի խանգարում նրան՝ լինել համաշխարհային աստղ։
– Իսկ Ձեզ ի՞նչ է տվել Կոնսերվատորիայի դասական վոկալի բաժինը, և առհասարակ, երաժշտական կրթություն ստանալը որքանո՞վ էր կարևոր Ձեզ համար։
– Դասական երաժշտություն ուսումնասիրելով՝ հիմա հարմոնիաներն եմ այլ կերպ ընկալում, այլ կերպ նվագում, եթե չունենայի երաժշտական կրթություն, ապա չէի կարողանա գործիքավորել։ Նախնական երաժշտական կրթությունս 11 տարի Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում է եղել, որտեղ դաշնակահարի և տեսաբանի կրթություն եմ ստացել, հետո նոր դարձել եմ վոկալիստ։ Բայց իմ հիմքը դրվել է դպրոցում, որովհետև հիմա ինչ գիտեմ, այդ ամենը եկել է դպրոցից։ Կոնսերվատորիայում՝ որպես վոկալիստ, շատ քիչ բան եմ սովորել։ Այսպիսի բան կա՝ դաշնակահարներն ու տեսաբաններն ավելի շատ բան են սովորում, քան վոկալիստները։
– Նիկ, Դուք անսահման մեծ սեր եք տածում Հայաստանի նկատմամբ, դրա մասին գիտեն բոլոր Ձեզ ճանաչողները: Հարցազրույցներից մեկի ժամանակ նույնիսկ նշել եք. «Ես չեմ կարողանում ապրել Հայաստանից դուրս, և ամեն անգամ այստեղ վերադառնալով` օդանավակայանում հատակն եմ համբուրում»: Այդ մեծ սերն ինչպե՞ս է ձևավորվել:
– Ես հորոսկոպով Խեցգետին եմ, ու ինձ թվում է՝ դա բոլոր Խեցգետիններին է բնորոշ. եթե դու ինչ-որ տեղ տուն ունես, վերջ, դա քո տունն է։ Ես չեմ կարողանում «մերվել» դրսի մենթալիտետի հետ, ես տնակյաց եմ, սիրում եմ իմ տունը, իմ խոհանոցը, իմ ննջարանը, ես չեմ կարողանում ոչ մի ուրիշ երկրում ինձ տանը զգալ։ Թեպետ կարող եմ ապրել՝ որտեղ ցանկանամ՝ չունենալով լեզվային արգելքներ։ Ինձ համար իմ Հայաստանը, իմ Երևանը, իմ Կասկադն ու Օպերան, իմ փողոցները շատ հոգեհարազատ են. ես ինձ այստեղ շատ լավ եմ զգում։ Ինչ-որ մի բանը փոխում են, եթե հոգնում են դրանից, կամ սկսում են չսիրել, բայց այստեղ ինձ ամեն ինչ դուր է գալիս, ամեն ինչ հարմար է։
– Շատերն ասում են, որ Հայաստանում առանց ծանոթի հնարավոր չէ առաջ գնալ, մեծ գումարներ վաստակել: Դուք ինչ-որ տեղ կոտրել եք այդ կարծրատիպը: Ինչպե՞ս դա Ձեզ հաջողվեց, և, այնուամենայնիվ, այս ամենին հասնելու ճանապարհին ի՞նչ խոչընդոտների եք հանդիպել:
– Խոչընդոտներն այն են, որ այն մարդիկ, որոնք ունեն ավելի քիչ հնարավորություններ (թե՛ մենթալ, թե՛ տաղանդ, թե՛ հոգևոր արժեքների պակաս)՝ փորձում են քեզ կանգնեցնել։ Ես չունեմ նախանձ, ինչի մասին երազել եմ՝ ինքնուրույն եմ հասել։ Մայրս միշտ ասում է՝ դու, քո Աստված։ Այդքան բան։ Ամեն ինչի հասել եմ բավականին բարդություններով, բայց հասել եմ։
Այնպես չէ, որ աներևակայելի բարձունքների եմ հասել, բայց որտեղ ես կամ, ինձ համար լավ է։ Բնականաբար, ես ձգտում եմ ավելիին, ուզում եմ ավելին, բայց բավարարվում եմ նաև ունեցածով։ Դա ամենակարևորն է, որ դու կարողանաս քո բոլոր ռեսուրսները ճիշտ օգտագործել։ Իհարկե, եղել են դեպքեր, երբ ճիշտ ժամանակին ճիշտ մարդու եմ հանդիպել, ճիշտ տեղում եմ գտնվել, և շատ են եղել այդ դեպքերը, դրա համար եմ ասում՝ Աստված և ես։
Ես չեմ մտածել ուրիշների համար երգեր գրելու ուղղությամբ, ու միշտ ամեն ինչ ինքս ինձ համար եմ արել։ Ես ունեմ հազարավոր երգեր՝ ինձ համար գրված։ 2004թ. սկսած՝ երգեր եմ գրել, 2005թ. սկսած՝ գործիքավորել. 12 տարի է՝ զբաղվում եմ այդ գործով։ Ի դեպ, միշտ գրել եմ անգլերենով, չգիտեմ՝ ինչու է այդպես ստացվել, երևի թե լսել եմ այդ երաժշտությունը, և բառապաշարս մեղեդու վրա այդ լեզվով ավելի ճիշտ է դասավորվում։ Թեպետ կրթությունս ռուսական է։
– Ձեր նոր ալբոմը գրեթե պատրաստ է, ու, թեև սկսել եք ամեն օր մեկ նոր երգ տեղադրել յութուբի Ձեր պաշտոնական ալիքում, բայց ալբոմի շնորհանդեսը կլինի այս տարվա հուլիսի 22-ին: Որքա՞ն ժամանակ եք աշխատել դրա վրա, և ամենակարևորը՝ ի՞նչ տարբերակով է լինելու այն, գիտեմ, որ ավանդական CD ասվածը չի լինելու:
– Ավանդական CD ասվածը չի լինելու, լինելու է 100 օրինակ՝ նվերի տեսքով՝ ֆլեշ քարտերի վրա տեղադրված։ Ալբոմ հասկացությունն էլ է արդեն վերացել, այսինքն՝ հիմա բոլորը հիմնականում սինգլներ են թողարկում։ Սկսել եմ գրել նախորդ տարվա հոկտեմբեր ամսից, առաջին երգը եղել է «Monologue»-ը, երկրորդը՝ «Oblivion»-ը, իսկ վերջինը «Monochrome» երգն էր, որի անունով էլ հենց ալբոմն է լինելու։ Ինչո՞ւ «Monochrome», որովհետև այդ երգն ալբոմի բոլոր երգերը կապեց իրար, և «monochrome» նշանակում է՝ միագույն, սև-սպիտակ։ Ալբոմի մեջ երկու հայերեն գործ կա, մնացածն անգլերենով են, բոլոր երգերը ես եմ գրել, բոլորն ինքս եմ գործիքավորել։
Ընդհանուր ալբոմն իմ քաոսային մտքերի արտացոլանքն է։ Որոշ երգերի մեջ էլեկտրոնային գործիքներ ընդհանրապես չեմ օգտագործել, իրենք ավելի ակուստիկ տարբերակներով են, ինչպես ժամանակակիցներից Ադելի, Սեմ Սմիթի երաժշտությունը, որը չի հնանա։ Այս ալբոմն ավելի շատ արել եմ իմ հնարավորությունները ցույց տալու համար։
Վերջին անգամ CD թողարկել եմ 2012թ., և վերջին 5 տարվա ընթացքում ուրիշների համար գրվող երգերի քանակի պատճառով հերթն ինձ չէր հասնում։ Իմ դեպքում այսպես է՝ եթե երգը գալիս է, պետք է անմիջապես գրեմ, ես չէի հասցնում, ինչը սխալ է. քանի տրվում է՝ պետք է վերցնես։ Այս անգամ որոշեցի, որ ինչ ուզում է՝ լինի, եթե այդ պահին երգը գալիս է, պետք է գրեմ, նոր անցնեմ մյուս գործերիս։
– Միշտ ասում եք, որ չեք ձգտում հայտնի դառնալ, բայց դա կարծես ինքնաբերաբար ստացվում է։ Ինչո՞վ է Ձեզ կաշկանդում հայտնի լինելու գաղափարը։
– Ես չեմ սիրում ավելորդ հայացքներ, չեմ սիրում, երբ ինչ-որ մի տեղ նստում ես, ու բոլորը քեզ են նայում։ Ես սիրում եմ երգել, բեմում գտնվել, բայց երբ բեմից իջնում եմ՝ ուզում եմ լինել սովորական, հասարակ մարդ, որը կարող է տան հագուստով դուրս գալ զբոսնելու։ Իսկ հայտնի լինելը քեզ պարտադրում է անընդհատ լինել իդեալական վիճակում։ Ես չեմ ուզում դիտարկվել՝ որպես օրինակ, երբ ասում են՝ այ, օրինակ՝ ինքը… ո՛չ, ես հաստատ օրինակ չեմ, ես հասարակ մարդ եմ, չեմ ուզում ծառայել օրինակ՝ ինչ-որ մեկի համար, որովհետև ունեմ իմ թերություններն ու լավ կողմերը։