«Մեր պարտքը 2016թ. վերջին կազմել է 5 մլրդ 942 մլն դոլար, որը ՀՆԱ-ի 56.7%-ն է կազմում». Վարդան Արամյան
«2011թ. կեսերից այս կողմ հումքային ապրանքների միջազգային շուկաներում դրսևորվել են բացասական զարգացումներ, որն ազդել է նաև մեր երկրի վրա։ ՀՀ արտահանման մեծ մասը կազմում են հանքահումքային ապրանքները, և փոխանցման մեխանիզմների միջոցով դա ազդում է մեր տնտեսության վրա»,- այսօր ԱԺ-ում, ներկայացնելով Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը, այս մասին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը։
Նրա խոսքով՝ Ռուսաստանի տնտեսությունը տարածաշրջանում ունի էական ազդեցություն, և, ըստ նրա՝ նաև Հայաստանի վրա է ազդել «սանկցիաների պատերազմը», որի արդյունքում ՌԴ-ում տնտեսական անկում է գրանցվել։ Նախարարի խոսքով՝ ՀՀ-ն հիմնական առևտուր անող երկրների մասով 2016թ. ունեցել է համեմատաբար ավելի համեստ աճեր, քան 2015թ.։
«ԵՄ-ում տնտեսական աճը եղել է 1.95%, նախորդ տարվա 2.36%-ի փոխարեն, իսկ մեր առևտրաշրջանառության մոտ 35%-ը բաժին է ընկնում ԵՄ-ին։ 2015թ. ԵՏՄ-ում դիտվել է խորը անկում՝ հիմնականում ՌԴ-ի տնտեսության 3.4% տնտեսական անկման պատճառով։ Այդ անկումը կազմել է 2.4%, այնուհետև վերականգնումը 2016թ. ավելի դանդաղ է եղել՝ 0.1% է կազմել ԵՏՄ-ի տնտեսական աճը»,- ասաց նախարարը՝ ընդգծելով, որ համաշխարհային տնտեսությունում ևս նկատվել է տնտեսական աճի տեմպերի դանդաղում, և 0.2%-ով էլ նվազել է համաշխարհային տնտեսական աճը։
Նախարարը հիշեցրեց, որ այս իրավիճակում տարին ամփոփել են 0.2% տնտեսական աճով, թեև ծրագրված է եղել 2.2% տնտեսական աճ. «Ռուսաստանից եկող տնարսֆերտներն անկում են ապրել շուրջ 38.4%-ով՝ շուրջ 830 մլն դոլար»։
Տնտեսության աճին, նախարարի խոսքով՝ հիմնականում նպաստել են արդյունաբերության և ծառայությունների ճյուղերը.
«0.2% տնտեսական աճի 0.8 տոկոսային կետն ապահովվել է արդյունաբերության հաշվին, 1.9 տոկոսային կետն ապահովվել է ծառայությունների հաշվին։ երկու ճյուղ բացասական են ազդել մեր տնտեսական աճի վրա՝ շինարարությունն ու գյուղատնտեսությունը։ Գյուղատնտեսությունում նկատվել է 5.8% տնտեսական անկում, իսկ շինարարությունում՝ 10.8%: Իհարկե, պետք է հաշվի առնենք, որ շինարարությունը ոչ արտահանելի հատված է և դրա վրա ազդում է պահանջարկի դրսևորումներն ու տրանֆերտները»։
Նախարարի խոսքով՝ դրական աճին նպաստել է նաև մշակվող արդյունաբերությունը և հանքագործությունը։ Նա ընդգծեց, որ 2016թ. եղել է ցածր գնաճային ֆոնով տնտեսական միջավայր.
«Ունեցել ենք 1.4% գնանկում, որին նպաստել է պարենային ապրանքների գնանկումը շուրջ 1.52 տոկոսային կետով, ոչ պարենային ապրանքների գների նվազումը եղել է 2.5%։ Այս պայմաններում եղել է ցածր դեֆլյատոր. տարին ամփոփել ենք 0.5% ՀՆԱ դեֆլյատորի ցուցանիշով, թեև նախանշվել էր 4.4%»։
«Տարվա արդյունքում մեր եկամուտները կազմել են 1 տրիլիոն 171 մլրդ, ծախսերը՝ 1 տրիլիոն 449 մլրդ, և պակսորդը 278 մլդր դրամ»,- ասաց նա։
Ինչ վերաբերում է պետական պարտքին, ապա նախարարը նշեց, որ այն 2013թ. համեմատ շուրջ 14 տոկոսային կետով ՀՆԱ-ի մեջ աճել է.
«Այսպիսի իրավիճակ է դիտվել նաև մեր հարևան երկրներում։ Տարածաշրջանը գտնվել է բացասական զարգացումների ներքո և երկրներն ընտրել են այն քաղաքականությունը, որ հակազդեն այդ բացասական զարգացումներին։ Մեր պարտքը 2016թ. վերջին կազմել է 5 մլրդ 942 մլն ԱՄՆ դոլար, որը ՀՆԱ-ի 56.7%-ն է կազմում։ Նախորդ տարի պարտքի ցուցանիշը ՀՆԱ-ի մեջ եղել է 48.8%»։