Բաժիններ՝

Որ դեպքում դպրոցի տնօրենը կդառնա հանրային դեմք

Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը հարցազրույցներից մեկում հայտարարել էր, որ Հայաստանում դպրոցի տնօրենը պետք է լինի հանրային դեմք, որպեսզի կարողանա դիմանալ տարատեսակ ճնշումներին։ Սա կարևոր դիտարկում է, քանի որ ժամանակակից աշխարհում դպրոցի տնօրենը կառավարությանը և հասարակությանը կամրջող օղակի ղեկավար է դիտարկվում։ Ու եթե տնօրենները չստանան բավարար աջակցություն այդ երկուսին կամրջելու գործառույթն իրականացնելու գործում, ապա նրանք կարող են քարկոծվել ինչպես՝ հասարակության, այնպես էլ՝ կառավարության կողմից։

Իսկ ի՞նչ պետք է անենք, որպեսզի դպրոցի տնօրենը դառնա հանրային դեմք։ Երեք խնդիր պիտի լուծենք։

Առաջին. պետք է ունենանք տնօրենի ընտրության արդար և գործող մեխանիզմ։ Հայաստանը փաստաթղթերով ժողովրդավարացրել է դպրոցի տնօրենի ընտրության գործընթացը։ Այսօր թղթով դպրոցի տնօրենին ընտրում է խորհուրդը, որի կազմում կան ծնողներ, ուսուցիչներ, համայնքի, կառավարման տարբեր մարմինների ներկայացուցիչներ։ Բայց իրականում դպրոցի տնօրենները նշանակվում են։ Վերոնշյալ մարդիկ ընդամենն իրավական տեսք են տալիս այդ նշանակմանը։ Այսինքն՝ մենք այսօր ունենք ավելի վատ համակարգ, քան ունեինք նախկինում։ Նախկինում դպրոցի տնօրենին նշանակում էր նախարարը կամ մարզպետը։ Այս պարագայում կարող էինք պատասխանատվություն պահանջել պաշտոնյայից կադրային քաղաքականության համար։ Այսօր պաշտոնյայի որոշումը փաթեթավորված է խորհրդի անդամների քվեարկությամբ։ Երբ արատավորվում է տնօրենի ընտրության գործընթացը, ապա կրթության համակարգը պարզապես չի կարող ունենալ տնօրենների ուժեղ բանակ։ Նշանակվում են նրանք, ովքեր վերևների հետ լեզու են գտնում։ Լինում են նաև բացառություններ, բայց դա ընդհանուր միջավայրի վրա չի կարող ազդել։

Երկրորդ խնդիրը, որը պետք է լուծել, տնօրեններին գործելու ազատություն տալն է։ Այս խնդիրը հնարավոր կլինի լուծել միայն տնօրենների նորմալ ընտրություն ապահովելուց հետո։ Քանի որ Հայաստանում տնօրենները նշանակվում են, ապա հենց սկզբից հայտնվում են խիստ կախվածության մեջ վերադաս օղակներից։ Տնօրեններին չեն վստահում, յուրաքանչյուր քայլի համար տնօրենը պետք է թույլտվություն ստանա։ 15-20 տարի առաջ տնօրեններն ավելի ազատ էին կարծիք հայտնելու, ընդդիմանալու հարցերում։ Օրինակ՝ բազմաթիվ դեպքեր եմ հիշում, երբ Երևանի շարքային դպրոցներից մեկի՝ թիվ 162 դպրոցի տնօրեն Սիլվա Հակոբյանը հանրային հարթակներում սեփական տեսակետ էր հայտնում, ընդդիմանում էր։ Առողջ համակարգում սրանք նորմալ երևույթներ են։

Կարդացեք նաև

Աշակերտներն ու ուսուցիչները պետք է տեսնեն, որ իրենց տնօրենը դիրքորոշում ունի, ազատ է մտածում, կարող է հրապարակայնորեն արտահայտել իր անհամաձայնությունը։ Այսօր, առանց նախարարության կամ մարզպետարանի թույլտվության, ոչ մի տնօրեն չի խոսի ձեզ հետ։

Միակ տնօրենը, ով հաճախակի և ազատորեն արտահայտում է իր տեսակետները հանրային հարթակներում, Աշոտ Բլեյանն է։ Եթե մարդուն վստահել ենք տնօրենի պաշտոնը, ինչո՞ւ չենք թողնում, որ խոսի իր ամենօրյա աշխատանքի մասին։ Մանավանդ, կառավարության կողմից ընդունված դպրոցի օրինակելի կանոնադրության մեջ այսպիսի կետ կա. «Հանրակրթական դպրոցի գործունեությունը հիմնվում է ժողովրդավարության, մարդասիրության, հանրամատչելիության, թափանցիկության, անձի ազատ զարգացման, ինքնավարության և կրթության աշխարհիկ բնույթի պահպանման, ինչպես նաև ազգային և համամարդկային արժեքների զուգորդման սկզբունքների վրա»:

Անիմաստ է խոսել ինքնավարության, հանրամատչելիության, մարդասիրության մասին, երբ տնօրենների հետ անցկացվող ժողովները հաճախ նմանվում են անկարգապահ աշակերտների հետ անցկացվող զրույցների։ Մեկ կամ մի քանի տնօրենի կողմից կատարված արարքներն ընդհանրացվում են և վերագրվում բոլորին։ Անհատական պատասխանատվության համակարգը չի գործում, թացը խառնվում է չորի հետ, բոլորը դիտարկվում են՝ որպես պոտենցիալ հանցագործներ, որպեսզի ավելի վախվորած գործեն։

Անազատության մյուս դրսևորումն էլ թղթավարության, արտաքին հաշվետվողականության շարունակական ավելացումն է։ Դպրոցներում այսօր շուրջ 2 տասնյակ տարբեր մատյաններ են վարվում։ Տնօրենն ավելի շատ զբաղված է թուղթ սևացնելով, քան ուսումնական գործընթացը բարելավելով։ Համակարգը դպրոցի տնօրենին դիտարկում է՝ որպես մեքենայի պտուտակ։ Իրեն պտուտակի դերում զգացող մարդը չի կարող պատասխանատվություն ստանձնել կրթական բարեփոխումների համար։ Միջազգային փորձը վկայում է, որ կրթական համակարգի միջին և ներքևի օղակներում գտնվող մարդկանցից է կախված համակարգի արդյունավետությունը։

Վարչապետ Կարեն Կարապետյանն անցած շաբաթ ուշագրավ դիտարկում արեց Լոռիում։ «Որքան էլ կառավարությունում խելոք բաներ մտածենք, եթե համայնքը տեղում չաշխատեց, դա կոպեկի գին չի ունենա»,- ասաց վարչապետը։ Ինչքան էլ Կրթության և գիտության նախարարությունը խելոք բաներ մտածի, եթե դպրոցի տնօրենին ազատություն չտանք, ոչինչ չի փոխվի։ Ազատիր մարդուն, և նա կցանկանա արարել։ Մենք տնօրեններին պահում ենք անազատության մեջ և ակնկալում ենք, որ նրանք պետք է փոխեն մեր կրթական համակարգը։

Դպրոցական կրթության ոլորտում հաջողությունների հասած երկրների փորձը ցույց է տալիս, որ տնօրեններին ինքնավարություն տալը հաջողության նախապայման է։ Օրինակ, Սինգապուրը 2000 թվականին փակեց Կրթության տեսչությունը։ Դպրոցներին տրվեց ինքնուրույնություն։ Դպրոցն ամեն տարի ինքնուրույն գնահատում է իր գործունեությունը, հրապարակում դրանք՝ այդպիսով պատասխանատվություն ստանձնելով հանրության առջև։

Ընդդիմախոսները կասեն, որ, եթե Հայաստանի տնօրեններին ինքնուրույնություն տանք, ապա քաոս կլինի։ Հնարավոր է։ Բայց եթե տնօրենների նորմալ ընտրություններ անցկացնենք, ապա այլ պատկեր կունենանք։

Երրորդ խնդիրը, որն անհրաժեշտ է լուծել, համակարգում համագործակցության և երկխոսության միջավայրի ստեղծումն է։ Հայաստանի տնօրենների բանակն այսօր պառակտված է։ Հարևան դպրոցների հարաբերությունները լարված են աշակերտների համար տարվող մրցակցության պատճառով։ Ավագ դպրոցները բողոքում են հիմնական դպրոցներից՝ համարելով, որ այդ դպրոցները երեխաներին նորմալ կրթություն չեն տալիս։ Հիմնական դպրոցները բողոքում են ավագ դպրոցներից՝ համարելով, որ այդ դպրոցներում նորմալ դաս չեն անում։ Տնօրենների տոտալ կուսակցականացման արդյունքում՝ կա նաև մրցակցություն, թե ով ավելի լավ կաշխատի կուսակցության համար։ Մի խոսքով, բոլորը կամ մրցում են իրար հետ, կամ մեղադրում են իրար՝ ջլատելով իրենց ուժերը։ Համագործակցություն չկա։ Այս իրավիճակում՝ նախարարությունը պետք է երկխոսության, քննարկումների հարթակներ ստեղծի։ Տնօրենները պետք է ոչ թե իրարից խոսեն, այլ՝ իրար հետ։ Որքան շատ լինեն այդ հարթակները, այնքան ավելի շատ սովորելու բան կունենան իրարից։ Որքան շատ լինեն այդ հարթակները, այնքան ավելի պարզ կտեսնենք, թե որ տնօրենն ասելիք ունի, իսկ ով անարժան ձևով է դարձել տնօրեն։

Մի խոսքով, գնդակը նախարարության դաշտում է։ Ներկա իրավիճակում տնօրենները քարկոծվում են և՛ վերադասի կողմից, և՛ հասարակության։ Եթե ուզում ենք, որ տնօրենները դառնան հեղինակավոր հանրային դեմքեր, պետք է նորմալ ընտրություններ կազմակերպենք, պետք է ազատություն տանք տնօրեններին և պետք է ձևավորենք համագործակցության, երկխոսության, իրարից սովորելու հարթակներ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս