«Ռուսաստանն այստեղ գործում է բավականին նեղ միջանցքում և ստիպված է հաշվի առնել բազմաթիվ գործոններ»
Հարցազրույց ռուս քաղաքագետ Անդրեյ Արեշևի հետ
– Պարոն Արեշև, ադրբեջանական զինուժն Ալխանլու գյուղում տեղակայված ռազմակայանից ՏՌ-107 տիպի համազարկային հրթիռային կայանքներից կրակ է բացել հարավային ուղղությամբ գործող հայկական զորամասերից մեկի հրամանատարական կետի ուղղությամբ, այդպիսով՝ հայկական կողմին կոպտորեն պարտադրելով պատասխան քայլեր իրականացնել, որոնց հետևանքով խաղաղ բնակիչներ են զոհվել։ Իրադրության սրացումը տեղի է ունեցել Ավստրիայում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման նախաշեմին։ Ձեր կարծիքով՝ կկայանա՞ արդյոք այդ հանդիպումը, և ի՞նչ օրակարգ այն կունենա։
– Ինչպես գիտենք, դա Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների բոլորովին էլ առաջին հանդիպումը չէ, որի նախօրեին նման ձևով սրվում է իրադրությունը։ Ակնհայտ է, որ Բաքվում կան ազդեցիկ ուժեր, որոնք հետաքրքրված չեն, թեկուզև՝ առերևույթ, Ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացով և նման կերպ փորձում են ցույց տալ իրենց ուժն ու անհանդուրժողական դիրքորոշումը հայկական կողմերի հանդեպ։ Սակայն, ես կարծում եմ, որ այդ ուղին անհեռանկարային է և միայն կարող է առաջացնել պատասխան գործողություններ, որոնք, որքանով ես կարող եմ դատել, Ղարաբաղյան կողմը ձեռնարկել է՝ ոչնչացնելով հակառակորդի կրակակետը։ Իսկ Ղարաբաղյան հակամարտության լուծման առաջընթացի հարցում այն անհեռանկարային է, և շատ ցավալի է, որ Բաքվում մինչ օրս ոչ բոլորն են դա ընկալել ու խաղում են խաղաղ բնակիչների, առաջին հերթին՝ սեփական քաղաքացիների կյանքի հետ։
– Այո, Ադրբեջանն իր զինուժը տեղակայում է բնակավայրերում՝ քաղաքացիական բնակչությանն օգտագործելով՝ որպես կենդանի վահան։
– Դա սեփական ժողովրդի նկատմամբ Բաքվի իշխանությունների վերաբերմունքի լավագույն ապացույցն է։ Ցավոք, ոչ միայն նրանք են, որ հետխորհրդային հակամարտություններում այդպիսի ռազմավարություն են որդեգրել։ Եվ, ցավոք, խաղաղ բնակիչները վճարում են քաղաքական գործիչների արկածախնդրության համար։ Դա արդեն ավանդույթ է դարձել և, ըստ ամենայնի, շուտ չի ավարտվի։
– Բուլղարական «Տրուդ» թերթը պարզել է, որ Ադրբեջանը դիվանագիտական չվերթերի քողի տակ զենք է մատակարարել ահաբեկիչներին՝ Սիրիա, Աֆղանստան, Իրաք, Պակիստան, Կոնգո: Ձեր կարծիքով՝ հնարավո՞ր է, որ հայ-ադրբեջանական շփման գծում այս հերթական սրացումն Ադրբեջանի իշխանությունների կողմից այդ սկանդալից միջազգային հանրության ուշադրությունը շեղելու փորձ է։
– Այո, դա բուլղարական «Տրուդ» թերթի առաջին մանրակրկիտ հետաքննությունը չէ, որ նվիրված է Մերձավոր Արևելքում գործող ծայրահեղական խմբավորումներին ու կազմակերպություններին զենքի մատակարարումների մեխանիզմների և ուղիների բացահայտմանը։ Ես հետևում եմ այդ թերթի հրապարակումներին և պետք է ասեմ, որ դրանք բավականին լայն արձագանք են առաջացնում Սիրիայում Ռուսաստանի մղած հակաահաբեկչական պայքարի համատեքստում, նաև՝ ընդհանուր Մերձավոր Արևելքում։ Եվ Ադրբեջանի այդպիսի գործունեությունն ուշագրավ է։ Ես կարծում եմ, որ ձեր նշած պատճառահետևանքային կապը բոլորովին չի կարելի հերքել՝ այս վերջին սրացման հետ կապված։ Տեղեկատվական պատերազմի օրենքներն այնպիսին են, որ, իհարկե, անհրաժեշտ է որոշակի ավելի մեծ աղմուկ, որպեսզի նախորդած իրադարձությունների մասին մարդիկ չհիշեն կամ ավելի քիչ հիշեն։ Բայց ամեն դեպքում, ես չեմ կարծում, որ դա կառուցողական և ճիշտ մոտեցում է, քանի որ ամեն գաղտնիք մի օր բացահայտվում է։
– Իսկ Ձեր կարծիքով՝ Ռուսաստանը կամ միջազգային հանրությունը չպե՞տք է Ադրբեջանի հանդեպ ավելի գործուն մեխանիզմներ կիրառեն՝ տնտեսական պատժամիջոցներից՝ մինչև նույնիսկ քաղաքական մեկուսացում։
– Կարծում եմ՝ գործուն մեխանիզմները պետք է կիրառվեն բոլոր ուժերի հանդեպ, որոնք, ուղղակի թե անուղղակի, աջակցում են Մերձավոր Արևելքում ահաբեկչությանը, ծայրահեղական խմբավորումներին, իսկ դա սուբյեկտների մի ողջ շարք է։ Եվ մենք գիտենք, որ այդ բնույթի փաստերը կիրառելի են տարբեր երկրների հանդեպ, դրանք բազմիցս ջրի երես են դուրս եկել, բայց, ցավոք, այդպիսի տեղեկությունները գործնականում մեծ ազդեցություն չեն ունենում, որովհետև, ինչպես գիտենք, ահաբեկչական խմբավորումների գործողությունները պայմանավորված են նաև որոշ գերտերությունների, տարածաշրջանային ազդեցիկ պետությունների քաղաքականությամբ։ Այդ պատճառով է, որ Սիրիական հակամարտությունը չի լուծվում 7 տարի շարունակ և, անկեղծորեն, չունի, այսպես ասած, արագ լուծում։ Ցավոք, բոլոր երկրները, այդ թվում՝ Ռուսաստանը, այստեղ գործում են բավականին նեղ միջանցքում և ստիպված են հաշվի առնել բազմաթիվ գործոններ, այդ թվում՝ փոխհարաբերություններն Ադրբեջանի հետ։ Բայց դա վերաբերում է ոչ միայն Ռուսաստանին, այլև ցանկացած այլ երկրի։
– Հայաստանն ու միջազգային միջնորդներն աջակցում են հրադադարի ռեժիմի ամրապնդմանը՝ որպես քաղաքական կարգավորման վերսկսման պայման։ Քաղաքական երկխոսությունը ե՞րբ կվերսկսվի։
– Առանց կողմերի միջև վստահության միջոցների ամրապնդման՝ հետագա քայլեր չեն կարող ձեռնարկվել Ղարաբաղյան խնդրի շուրջ բանակցություներում, իսկ որպեսզի այդ միջոցառումները պատշաճ կերպով իրականացվեն, անհրաժեշտ է ստեղծել այնպիսի պայմաններ, երբ բոլոր երկրները, այդ թվում՝ Ադրբեջանը, կհասկանան, որ ռազմական ուղին չի կարող այլընտրանք լինել։ Ես կարծում եմ, որ այստեղ, իհարկե, որոշակի քաղաքական ճնշում պետք է կիրառվի Բաքվի հանդեպ։ Կարվի՞ դա, թե՞ ոչ, կամ ի՞նչ չափով կարվի, այդ հարցերը պետք է ուղղել քաղաքական գործիչներին և դիվանագետներին։
– Որոշ վերլուծաբաններ գտնում են, որ բանակցային գործընթացը փակուղում է, որից դուրս գալու համար անհրաժեշտ է փոխել բանակցային ձևաչափը, և պաշտոնական Ստեփանակերտը լիարժեքորեն մասնակցի բանակցություններին։
– Նման բնույթի խորհրդակցություններ և բանակցություններ տարբեր մակարդակներում, որքան տեղյակ եմ, տարվում են, այդ թվում՝ դիտարկվում է պաշտոնապես Լեռնային Ղարաբաղը բանակցություններում ներգրավելու հարցը։ Բայց քանի որ հակառակ կողմը կտրականապես դեմ է արտահայտվում, մենք հասկանում ենք, որ դա դժվար թե տեղի ունենա մոտ ապագայում։ Այնուամենայնիվ, Ղարաբաղը մասնակցում է բանակցություններին, և Ստեփանակերտը փաստացի ներառված է ԵԱՀԿ Մինսկի խմբի այցելություններում։ Ինչ վերաբերում է ԵԱՀԿ ՄԽ ձևաչափի ընդլայմանը կամ որևէ ձևով փոփոխմանը, ապա մենք գիտենք, որ այդպիսի ձևաչափեր եղել են, գործել են, օրինակ՝ Պրահյան ձևաչափը, որ մի շարք հանդիպումներ եղան 2000-ականների սկզբներին, անգամ՝ նախագահների մակարդակով, երբ թվում էր, թե, եթե անգամ վերջնական լուծումը դեռևս գտնված չէ, ապա առնվազն գործընթացը բավականաչափ արագ է գնում։ Բայց ի վերջո՝ մենք տեսանք, որ այդ բոլոր ձևաչափերն անհաջողության են մատնվել, և տեսնում ենք, որ յուրաքանչյուր հանդիպում ԱԳ նախարարների մակարդակով զուգորդվում է իրադրության այսպիսի լարումով և տխուր հանգամանքներով։ Որոշակի փակուղային զգացում կա։ Թե ինչպե՞ս դուրս գալ դրանից, անխոս, կարծում եմ՝ դրա ճանապարհն իրականության գիտակցումն է։
– Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները մնում են թղթի վրա, Ադրբեջանը հրաժարվում է դրանք կատարել։ Ինչպե՞ս կարելի է Բաքվին ստիպել, կամ ի՞նչ կարելի է անել, որ դրանք կյանքի կոչվեն։
– Մենք հասկանում ենք, որ Ղարաբաղյան հակամարտությունը միակը չէ, որի շուրջ պարբերաբար տեղի է ունենում ձեռք բերված պայմանավորվածությունների տապալում։ Դրա երկրորդ վառ օրինակը Դոնբասն է, որտեղ ո՛չ ԵԱՀԿ-ն, ո՛չ մյուս միջնորդները չեն կարողանում ոչինչ անել, որ այդ հակամարտությունն ավարտվի։ Ցավոք, իմ կարծիքով՝ այս փուլում չկա այլ ճանապարհ, քան ամրապնդել հայկական կողմերի պաշտպանունակությունը, որը, վաղ թե ուշ, Ադրբեջանի իշխանությանը կբերի այն գիտակցության, որ անընդունելի և անհնար է Ղարաբաղյան հակամարտությունը լուծել ուժային ճանապարհով, նաև անարդյունավետ է հայկական կողմերը հյուծելու քաղաքականությունը, որն այժմ որդեգրել են Բաքվում։
– Սակայն վերջերս Ռուսաստանը սպառազինության հերթական խմբաքանակը մատակարարեց Ադրբեջանին, հիմնականում՝ հարձակողական տեխնիկա։ Չե՞ք կարծում, որ Մոսկվայի այս բիզնեսը նպաստում է ոչ թե՝ պատերազմի խաղաղեցմանը, այլ՝ թեժացմանը։
– Ժամանակակից զենքի մատակարարումերի հարցը կողմերին բավականին սուր է, և այդ թեման առավելապես փակ է։ Այն դեպքը, որի մասին դուք նշեցիք, հիմնվում է հիմնականում ադրբեջանական աղբյուրների հաղորդումների վրա, բայց մենք գիտենք, որ Բաքուն մշտապես փորձում է սասանել ռուս-հայկական հարաբերությունները և Հայաստանում սերմանել խուճապ, կամ անվստահություն՝ Հարավային Կովկասում Ռուսաստանի քաղաքականության որոշ ասպեկտների կապակցությամբ։ Հասկանալի է, որ այդ հարցը շատ բարդ է, այն բարձրացվել է իշխանության վերին օղակների մակարդակով։ Հստակ կարող եմ ասել, որ Ռուսաստանը հետաքրքրված չէ Ղարաբաղյան հակամարտության թեժացմամբ և լայնամասշտաբ պատերազմի վերսկսմամբ, և ցանկացած պարագայում կանի ամեն ինչ, որպեսզի պահպանի սպառազինության բալանսը հակամարտության կողմերի միջև՝ հաշվի առնելով, իհարկե, որ չնայած տնտեսական ճգնաժամին՝ Բաքուն ավելի մեծ ֆինանսական հնարավորություններ ունի արդիական զինատեսակներ ձեռք բերելու համար։
– Բայց Մոսկվան այդ տեղեկությունները չի հերքել, որ կրկին զենք է մատակարարել Ադրբեջանին։
– Հայտնի է, որ ռուս-ադրբեջանական համապատասխան պայմանագիր կա, և, ըստ երևույթին, այն իրականացվում է։ Ես այդ հարցում կհիմնվեի ռուսական կողմի պաշտոնական տեղեկատվության վրա, եթե այն լինի, իհարկե։